Ինչպես խուսափել խիստ դիետաների ժամանակ ի հայտ եկող բարդություններից

Խիստ դիետաների ժամանակ կամ դրանցից հետո մարդկանց մոտ հաճախ են նկատվում կողմնակի բարդություններ, որոնք դրսևորվում են աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներով, հաճախակի փորկապություններով, գազերի կուտակմամբ, ստամոքսում ծանրության զգացումով կամ աղիների աշխատանքի խանգարմամբ: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նիհարող մարդիկ մյուսներից ավելի շատ են հակված մրսածության:

Սննդաբանների խոսքով՝ նման խնդիրների առկայությունը պայմանավորված է սննդակարգում արված փոփոխություններով, քանի որ ցանկացած դիետա առաջին հերթին սթրես է ամբողջ օրգանիզմի համար:

Նշված ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում ավելի շատ հեղուկ օգտագործել (օրական 2.5-3 լիտր): Բացի այդ, անհրաժեշտ է սնվել հաճախ ու փոքր չափաբաժիններով, ինչպես նաև ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ: Օրվա ընթացքում օգտագործվող մթերքը հարկավոր է բաժանել հավասար մասերի և օգտագործել 2-3 ժամը մեկ:

Շատ օգտակար կարող են լինել նաև թեյերն ու բուսական թուրմերը: Օրինակ՝ կարելի է խմել կանաչ թեյ, անանուխի կամ երիցուկի թուրմ և այլն: Այս ըմպելիքները կօգնեն կարգավորել ստամոքսահյութի ու սննդի քայքայման համար անհրաժեշտ ֆերմենտների արտադրության գործընթացը և կազատեն փորափքանքից:

Եթե ձեռնարկված միջոցներն անարդյունավետ են լինում, ապա հարկավոր է փոխել սննդակարգը, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն սխալ է ընտրված: Օրինակ՝ զգալի ավելորդ քաշ ունեցողներին չեն համապատասխանում սպիտակուցային դիետաները, ուստի դրանցից հարկավոր է հրաժարվել: Բացի այդ, այս դիետաները չեն համապատասխանում նաև այն մարդկանց, որոնք տառապում են երիկամների հիվանդություններից, հոդատապից կամ մարսելախանգարումից:

Դժվարամարս սպիտակուցները կարելի է փոխարինել դյուրամարս սպիտակուցներով (օրինակ՝ հավի կրծքամսով կամ ձկան մսով): Նման դեպքերում կողմնակի բարդությունները պայմանավորված են լինում իմունային համակարգի թուլացմամբ, ինչի պատճառ կարող է դառնալ օրգանիզմում հեմոգլոբինի ու վիտամինների մակարդակի նվազումը, ուստի նման խնդիրներից խուսփելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել վիտամին C-ով հարուստ մրգեր (նարինջ, թուրինջ և այլն), ինչպես նաև նուռ, որը կօգնի կարգավորել հեմոգլոբինի մակարդակը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook