Saturday, April 27, 2024
Նորություններ

Դուստր ունենալու մասին երազող կինը եռյակ է լույս աշխարհ բերել՝ 2 աղջիկ եւ 1 տղա

33-ամյա Հերմինե Տերտերյանը երկու որդի ունի՝ 6 եւ 8 տարեկան, եւ վաղուց երազում էր դուստր ունենալու մասին: Այսօր Հերմինեն տուն է վերադարձել 2 դստեր ու եւս 1 որդու հետ:

Հերմինեն հղիացել է առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնության: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ երբ առաջին անգամ Թալինում ՈւՁՀի գնաց, ասացին, որ երկվորյակ է ունենալու: Երեւան գալով՝ իմացավ, որ իրականում եռյակ է ունենալու: Իմանալով, որ առնվազն մեկն աղջիկ է, Հերմինեն շատ է ուրախացել:

Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Սերինե Մելիքսեթյանը պատմեց, որ եռյակը ծնվել է մայիսի 12-ին, հղիության 31-32 շաբաթում, կեսարյան հատման միջոցով: Աղջիկները ծնվել են 1350 եւ 1500 գրամ քաշով, տղան՝ 1710 գրամ: Երեխաները շնչառության եւ մարսողության հետ կապված խնդիրներ են ունեցել, այդ պատճառով մեկ ամիս նրանք բուժում են ստացել վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հիմա արդեն աղջիկները 1800 գրամ են կշռում, տղան՝ 2 կգ: Նրանք անցել են բոլոր սքրինինգային հետազոտությունները, փոքրիկների վիճակը բավարար է գնահատվում: Այսօր դուրս են գրվել հիվանդանոցից եւ մինչեւ Թալին երկար ճանապարհ պետք է անցնեն:

Հերմինե Տերտերյանը պատմեց, որ սեփական բնակարան չեն, վարձով ապրում են ոչ մեծ բնակարանում, որտեղ բավական դժվար կլինի հինգ երեխաների մեծացնել: Ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, եւ եկամտի զգալի մասը ծախսում են բնակարանի վարձի համար:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook