Friday, April 26, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կարող է զուգակցվել ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման հետ. փորձագետ

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կարող է զուգակցվել ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը:

Նրա խոսքով, առողջության  ապահովագրության համակարգի ներդրման եւ դրա սահուն աշխատանքի համար շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել անձանց նույնականացումը համակարգում:

 «Պետք է նույնականացնենք բոլոր անձանց, ովքեր համակարգի շահառու են դառնալու», – նշեց փորձագետ:Նրա խոսքով, խնդիրը բարդանում է նրանով, որ Հայաստանում չկա համակարգ, որը պարունակում է քաղաքացիների մասին ընդլայնված, ճշգրիտ տվյալներ:

«Գուցե այս համակարգի ներդրումը զուգակցվի ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման հետ, որովհետեւ այս համակարգերի զուգակցումը մեզ հնարավորություն կտա ավելի ճիշտ գնահատել եկամուտներից որոշակի ապահովագրավճարների չափերի որոշումը», – նշեց փորձագետը:

Առողջության  ապահովագրության համակարգին անցումը ավելի սահուն իրականացնելու համար, նրա խոսքով, քայլեր են անհրաժեշտ, եւ դրանք Հայաստանում պետք է փուլ առ փուլ իրականացվեն:

Նշենք, որ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում նախատեսվում է սկսել 2023 թվականից, սակայն դա կախված է նաեւ առաջիկա քննարկումների արդյունքներից:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook