Մայրական կաթի քանակը կախված չէ ուտելուց
Հաճախ ընտանիքի անդամները կերակրող մայրերին ստիպում են ուտել որքան հնարավոր է շատ, որպեսզի երեխան սոված չմնա: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է: Այս մասին խոսեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի հետ:
«Կրծքի կաթի քանակը շատ քիչ է կախված նրանից, թե որքան է մայրն ուտում, հեղուկներից՝ միգուցե: Կարելի է ասել, որ կաթնարտադրությունը հորմոնալ մեխանիզմով է կարգավորվում: Ամեն դեպքում կաթն արտադրվելու է հեղուկներ օգտագործելու դեպքում: Կարևորն այն է, թե որքան հաճախ է մայրը կերակրում երեխային»:
Չի կարելի մայրիկին ստիպել շատ ուտել: Կերակրող մայրիկը պետք է շարունակի ուտել և խմել այնքան, որքան պահանջ ունի: Պետք է թույլ տալ, որ երեխայի ուտելու պահանջը կարգավորի մոր կաթնարտադրությունը:
Կրծքով կերակրող մայրիկին չի կարելի ցիտրուսայիններ, ալերգիկ ռեակցիաներ առաջացնող սնունդ, որպեսզի երեխայի վրա ցանավորում չառաջանա:
Գինեկոլոգի խոսքով՝ կրծքով կերակրման ժամանակ բացարձակ հակացուցում է ծխելը, խմելը, քանի որ կարող է նվազել կաթնարտադրությունը, իջնել կաթի որակը: Պետք է խուսափել անառողջ սնունդից, ինչպես նաև չիփսից, կոլայից, քանզի դրանք ազդելու են երեխայի մարսողական համակարգի վրա:
Մայրական կաթը բավարարում է փոքրիկի բոլոր պահանջները:
Ինչո՞ւ է անհրաժեշտ երեխային մայրական կաթով կերակրելը.
-
Կրծքի կաթը պարբերաբար փոփոխվում է, պարունակում է բոլոր սննդային բաղադրամասերը:
-
Հեշտությամբ յուրացվում է և մանրէներ չի պարունակում:
-
Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, ինչպես նաև մոր և մանկան միջև մտերմիկ կապի և սիրո ստեղծմանը:
-
Կրծքով կերակրելը հետագայում նվազեցնում է գիրության, շաքարախտի, քաղցկեղի, հավկուրության, ատամների կարիեսի և այլ քրոնիկ հիվանդությունների հավանականությունը:
-
Կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից: Կրծքով սնվող երեխաները արհեստական սնունդ ստացողների համեմատ ավելի հազվադեպ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով:
Նյութի աղբյուրը՝ doctors.am