Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչո՞ւ են երեխաները ուշ խոսում և ինչպե՞ս նպաստել փոքրիկի խոսքի զարգացմանը

Մեր օրերում բազմատեսակ մուլտֆիլմերի առկայությունը, թեև զարգացնում է փոքրիկին, սակայն միաժամանակ էլ դժվարացնում է փոքրիկի՝ արագ խոսելու գործընթացը:

Որո՞նք են  երեխայի՝ ուշ խոսելու պատճառները: Աղջիկնե՞րն են ավելի արագ սկսում խոսել, թե՞ տղաները: Ե՞րբ պետք է անհանգստանալ, եթե երեխան չի խոսում և ինչպե՞ս ծնողը պետք է օգնի երեխային նմանատիպ դեպքերում, պարզեցինք մասնագետներից:

Մանկաբույժ Անահիտ Պետրոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է, և շատ դեպքերում ծնողներն անտեղի են անհանգստանում երեխայի ուշ խոսելու համար:

«Ներկայում  երեխաներն ուշ խոսելու միտում ունեն: Երեխաներից ոմանք բառերին այլ անվանումներ են տալիս, օրինակ՝ ցանկանում են ջուր խմել, բայց բոլորովին այլ կերպով են արտասանում այդ բառը, տվյալ դեպքում ես միանշանակ խորհուրդ չեմ տա հասկանալ երեխային: Ավելի ճիշտ կլինի իր հետ աշխատել այնքան, որ սկսի ճիշտ արտասանել տվյալ բառը: Երեխաների խոսելու համար նորմա էինք համարում 1-2 տարեկանը, սակայն այսօր ունենք երեխաներ, ովքեր 3, նույնիսկ 3,5 տարեկանում են սկսել խոսել, և դա նորմալ է»,- ասում է Պետրոսյանը:

Մանկաբույժը նաև հավելում է, որ խոսքի հապաղման դեպքում մանկաբույժի ուղղորդմամբ պետք է որոշվի, թե ինչ մասնագետի դիմեն․ «Լինում են դեպքեր, երբ երեխայի լեզվակն է կարճ, և դա վիրահատական միջամտություն է ենթադրում, կամ էլ հոգեբանական տրավմա է, նաև դեպքեր կան, երբ պահանջվում է լոգոպեդի աշխատանք։ Ուստի ցանկալի է  դիմել մանկաբույժի, որը կուղղորդի»:

Լոգոպեդ Ռաիսա Գրիգորյանը վստահ է, որ երեխաները հիմնականում չեն ցանկանում խոսել, երբ գտնվում են իրենց հարմարավետության գոտում․«Հաճախ փոքրիկը չի խոսում, բայց ամեն ինչ հասկացնում է իր ծնողին: Օրինակ՝ ցանկանում է քնել, տանում է մահճակալի մոտ և այլն։ Երեխային հարմարավետության գոտուց հանելու համար երկու տարեկանից հետո լոգոպեդները կիրառում են  մեթոդ, երբ երեխայի համար ստեղծում են «սթրեսային»  իրավիճակ, և երեխան, բացի խոսելուց, այլընտրանք չի ունենում, սակայն այդ մեթոդը կարող են կիրառել միայն բժիշկները և միայն անհրաժեշտության դեպքում»:

Երեխայի խոսքի զարգացմանը նպաստելու համար լոգոպեդը խորհուրդ է տալիս  օտար լեզվով  մուլտֆիլմեր դիտելիս իջեցնել ձայնը և հայերենով մեկնաբանել, թե ինչ է կատարվում, այդ դեպքում երեխան ավելի շուտ կսկսի խոսել:

Նեոնատալ բժշկության ասոցիացիայի ընտանեկան հոգեբան խորհրդատու Աննա Բադալյանը կարևորում է հոգեբանական  կողմը երեխայի ուշ խոսելու հարցում:

«Պետք է հասկանալ, թե ինչու է երեխան ուշ խոսում: Հաճախ դա կարող է լինել հոգեբանական տրավմայի հետևանք, քանի որ այդ տարիքի երեխաները գերզգայուն են աշխարհի նկատմամբ: Վտանգավոր է միայն այն դեպքում, երբ զգում ես, որ երեխան ամեն ինչ հասկանում է, նրանից որևէ բան ես խնդրում, ասում, և երեխան դիտավորյալ չի անում կամ էլ անում է հակառակը: Մնացած դեպքերում դա պարզապես ֆիզիոլոգիա է, և անհանգստանալու կարիք ամենևին չկա»,- ասում է հոգեբանը:

Հոգեբանները նաև խորհուրդ են տալիս հաճախ խոսել երեխայի հետ և նրան ասել, թե Դուք որքան եք սպասում, որ նա սկսի խոսել:

impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook