Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՀՀ-ում կանայք ավելի շատ նախընտրում են երեխա ունենալ կեսարյան հատման միջոցով. որն է պատճառը, և ինչ վտանգներ ունի այն

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը: Ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է դրանցով:

 Թե ինչո՞վ է պայմանավորված այս աճը, ՀՀ առողջապահական գերատեսչությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է հետազոտություն՝ դրանք պարզելու համար: Հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո կմշակվեն համապատասխան ծրագիր:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը նկատում է՝ կնոջ ցանկությամբ պարզապես կեսարյան հատման գնալու ցուցում հայաստանյան առողջապահական ոլորտում չի գործում։ Եթե հղի կինը ցանկանում է ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով, նախ պետք է հասկանալ՝ որևէ պատճառ կա՞ այդ քայլին գնալու համար, թե՞ զուտ ցանկություն է։ Ըստ բժշկի՝ եթե որևէ խնդիր չկա, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը հղիի համար լավագույն որոշումն է։

«Կանայք փորձում են պլանավորված գնալ ծննդաբերության, նրանց թվում է՝ կեսարյան հատմամբ իրենց ավելի հարմարավետ կզգան, բայց եթե բժշկի ցուցում չկա, ճիշտը բնական ծննդաբերությունն է։ Կեսարյան հատման դեպքում այլ պատճառներ կան նաև․ արհեստական վերարտադրողական տեխնոլոգիաներով հղիացած կանայք, որոնք ունեն տարիքային կամ կյանքի պատմության բավականին լուրջ պատճառներ, բազմապտուղ հղիության դեպքում, եթե կան ինչ-որ ռիսկեր, գնում են կեսարյան հատման»,- ասում է Գրիգորյանը։

Բժշկի խոսքով՝ մեր հասարակությունն սկսել է ավելի քիչ հանդուրժող լինել, այդ պատճառով է նաև երբեմն որևէ խնդրի դեպքում, որը, սակայն, այդքան էլ բարդ չի լինում, դիմում են կեսարյան հատման։ Միևնույն ժամանակ կեսարյան հատման գնացող կանայք փորձում են խուսափել մի քանի պատճառներից․ «Շեկի դեֆորմացիայից, կոնքի մկանների ձևափոխությունից, նրանց թվում է՝ կեսարյանն ամենավստահելի ճանապարհն է: Սակայն կեսարյան հատումը ռիսկեր է ավելացնում, եթե խնդիր չկա։ Օրինակ՝ հատվում է որովայնը, որը բնական ճանապարհի դեպքում որևէ կերպ չի հատվում։ Ռիսկեր կան հետծննդաբերական շրջանում՝ արյունահոսություն, թարախա-սեպտիկ և թրոմբոէմբոլիկ բարդություններ կարող են առաջանալ»։

Բնական ճանապարհով ծննդաբերությունը, ըստ մասնագետի, կապված է ավելի քիչ ռիսկերի հետ։ Եթե կեսարյան հատման դեպքում հղին հիվանդանոցում գտնվում է 72 ժամ, ապա բնական ճանապարհովի դեպքում՝ 48 ժամ, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում։

«Բնական ճանապարհն ավելի նախընտրելի է նորածնի համար, նրա հոգեբանական, էմոցիոնալ, բնական զարգացման, կերակրման խնդիրների հետ կապված։ Եթե առաջին հղիությունը կինն ունեցել է կեսարյան հատման ճանապարհով, ապա երկրորդի դեպքում, եթե որևէ ցուցում ու խնդիր չկա, կարող է ունենալ բնական միջոցով։ Բժիշկն է որոշում՝ ուսումնասիրելով, թե առաջինի դեպքում ի՞նչ խնդիրներ են եղել»,- նշում է նա։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook