Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն:

Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:

Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով` կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից  սպասարկման կարիք ունեին:

365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը:

Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար:

Շնորհակալ եմ բոլոր-բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին` կրկին գիտակցում եմ, որ դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետներ, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին:

Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության, ենթակա մարմինների աշխատակազմերին` այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար:

Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ ուժ ու եռանդ` մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար:

Սիրով և հարգանքով,

Արսեն Թորոսյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook