Friday, April 26, 2024
Նորություններ

Հայաստանում ինչպե՞ս են պայքարում մոծակների եւ դրանց փոխանցած հիվանդությունների դեմ

Հայաստանում ներկայումս կա մոծակի 24 տեսակ, որոնք կարող են որոշ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններ փոխանցել, այդ թվում` մալարիա, Արեւմտյան Նեղոսի տենդ, դեղին տենդ, դենգե, Զիկա եւ չիկունգունյա: Նշված հիվանդությունները վերջին շրջանում գրանցվում են ոչ միայն արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում, այլ նաեւ՝ Հարավային Եվրոպայում եւ Հայաստանի հարեւան երկրներում (Արեւմտյան Նեղոսի տենդ), ուստի մոծակների հետազոտությունները եւ դրանց դեմ պայքարն այսօր, ինչպես երբեք, հրատապ է:

Հայաստանում մոծակների եւ դրանց փոխանցած հիվանդությունների դեմ պայքարի ի՞նչ մեթոդներ են օգտագործվում: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի հետ:

Մասնագետի խոսքով`անհնար է մոծակների պոպուլյացիաների ամբողջական ոչնչացումը: Հակառակը` կլիմայի փոփոխությունների եւ ճանապարհորդությունների տարածվածության ու բեռնափոխադրումների հետեւանքով մոծակները նորանոր տարածքներ են «նվաճում»: Օրինակ` վերջերս Հայաստանում, Բագրատաշենի մոտ հայտնաբերվել են Աեդես ալբոպիկտուս տեսակի ինվազիվ մոծակներ, որոնք կարող են արբովիրուսների (Դենգե տենդի, դեղին տենդի եւ այլ հիվանդությունների հարուցիչների) փոխանցող լինել:

Աեդես ալբոպիկտուս, այսպես կոչված «Ասիական վագր» տեսակի մոծակները աշխարհում ակտիվորեն տարածվում են օգտագործված անվադողերի եւ դրացենա (Հաջողակ բամբուկ) կոչվող բույսի փոխադրումների տարածվածության պատճառով: Այս մոծակներն աչքի են ընկնում բացառիկ կենսունակությամբ. եթե նույնիսկ դրանց ձվերը չորանում են, կարող են «վերակենդանանալ», եթե խոնավ միջավայրում հայտնվեն. անգամ 2 տարի հետո դրանցից կարող են թրթուրներ դուրս գալ:

Քանի որ մոծակներն աշխարհում այդքան ակտիվորեն են տարածվում, ինչպես նշեց մասնագետը` Հայաստանի բոլոր սահմաններին (ինչպես նաեւ՝ ՀՀ ողջ տարածքում) մշտադիտարկում է կատարվում, որը թույլ կտա իրավիճակին տիրապետել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները` նույնանուն եվրոպական կենտրոնի հետ համագործակցությամբ հիմա նաեւ հետազոտություն են անցկացնում մոծակների շրջանում պարզելու համար` արդյոք Հայաստանում շրջանառում է  Արեւմտյան Նեղոս տենդի հարուցիչը:

Սահմանապահ բոլոր կետերում նաեւ զննում են Հայաստան ժամանած մարդկանց: Հատուկ ջերմատեսասարքերն օգնում են առանձնացնել բարձր ջերմություն ունեցող մարդկանց, որոնց, եթե նրանց մոտ ինչ-որ ինֆեկցիոն հիվանդություն են կասկածում, անմիջապես ինֆեկցիոն հիվանդանոց են ուղարկում:

Արարատյան դաշտավայրում եւ երկրի մի շարք այլ շրջաններում մոծակների դեմ անմիջական պայքարի համար օգտագործվում են, այսպես կոչված, կենսաբանական մեթոդները. ջրամբարների մեջ են գցում գամբուզիա կոչվող մանր ձկների, որոնք սնվում են մոծակների թրթուրներով` այդպիսով նվազեցնելով մոծակների պոպուլյացիաները:

Լուսինե Պարոնյանի պարզաբանմամբ` մոծակների դեմ պայքարի կենսաբանական մեթոդները քիմիականից նախընտրելի են. եթե մոծակների դեմ պայքարի համար անընդհատ քիմիկատներ օգտագործենք, վերջինների մոտ կարող է դրանց նկատմամբ կայունություն զարգանալ, եւ եթե հանկարծ երկրում մոծակների փոխանցած հիվանդության բռնկում գրանցվի, քիմիկատներն արդեն, հնարավոր է, ոչ արդյունավետ դառնան: Հենց այս պատճառով խորհուրդ է տրվում մոծակների ոչնչացման համար քիմիական նյութերն օգտագործել միայն ծայրահեղ դեպքերում:

Մոծակները, որպես կանոն, բազմանում են չհոսող ջրով ջրավազաններում եւ ճահճացած տարածքներում, ուստի մոծակների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է, որ քաղաքներում նման ջրավազաններ չլինեն, կամ դրանց ջուրը հաճախակի փոխվի/ ախտահանվի: Բաց ամանների մեջ ջուր հավաքելու սովորությունը նույնպես մեծ վտանգներ է պարունակում, քանի որ մոծակները կարող են ձվադրում կատարել այդպիսի ջրի մեջ, իսկ ամառվա շոգին ընդամենը 2-3 օրը բավական է, որ ձվերից հասուն մոծակ առաջանա: Անհրաժեշտ է գոնե ծածկած պահել ջրահավաք տարողությունները՝ մոծակներին հնարավորություն չտալով ձվադրելու եւ բազմանալու համար:

Ամռանը լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ մլակները, որոնք կարող են լեյշմանիոզ փոխանցել, որը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է: Մլակները բազմանում են օրգանական աղբի մեջ, այդ պատճառով անհրաժեշտ է բնակավայրերն առաջին հերթին բարեկարգել եւ մաքուր պահել: Ինչպես մոծակների դեպքում, մլակների դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում քիմիական նյութերն օգտագործել միայն հիվանդության արձանագրման ժամանակ:

Նշենք, որ օրերս Discovery Channel-ը նոր վավերագրական «Մլակներ» ֆիլմն է ցուցադրել: Ֆիլմում նշվում է, որ գլոբալ տաքացման պատճառով մոծակները եւ մլակներն իրենց բնակության տարածքներն ընդարձակում են, եւ ամբողջ աշխարհում արագորեն աճում է Զիկա տենդի, մալարիայի, Արեւմտյան Նեղոս տենդի, դեղին տենդի, չիկունգունյայի եւ դենգեի առանձին բռնկումների թիվը:

http://aroxjblog.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook