Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել սրտի զարկերի արագացումը

Սրտի զարկերի արագացումը բավական տարածված խնդիր է, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում դրան՝ համարելով այն ոչ շատ կարևոր, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ անոթազարկի հաճախակի արագացումը լուրջ խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել մի շարք վտանգավոր խանգարումներով։

Սրտաբան Յուրի Կրեմնյովի խոսքով՝ սրտի զարկերի արագացումը լուրջ պատճառ է մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու համար, քանի որ այն կարող է հուշել մի շարք վտանգավոր խնդիրների, այդ թվում անգամ նյարդային համակարգի կամ ներզատական համակարգի խանգարումների մասին։ Բժշկի խոսքով՝ նման դեպքերում հատուկ բուժզննումը թույլ կտա մասնագետին հստակ պարզել խանգարման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը։

Միևնույն ժամանակ Կրեմնյովը նախազգուշացնում է, որ հևոցով ու այտուցներով ուղեկցվող սրտխփոցն արդեն իսկ վկայում է սրտամկանի աշխատանքի չափազանց լուրջ խանգարումների մասին, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես բացատրում է սրտաբանը, անոթազարկի արագացումը կարող է լինել սրտային անբավարարության մասին հուշող ախտանշան, սակայն այս խնդրով կարող են դրսևորվել նաև նյարդային կամ էնդոկրին համակարգերի հետ կապված դիսֆունկցիաները, ուստի նման հավանականությունը ևս չի կարելի բացառել։

Ներզատաբան Անտոն Պոլյակովն իր հերթին ընդգծում է, որ սրտխփոցն ու անոթազարկի արագացումը կարող են լինել նաև շաքարային դիաբետով, ճարպակալումով ու լիպիդեմիայով պայմանավորված վտանգավոր խանգարումների մարկերները։ Բացի այդ, դրանց առկայությունը կարող է լինել նաև զարկերակային բարձր ճնշման պատճառ։

Ինչպես նախազգուշացնում է մասնագետը, նման դեպքերում խնդիրն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել ու դառնալ աթերոսկլերոզի զարգացման                   պատճառ, իսկ այս վտանգավոր հիվանդությունն իր հերթին կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի զարգացման, իսկ հետագայում նաև մահվան։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook