Friday, April 26, 2024
Նորություններ

ԱՀԿ-ի ղեկավարը կապկի ծաղկի բռնկումն արտակարգ դրություն Է հայտարարել առողջապահության բնագավառում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել կապկի ծաղկի բռնկումը, որը միջազգային մասշտաբի մտահոգություն է առաջացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համապատասխան որոշում կայացնելու մասին նա հայտարարել է շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ունենք բռնկում, որն արագ տարածվեց աշխարհում փոխանցման նոր ձևերով, որոնց մասին մենք շատ քիչ պատկերացում ունենք և որը բավարարում է միջազգային բժշկասանիտարական կանոնների չափանիշներին,- ասել է նա: – Այդ պատճառներով ես որոշեցի, որ կապկի ծաղկի գլոբալ բռնկումը առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է իրենից ներկայացնում, որը միջազգային մասշտաբի մտահոգություն է առաջացնում»:

Ավելի վաղ ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեն հուլիսի 21-ին կայացած իր երկրորդ հանդիպմանը չի կարողացել համաձայնության հասնել այդ հարցի շուրջ:

Կազմակերպության ղեկավարի տվյալներով՝ «ներկայում 75 երկրներում և տարածքներում գրանցվել է վարակման ավելի քան 16 հազար և մահվան հինգ դեպք»: «Կապկի ծաղկի [տարածման} ռիսկը չափավոր է գլոբալ մասշտաբով և բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի, որտեղ այն գնահատվում է որպես բարձր», – ընդգծել է նա:- Գոյություն ունի նաև հետագա միջազգային տարածման ակնհայտ ռիսկ, թեև հավանականությունը, որ բռնկումը կհանգեցնի միջազգային տեղաշարժերի խոչընդոտների, այս պահին մնում է ցածր»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook