Friday, April 26, 2024
Նորություններ

Մայք Սարյանն առողջապահական նոր նախագծեր է քննարկել Արսեն Թորոսյանի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սարյանի առաջարկած մի շարք գաղափարներ և համատեղ նախագծեր առավել առարկայորեն քննարկել արդեն առողջապահական գերատեսչությունում:

«Առողջապահության ոլորտում հեղափոխություն անելու հարցում Ձեր կողքին ենք»,-շեշտել է Սարյանն ու Թորոսյանին առաջարկել իր աջակցությունը` ամերիկյան առողջապահական համակարգում կիրառվող  բժշկական չափորոշիչները Հայաստանում ներդնելու ու դրանցով առաջնորդվելու հարցում: Այդ չափորոշիչները վերաբերում են թե առողջապահական հաստատությունների շենքային պայմաններին, թե բուժման ընդհանուր գործընթացներին:

Ամերիկահայ բարերարը հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության բժշկական նշանակության ապրանքներ, դեղեր բերելու, Հայաստանում փաթեթավորելու, վերավաճառելու ու արտահանելու հարցում:

«Ինձ համար երազանք է` Հայաստանում հիմնել լավագույն չափորոշիչներին համապատասխան, առաջատար գիտելիքահեն բուժկենտրոն` այսպիսով նպաստելով նաև  առողջապահական տուրիզմի զարգացմանը»,-ասել է Սարյանը` վստահեցնելով, որ պատրաստ է իր նպաստը բերել համակարգի զարգացմանն ու այս գաղափարին:

Սարյանին հետաքրքրել են Թորոսյանի դիտարկումներն ու իր գաղափարները կյանքի կոչելու առաջարկները: Հայաստան այցի շրջանակում առաջիկա օրերին արդեն որոշակի քննարկումներ և այցեր կկազմակերպվեն:

Հայ բարերարը հետաքրքրվել է նաև այս սեպտեմբերին Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժտեխնիկայի և օժանդակ սարքավորումների բաշխման գործընթացով` տեղեկանալով, որ օրերս արդեն դրանք կտրամադրվեն հիմնականում մարզային բուժհաստատություններին:

Հայաստանյան առողջապահական համակարգին շարունակական աջակցության, ինչպես նաև կառավարման գործում նշանակալի ավանդի համար նախարարի պաշտոնակատարի անունից Մայք Սարյանին հայտարարվել է շնորհակալություն, իսկ բարերարը պարգևատրվել է նաև նախարարության հուշամեդալով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook