Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից

Կանանց տոնի շնորհավորական բացիկ՝ արցախյան պատերազմում վիրավորված զինվորի ձեռքով: Գաղափարը Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որին միացել են նաև արվեստի ու սպորտի աշխարհահռչակ հայ գործիչները:

Մարտի 8-ի շնորհավորական բացիկով կարելի է ոչ միայն շնորհավորել կանանց, այլև աջակցել Արցախում վիրավորված ու մինչ օրս վերականգնողական բուժում ստացող հայ զինվորին: Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի այս գաղափարն արդեն իրականություն է: Գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները:

«Կարևոր չէր, որ զինվորն ամբողջական բացիկը նկարեր: Կարևոր էր, որ նա վրձինը ձեռքն առներ ու հասակակից թերլեմեզյանցիների օգնությամբ իր հերոսության մի մասնիկը փոխանցեր բացիկին, որը հասցեատիրոջը հասնելով` նրան էլ պիտի մասնակից դարձնի իր սխրանքին»,- Արմեն Մուրադյանը Sputnik Արմենիայի խնդրանքով ներկայացրեց նախաձեռնության գաղափարական նշանակությունը:

Վերականգնողական բուժմանը զուգահեռ մասնագետները կարևորում են նաև զինվորների հոգեբանական վերականգնման՝ սոցիալականացման անհրաժեշտությունը: Բացիկների պատրաստման գործընթացը, նկարչությունը դրա լավագույն տարբերակներից են: Իսկ հասարակության մասնակցությունը ծրագրին զինվորին պետք է ևս մեկ անգամ վստահեցնի՝ նրա կարիքը հայրենիքն այսօր էլ ունի:

6582198

«Մեր տղաները վնասվածքները ստացել են ոչ թե դահուկ քշելիս կամ դժբախտ պատահարի հետևանքով, այլ մեր ու մեր երեխաների անվտանգությունն ապահովելիս, մեր երկրի ու պետականության սահմաններն անառիկ պահելիս, և կարծում եմ` նրանց յուրաքանչյուրի վնասվածքների մի մասը նաև մերն է, և նրանց վերականգնման գործընթացին մասնակցելը դառնում է բոլորիս պարտքը»,- ասաց Մուրադյանը:

Ծրագրի առաջին իսկ օրից Արմեն Մուրադյանը չի կասկածել դրա հաջողությանն ու հասարակական մասնակցությանը:

Հայ զինվորի ձեռքով պատրաստված հարյուրավոր բացիկներն այսօր սպասում են իրենց հասցեատերերին:

Դրանք գնելու ցանկություն հայտնողներն արդեն այնքան շատ են, որ ծրագրի հեղինակները վախենում են չհասցնեն բավարարել պահանջարկը: Պաշտպանության նախարարությունն առաջին պետական կառույցն է, որ ցանկություն է հայտնել այս տարի կանանց շնորհավորել հենց զինվորի պատրաստած բացիկներով: Խորհրդանշական ակցիային միացել են նաև արվեստի ու սպորտի մի շարք գործիչներ՝ նկարիչ Նուռը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նաև ներկա է եղել ու մասնակցել է բացիկների ստեղծման աշխատանքներին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը պատրաստվում է այս տարի մարտի ութին իր հարազատներին հենց այդ բացիկներով շնորհավորել:

Բացիկների մի խմբաքանակը վաճառքի է հանվելու երևանյան ծաղկի ու հուշանվերների խանութներում: Վաճառքից ստացված հասույթն էլ ուղղվելու է վերականգնողական նոր կենտրոնի վերանորոգմանը, որտեղ հերոս զինվորները պետք է շարունակեն իրենց ապաքինումը:

«Այս բացիկներից յուրաքանչյուրին զինվորի ձեռք է դիպել: Ինձ համար դրանք անգին են»,- ցույց տալով իր աշխատասեղանին դրված բազմաթիվ բացիկները՝ ասաց Մուրադյանը։ Հետո առանձնացնացրեց դրանցից մեկն ու ավելացրեց. «Սա ամենաառաջին պատրաստված բացիկն է, որը շատ եմ հավանել ու որոշել եմ գնել ու մարտի 8-ին մայրիկիս նվիրել»:

6582661

Մուրադյանը վստահ է՝ ծրագիրը նոր է թափ հավաքում և մարտի 8-ին չի ավարտվի, կշարունակվի մինչև ապրիլի 7-ը:
Իսկ ապրիլի 7-ից հետո զինվորները նոր զբաղմունք կունենան: Մուրադյանն արդեն մտածում է ծրագրի շարունակության մասին:

https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook