Ասցիտի նվազագույն ինվազիվ բուժումը կամ որովայնի խոռոչի միջմաշկային դրենավորումը ուլտրաձայնային հսկողության տակ
Ասցիտը որովայնի խոռոչում ազատ հեղուկի ախտաբանական կուտակումն է: Ասցիտը ոչ թե առանձին հիվանդություն է, այլ ինչ-որ հիվանդության դրսևորում։
Ասցիտի հիմնական պատճառներն են.
- Լյարդի ցիռոզը,
- Սրտային անբավարարությունը,
- Ուռուցքաբանական հիվանդությունները (առավել հաճախ ձվարանի, արգանդի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, ստամոքսի չարորակ նորագոյացությունները),
- Երիկամային անբավարարությունը։
Լինում են նաև ավելի հազվադեպ պատճառներ, օրինակ պոլիսերոզիտը՝ ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշի ֆոնին՝ արտամարմնային բեղմնավորման նախապատրաստվելու ժամանակ և այլն։
Կլինիկորեն ասցիտը դրսևորվում է որովայնի ծավալի զգալի մեծացումով։ Միաժամանակ որովայնում առաջանում են ճնշող ցավեր։ Հեղուկի մեծ քանակի կուտակման դեպքում առաջանում է հևոց, դժվարաշնչություն և օդի պակասի զգացում հատկապես պառկած վիճակում։«Լարված» ասցիտների դեպքում հևոցն ու դժվարաշնչությունն այնքան զգալի է դառնում, որ հիվանդը չի կարողանում երկար ժամանակ պառկել, և նույնիսկ ստիպված է լինում քնել կիսանստած վիճակում։ Այս իրավիճակը պահանջում է պացիենտի հոսպիտալիզացիա։
Զգալի քանակի ասցիտի պարագայում որովայնը հավասարաչափ մեծացած է, փքված, որովայնի մաշկը ձգված է: Պորտալ հիպերտենզիայի դեպքում ասցիտը կարող է զուգակցվել որովայնի առաջային պատի ենթամաշկային երակների լայնացմամբ՝ այն կոչվում է «մեդուզայի գլուխ»:
Հաճախ առաջանում է պորտի արտանկում՝ ներորովայնային ճնշման զգալի բարձրացման պատճառով: Երբ ասցիտով պացիենտը ընդունում է հորիզոնական դիրք, հեղուկը տեղաշարժվում և կուտակվում է որովայնի խոռոչի կողմնային հատվածներում: Արդյունքում որովայնը ընդունում է փռված դիրք: Սա հայտնի է որպես «գորտի որովայն» ախտանիշ: Հեղուկի մեծ ծավալներով կուտակման դեպքում որովայնը դառնում է չափերով մեծ, լարված և գրեթե չի փոխում իր ձևը՝ մարմնի հորիզոնական դիրքի ժամանակ: Որովայնի շոշափման ժամանակ կարող է հայտնաբերել լյարդի և փայծաղի չափսերի մեծացում (հեպատոմեգալիա, սպլենոմոգալիա),որոնք հաճախ կապված են պորտալ համակարգով արյան հոսքի դժվարացման հետ:
Ասցիտի ախտորոշումը դրվում է գանգատների և կլինիկական պատկերի հիման վրա։ Ախտորոշումը հաստատելու, ինչպես նաև որովայնում ազատ հեղուկի քանակը որոշելու համար կատարվում է որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն:
Ասցիտի համալիր բուժման մեջ հիմնական նպատակը բուն հիվանդության կոմպենսացիան է։ Բացի այդ, կան մի շարք դեղամիջոցներ (օրինակ՝ միզամուղները, ալբումինը), որոնք որոշակիորեն կարող են նվազեցնել որովայնի խոռոչում կուտակված հեղուկի քանակը և/կամ դանդաղեցնել դրա կուտակման արագությունը։
Սակայն «լարված» ասցիտի առկայության դեպքում կամ պահպանողական միջոցների անարդյունավետության դեպքում (երբ հեղուկը շարունակում է արագ կուտակվել որովայնի խոռոչում), ցուցված է հեղուկը հեռացնել։Այս միջամտությունը կոչվում է լապարոցենտեզ։ Սակայն լապարոցենտեզ իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ օրգանիզմից մեծ քանակությամբ հեղուկի միանգամից արագ հեռացումը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կտրուկ անկման և կոլապսի (ուշագնացության): Ուստի խորհուրդ է տրվում լապարոցենտեզի ժամանակ հեղուկը հեռացնել դանդաղ, և որ ամենակարևորն է հեղուկը դատարկել կոտորակային։ Ներկայումս առավել նախընտրելի է որովայնի խոռոչի միջմաշկային դրենավորումը ՈՒՁՀ հսկողության տակ։
Միջամտությունն իրականացվում է ասեպտիկայի և հակասեպտիկայի բոլոր կանոնների պահպանմամբ։ Ասցիտների դեպքում որովայնի խոռոչի դրենավորումն իրականացվում է տեղային անզգայացման տակ։ Ուլտրաձայնի օգնությամբ որոշվում է որովայնի խոռոչում հեղուկի ամենամեծ կուտակման տեղը և դրենաժի տեղադրման ամենաանվտանգ կետը։
Դրանից հետո կատարվում է կտրվածք 3-5 մմ, որի միջոցով տեղադրվում է դրենաժը: Դրենաժը կարվում է մաշկին:Դրենաժն ամրացվում է խողովակին, որի ծային առկա է ծորակ. այն թույլ է տալիս բացել և փակել խողովակի լուսանցքն աստիճանաբար՝ ասցիտիկ հեղուկը մաս-մաս բաց թողնելու նպատակով։ Ախտորոշիչ և բուժական նպատակներով անհրաժեշտ է իրականացնել ասցիտիկ հեղուկի բակտերիոլոգիական և ցիտոլոգիական հետազոտություններ:
Միջամտությունը չի ուղեկցվում ցավերով, և հեղուկի դատարկման հետ մեկտեղ հիվանդն անմիջապես զգում է ընդհանուր վիճակի թեթևացում, շնչառության լավացում, և հանգիստ կարողանում է պառկել մեջքի վրա: Դրենաժը կարող է մնալ մի քանի օրից մինչև 2-4 շաբաթ։
Ասցիտով, պացիենտի որովայնի խոռոչի դրենավորումը ուլտրաձայնային հսկողության տակ թույլ է տալիս խուսափել վտանգավոր բարդություններից (աղիների կամ մեծ արյունատար անոթի վնասումից): Վերջինս հատկապես վերաբերում է այն պացիենտներին, ովքեր նախկինում տարել են որովայնի խոռոչի օրգանների վիրահատություններ և հավանական է ունեն կպումներ։
Այսպիսով, որովայնի խոռոչի միջմաշկային դրենավորումը ուլտրաձայնային հսկողության տակ ընտրության մեթոդ է կրկնակի լապարոցենտեզի համար:
Նյութը ՝ ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ,
Աստղիկ ԲԿ վիրաբույժ,
բ․գ․թ․ Հայկ Վաչագանի Հարությունյան