Հղիությունը ձմռանը. ինչին է պետք հետեւել

Ձմեռը սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման սեզոնն է: Իսկ դրանք վտանգավոր են հղիության յուրաքանչյուր եռամսյակում: 

Doctors.am-ը ներկայացնում է քայլեր, որոնց պետք է հետեւել ձմռանն առողջ եւ թեթեւ հղիություն ունենալու համար:

Խուսափել հիվանդանալուց

Հղիության առաջին եռամսյակում սուր շնչառական վարակները կարող են բացասաբար ազդել էմբրիոնի նորմալ ձեւավորման վրա, ինչի հետեւանքով վիժման հավանականությունը կարող է աճել, ինչպես նաեւ երեխայի մոտ կարող են անոմալիաներ զարգանալ:

Հղիության երկրորդ եւ երրորդ եռամսկայում սուր շնչառական վարակները կարող են բարդությունների կամ վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:

Այս եւ այլ բարդություններից խուսափելու համար պետք է՝

  • սուր շնչառական վարակների ակտիվացման շրջանում խուսափել հաճախել այնպիսի վայրեր, ուր մարդկանց կուտակումներ կան:
  • գերծանրաբեռնված ժամերին խուսափել հասարակական տրանսպորտից օգտվել
  • տանը չհյուրընկալել հիվանդ մարդկանց եւ երեխաներին, հատկապես, եթե վերջինները մանկապարտեզ են հաճախում
  • խուսափել հյուր գնալ այն մարդկանց տուն, որտեղ հիվանդներ կան
  • հաճախ լվանալ ձեռքերը օճառով
  • հաճախակի օդափոխել տարածքը, որտեղ գտնվում եք:

Հիշեք, որ սուր շնչառական հիվանդությունների առաջին իսկ նշանների դեպքում պետք է այցելել բժիշկի եւ խուսափել հիվանդությունը «ոտքի վրա» տանելուց:

Խուսափել մրսելուց

Գաղտնիք չէ, որ հղիների իմունիտետը թույլ է եւ անգամ թեթեւ մրսելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ: Օրինակ՝ փոքր կոնքի օրգանների հիվանդությունները (ցիստիտ, պիելոնեֆրիտ) հաճախ կարող են առաջանալ մրսելու արդյունքում: Իհարկե, գլխավոր դերը կատարում է վարակը, սակայն սառչելու հետեւանքով արյունատար անոթների սպազմը քիչ ազդեցություն չունի այս հարցում: Հետեւաբար, ձմռանը պետք է խուսափել մրսելուց:

Դրա համար, իհարկե, պետք է ավելի տաք հագնվել: Նախապատվությունը տալ երկար վերարկուներին եւ բաճկոններին, միեւնույն ժամանակ խուսափել ծանր մուշտակներից, որոնք անհարմար են հատկապես հղիության վերջին ամիսներին:

Հաճախակի զբոսնել

Մաքուր օդը, զբոսանքները անհրաժեշտ են հղի կանանց տարվա ցանկացած եղանակին: Զբոսանքը լավացնում է արյան շրջանառությունը, հրաշալի պրոֆիլակտիկա է երակների վարիկոզ լայնացման դեմ, օգնում է պայքարել քաշի ավելացման դեմ: Սակայն այստեղ էլ պետք է զգուշավոր լինել՝ խուսափելով սառցապատ տարածքներից:

Պետք է խուսափել նաեւ դահուկային սպորտից եւ չմուշքներով սահելուց, եւ ընդհանրապես, ձմեռային ցանկացած էքստրեմալ սպորտաձեւից:

Ձմռանը հատկապես կարեւոր է կոշիկի ընտրությունը: Ստիպված եք հրաժարվել բարձրակրունկներից, ինչպես նաեւ՝ շատ կապիչներ եւ ամրակներ ունեցող տեսակներից: Որքան պարզ լինի կոշիկը, այնքան՝ լավ:

Ստանալ անհրաժեշտ վիտամիններ

Ապագա մայրիկներին հղիության բոլոր փուլերում շատ կարեւոր է բալանսավորված սնունդ ընդունել եւ ստանալ բավարար քանակությամբ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ:

Ձմռանը ստանալ վիտամիններ ոչ սեզոնային մրգերից եւ բանջարեղենից, որոնք վաճառվում են խանութում, այդքան էլ լավ միտք չէ: Լավ կլինի, եթե դեռ ամառվանից պատրաստվեք ձմռանը՝ սառցարանում Ձեզ անհրաժեշտ մթերքը պահելով: Դրանք սառչելուց չեն կորցնում իրանց օգտակար հատկությունները, իսկ խանութից ավելի լավ է գնել միայն սեզոնային մրգեր ու բանջարեղեն:

Ի դեպ, չրերը նույնպես օգտակար են եւ կարող են փոխարինել քաղցրավենիքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook