Friday, April 26, 2024
Նորություններ

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կընդլայնվի ստորագրված նոր համաձայնագրի շրջանակներում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Սարատովում, որտեղ ընթանում է «Սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովումը ԱՊՀ անդամ-պետություններում, այդ թվում` ժանտախտի անդրսահմանային բնական օջախների տարածքում» խորագրով 14-րդ Միջազգային գիտագործնական համաժողովը:

Այն նվիրված է Ռոսպոտրեբնադզորի «Միկրոբ» գիտահետազոտական ինստիտուտի 100-ամյակին: Միոցառման բացմանն Արսեն Թորոսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Նիստի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը հանդիպել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Միկրոբ» գիտահետազոտական ինստիուտի հետ համատեղ ախտորոշիչ թեստերով ապահովման և այլ հարցերով համագործակցության մասին:

Այնուհետև Հայաստանի առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության միջև ստորագրվել է Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

«Այս համագործակցությունը շատ կարևոր է թե գիտության և թե տեխնիական տեսանկյունից, հատկապես` ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում: «Միկրոբը» սերտորեն աշխատում է մեզ հետ. փոխանակում ենք տեղեկատվություն, ստանում ենք տվյալներ ողջ աշխարհում գործող գիտական ձեռքբերումների և նոր մոտեցումների վերաբերյալ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ համաժողովը նպատակ ունի ամրապնդելու համաճարակային վերահսկողության և սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման հարցերում երկրների համագործակցության մեխանիզմները: Այն կնպաստի վարակիչ հիվանդությունների բռնկումների բացահայտմանը, արձագանքման և կանխարգելման համար երկրների կարողությունների բարձրացման շուրջ կարծիքների փոխանակմանը, առաջարկների մշակմանը և փորձի փոխանակմանը:

 

 

Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է Հայաստանի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը` երկու երկրի առողջապահության համակարգերի համագործակցության համատեքստում:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվում են: Հայաստանի կողմից սպասվում է գիտական զեկույց` երկրում Միջազգային առողջապահական կանոնների կայուն ներդրման թեմայով:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook