Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

COVID-ով վարակված առաջին պացիենտին ընդունած բժշկի մեկ տարվա կյանքը

Նաիրա Ստեփանյանը՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանը, առաջին բժիշկն էր, որը ընդունեց Հայաստանում COVID-19-ով վարակված առաջին պացիենտին: Մեդիամաքսը բժշկուհուն խնդրել է վերհիշել COVID-19-ով հիվանդի առաջին ախտորոշման պատմությունն ու գնահատել կորոնավիրուսային համաճարակի ներկա վիճակը Հայաստանում։

Քովիդ-19-ի մուտքը Հայաստան

Հայաստանում COVID-19-ով վարակված առաջին հիվանդին ընդունել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանը։ Իրանի քաղաքացին Հայաստան էր ժամանել Իրանից՝ օդանավով։ Տուն հասնելուց մի քանի ժամ անց, սկսել էր գանգատվել բարձր ջերմությունից ու դիմել էր հիվանդանոց։

Բժշկուհի Ստեփանյանը վերհիշում է, որ հիվանդանոցում նրան ընդունել է պահպանելով հնարավոր բոլոր կանոնները՝ կրել է դիմակ եւ անջրաթափանց խալաթ։ Պաշտպանիչ համազգեստ այդ ժամանակ դեռ չի եղել, քանի որ նախկինում COVID-19-ով դեպք Հայաստանում չէր արձանագրվել։ Հիվանդին հետազոտելուց հետո, նմուշառումներն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն։ Երկու օր անց թեստը կրկնել են եւ ստացել հաստատված դրական պատասխանը։ Այդ օրը՝ 2020թ․ մարտի 1-ին, հայտարարվեց Հայաստանում COVID-19-ի առաջին դեպքի հայտնաբերման մասին։

«Ես տանն էի, երբ լսեցի, որ պացիենտի թեստի պատասխանը դրական է։ Փորձեցի վերհիշել, թե նրան ընդունելիս ինչպե՞ս եմ աշխատել, ի՞նչ զննում եմ կատարել, ինչպե՞ս եմ շփվել, որովհետեւ հիվանդի հետ խոսելը եւ նրան զննելը՝ վարակվելու ռիսկի տեսակետից, բոլորովին տարբեր բաներ են։

Նաիրա Ստեփանյանը՝ ձախից
Նաիրա Ստեփանյանը՝ ձախիցԼուսանկարը` Ն. Ստեփանյանի արխիվից

Քանի որ հիվանդությանը գործնական տեսակետից ծանոթ չէինք, պարզ դարձավ, որ մինչեւ չես տեսնում հիվանդներին, չես կանգնում խնդրի առջեւ, չես պատկերացնում խնդրի էությունը։

Սկսեցի անհանգստանալ, որովհետեւ փոքրիկ երեխաներ ունեմ։ Շարունակ փորձում էի հասկանալ, արդյո՞ք ճիշտ եմ աշխատել, արդյո՞ք չեմ վարակվել եւ այդ ապրումներից, երեք օր հետո, ջերմությունս սկսեց բարձրանալ մինչեւ 37, 37․3 աստիճան։ Նմուշառվեցի, թեստի պատասխանը բացասական էր, իմ ջերմությունն էլ ապրումներից էր»։

Մեկ տարի ձգվող աշխատանքային քաոս

COVID-19-ով առաջին հիվանդը ապաքինվեց եւ դուրս գրվեց 14 օր հետո՝ կրկնակի թեստավորման բացասական պատասխաններով։ Բժշկուհի Ստեփանյանը ավելի ուշ հիվանդին տեսել է հեռուստահարցազրույցի ընթացքում ու արձանագրել՝ ամբողջությամբ ապաքինված է։

Նաիրա Ստեփանյանի կարծիքով, Հայաստանը քովիդի դեմ պայքարին սկսել է նախապատրաստվել ոչ թե այն պահից, երբ հաստատվել է COVID-19-ի առաջին դեպքը, այլ երբ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը սկսել է ընդունել Չինաստանից Հայաստան ժամանող ուղեւորներին։ Այդ ժամանակ ինֆեկցիոն հիվանդանոց էին ուղեւորվում անխտիր բոլոր այն մարդիկ, որոնց մոտ օդանավակայանում 37 աստիճան ջերմություն էր արձանագրվում։

«Դա կանխարգելիչ աշխատանքներից մեկն էր, որով մեր հիվանդանոցում սկսվեց ծանր աշխատանքային շրջանը»։

Հիվանդության պատկերը փոփոխվում է

Վարակաբան Ստեփանյանն արձանագրում է, որ COVID-19-ը հիվանդությունը փոփոխության է ենթարկվել երեք անգամ՝ երեք ալիքների ժամանակ էլ այն տարբեր կերպ է դրսեւորվել։

Նաիրա Ստեփանյանը՝ ձախից
Նաիրա Ստեփանյանը՝ ձախիցԼուսանկարը` Ն. Ստեփանյանի արխիվից

«Հիվանդության առաջին ալիքի ժամանակ, թեստավորման պահին, պացիենտը գտնվում էր հիվանդանոցում։ Վարակվածության թվերն այդքան բարձր չէին, եւ հիվանդանոցները, գերատեսչությունները կարող էին իրենց թույլ տալ, որ վարակվածության կասկած ունեցող մարդիկ լինեն հիվանդանոցային վերահսկողության տակ։ Գուցե այդ պատճառով էր, որ այդ ժամանակ դեսատուրացված՝ արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ դեպքերն այդքան շատ չէին։

Աստիճանաբար սկսվեց երկրորդ ալիքը եւ ծանր՝ արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ եւ թոքի ախտահարմամբ դեպքերը սկսեցին կտրուկ շատանալ։ Ընդ որում, բոլոր այդ ախտանշաններն ունեցողները՝ 3-4 օրվա հիվանդներն էին։

Ասում էին, որ եղանակային պայմանները նպաստում են հիվանդության թուլացմանը կամ չեզոքացմանը, բայց մենք պնդում ենք՝ նման բան չկա։

Լուսանկարը` Ն. Ստեփանյանի արխիվից

Երրորդ ալիքի դեպքում արձանագրում ենք հետեւյալ պատկերը՝ վարակվածության եւ վարակվածության հետեւանքով մահվան դեպքերը շատ են երիտասարդացել։ Քովիդի պատճառով սկսել ենք ավելի հաճախ երիտասարդ մարդկանց կորցնել։ Շատացել է օրգանիզմի ախտահարումը՝ ինտոքսիկացիան, թոքի մեծ ծավալով ախտահարման դեպքերը»։

COVID-19-ի ներկա փուլը տարբերվում է նաեւ սրտխառնոցների, փսխումների եւ ավելի բարձր ջերմության նշաններով։ Այս ախտանշանները պահպանվում են երկու շաբաթ։ Շատերի մոտ նաեւ ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ են նկատվում։ Սա առաջին եւ երկրորդ ալիքի ժամանակ չի արձանագրվել»։

Բժշկին սկսել են հաճախ ահազանգել նաեւ ապաքինված հիվանդները՝ շատերի մոտ նկատվում է թուլություն, մազաթափություն, սիրտ-անոթային սուր խնդիրների զարգացում։

«Վերջերս մի հոդված կարդացի, որտեղ նկարագրված էր այս ախտանշանները՝ որպես քովիդի մնացորդային երեւույթ։ Գիտական հոդվածում նշվում էր, որ քովիդով վարակված պացիենտների մոտ հետագայում սրտամկանի ինֆարկտ է գրանցվում եւ կտրուկ շատացել են գլխուղեղի անոթային խնդիրները։ Արդյո՞ք այս ամենը քովիդի հետեւանքն է, թե ոչ, ցույց կտա հետազոտությունը, բայց կարծում եմ, որ քովիդը շատ բազմաշերտ եւ լուրջ հիվանդություն է, որը ուսումնասիրված չէ»։

Զգոնությունը թուլացել է

Նաիրա Ստեփանյանի գնահատմամբ, երբ մասնագետները խոսում են այս հիվանդության մասին, հանրությունը կարծում է, որ իրենց վախեցնում են եւ իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Մինչդեռ վարակաբանը՝ որպես նեղ մասնագետ՝ արձանագրում է հետեւյալը՝ COVID-19-ով վարակված մարդիկ հիվանդությունն ավելի ու ավելի ծանր են տանում, այն անհետեւանք չի անցնում։ Քովիդից հետո շատ են ծանր արտահայտված թոք- սրտային անբավարարությամբ հիվանդները՝ թոքաբորբերի այդ ծավալով ախտահարումները վերածվում են ֆիբրոզի։ Այս պարագայում հնարավոր չէ այլեւս թոք-սրտային խնդիրներից խուսափել։

Լուսանկարը` Ն. Ստեփանյանի արխիվից

Քովիդի ժամանակ արձանագրվում են նաեւ լուրջ հոգեբանական ախտահարումներ, եւ մասնագետները սկսել են ավելի հաճախ բարձրաձայնել՝ COVID-19-ով հիվանդացած եւ բուժված մարդկանց պարագայում անհայտ է, թե վաղն ինչի հետ են գործ ունենալու։

«Ես կարծում էի, որ այս ընթացքում մեր հանրության գիտակցությունը մի փոքր կփոխի։ Բայց ոչ, մարդկանց մեծ մասը շարունակում է մտածել, որ իրենց խաբում ենք։ Մեծ մասը դեռ այն կարծիքին է, որ մենք շահույթ ենք հետապնդում, երբ ասում ենք, որ դեպքերը շատացել են, մահերը շատացել են եւ երիտասարդացել։

Ես ասում եմ եւ պնդում՝ պետք է եւ դիմակ կրել, եւ պահպանել ֆիզիկական հեռավորություն, եւ ախտահանել ձեռքերը։

Եւս մեկ կարեւոր բան՝ մի գերագնահատեք բուժաշխատողների հնարավորությունները, որովհետեւ հոգնած բուժաշխատող՝ հավասար է բժշկական թերություն։

Լուսանկարը` Ն. Ստեփանյանի արխիվից

Թույլ տվեք, որպեսզի մենք ուժերի գերլարումով չկատարենք մեր աշխատանքը եւ հաղթահարենք։ Հավատացեք, այս հիվանդությունը գոյություն ունի: Շատ լավ է, որ այն ձեր տուն չի եկել, այս հիվանդության հետեւանքով հարազատ չեք կորցրել, բայց խնդրում եմ, ռիսկի մի ենթարկեք մյուսների կյանքը։ Ընդունեք սա որպես հորդոր կամ պահանջ, պահպանեք անվտանգության կանոնները, դիմակ կրեք ու ախտահանեք ձեռքերը, պահպանեք սոցիալական հեռավորություն»։

Լուսին Մկրտչյան    

https://mediamax.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook