Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխաների մոտ ծուռթաթության առաջացման պատճառները․ որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Երեխաների քայլվածը բազմաթիվ հարցեր է առաջացնում ծնողների մոտ, ուստի զարմանալի չէ, որ նրանք այդ հարցերով դիմում են բժշկին: Հատկապես մեծ անհանգստություն է առաջացնում երեխաների ծուռթաթությունը: Այս մասին գրում է med.tert.am-ը:

1-1.5 տարեկան երեխաների շրջանում այս խնդիրը հաճախ է հանդիպում: Փոքրիկները քայլում են՝ ոտքերը դեպի ներս ուղղելով: Սովորաբար այս սովորությունը ժամանակի ընթացքում անհետանում է առանց մասնագետի օգնության և մեծ մասամբ չի խանգարում երեխային խաղալ, վազել կամ հետագայում սպորտով զբաղվել:

Ժամանակին գոյություն ունեին հատուկ կոշիկներ, որոնք օգնում էին շտկել երեծաների քայլվածքը: Սակայն բժիշկները եկել են այն եզրահանգման, որ այդ հարմարանքը չի արագացնում ուղիղ և ճիշտ քայլվածքի ձևավորման գործընթացը, ուստի ներկայում այդ մեթոդը չի կիրառվում:

Որոնք են ծուռթաթության առաջացման պատճառները

Երեխաներն աճում են մոր արգանդում, ուստի նրանց ոտքերի մեծ ոլոքներն ուղղված են լինում դեպի ներս՝ ավելի հարմար դիրքով լինելու համար:

Երբեմն իրենց դիրքը փոխում են նաև ազդրի ոսկորները, ինչի հետևանքով էլ քայլել սովորելիս երեխաները հաճախ ոտքերն ուղղում են դեպի ներս և նկատվում է ծուռթաթություն: Սակայն մեծ մասամբ ժամանակի ընթացքում աճի ու զարգացման հետ մեկտեղ ուղղվում է նաև փոքրիկի քայլվածքը, ինչը սովորաբար տեղի է ունենում մինչև երեխայի 4-6 տարեկանը լրանալը:

Այնուամենայնիվ՝ ծնողները շատ դեպքերում չեն նկատում փոփոխությունները, քանի որ քայլվածքն աստիճանաբար է ուղղվում: Նման դեպքերում բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս ծնողներին յուրաքանչյուր կես տարին կամ մեկ տարին մեկ տեսագրել երեխային քայլելու պահին և հետագայում համեմատել տեսագրությունները: Այս հնարքը ցույց կտա, թե այդ ընթացքում որքան է փոխվել քայլվածքը և կա արդյոք բժշկի օգնության անհրաժեշտություն:

Սակայն ամեն դեպքում հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ծուռթաթությունը վկայում է վնասվածքների կամ հիվանդությունների մասին, ուստի մասնագետը պետք է զննի փոքրիկին և անհրաժեշտության դեպքում նշանակի համապատասխան բուժումը: Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկին, եթե.

·        բացի ծուռթաթությունից երեխան նաև կաղում է,

·        փոքրիկի մոտ նկատվում են ոտնաթաթերի կամ ոտքերի ցավեր,

·        երեխան ժամանակին չի սկսում քայլել կամ խոսել,

·        ժամանակի ընթացքում խնդիրն էլ ավելի ակնհայտ է դառնում,

·        մի ոտքը մյուսից շատ է թեքված,

·        ակնհայտ ծուռթաթությունը պահպանվում է անգամ երեխայի երեք տարին լրանալուց հետո:

Նյութի աղբյուրը՝ chudopodelki.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook