Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին

«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա տարիների ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ վիրահատություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ՝ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին:

Ճարտարապետության փոխարեն ընտրեց բժշկությունը
«Բժիշկ դարձա պատահաբար»,- պատմում է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, որը մանկության տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: Նրա հայրը՝ Բագրատ Սահակյանը ֆիզիկոս էր, Լենինի շքանշանակիր: Հավանաբար նրա ընկերությունը բժիշկ Նիկոլայ Նասիբյանի հետ, ում անունն է կրում այժմ Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը, պատճառներից մեկն էր, թե ինչու էր նա հորդորում իր երեխաներին ընտրել ամենամարդասիրական մասնագիտությունը:
1969թ. Արտավազդ Սահակյանը հոր հետ գալիս է Երևան՝ հոր ուսուցիչ, այդ ժամանակ Ճարտարապետների միության նախագահ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի մոտ 1 տարի որպես օգնական աշակերտելու, այնուհետև ճարտարագիտական ֆակուլտետ դիմելու նպատակով; Սակայն դպրոցը ոսկե մեդալով ավատելու հանագամանքով պայմանավորված հայրն օգտվելով առիթից առաջարկում է դիմել բժշկական ինստիտուտ: Արդյունքում ապագա վիրաբույժը հանձնելով ընդամենը մեկ քննություն ընտրում է բժիշկ դառնալու բարդ և պատասխանատու ուղին: Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն այժմ կրում է վաստակաշատ մանկավարժ Բագրատ Սահակյանի անունը: Բժիշկ դառնալու երազանքն իրականացրին նրա չորս երեխաներից երեքը: Սուսաննա Սահակյանը սրտաբան-թերապևտ է Նոյեմբերյանում, Արարատ Սահակյանը վիրաբույժ-պրոկտոլոգ է, աշխատել է հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում, իսկ Դավիթ Սահակյանը ֆիզիկոս է, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Իտալիայում, Չիլիում: Արդեն երկու տասնամյակ է, ինչ Դավիթ Սահակյանն աշխատում է Թայվանում, մասնագիտական տարբեր հետազոտություններ է իրականացնում: Մանկավարժ էր նաև Արտավազդ Սահակյանի մայրը՝ Արփիկ Էզդանյանը: Չընտրելով ճարտարապետությունը որպես մասնագիտացում, նրա աշխատանքի ոլորտը՝ պլաստիկ վիրաբուժությունն ու միկրովիրաբուժությունը, որոշակի զուգահեռներ ճարտարապետության հետ, այնուամենայնիվ, ունի: Ինչպես երկարամյա բժիշկն է խոստովանում՝ նրա գործունեությունը «մարմնի ճարտարապետությունն է» բառի բուն և փոխաբերական իմաստով:

 

Կենսագրական տվյալներ
Արտավազդ Սահակյանը ծնվել է 1953թ. փետրվարի 22-ին, Նոյեմբերի շրջանի Կողբ գյուղում: 1969-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1982-1984թթ. ուսանել է Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով, Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի խրախուսական պատվոգրով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։ 1976-1982թթ. աշխատել է Դնեպրոպետրովսկի թիվ 16 հիվանդանոցում որպես ընդհանուր վիրաբույժ, իսկ 1985-1996թթ. կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար։ 1985թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժն ու միկրովիրաբույժն է։ 1990-1992թթ. մասնակցել է Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին։ 1992-1996թթ. աշխատել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնում։ 1996-1998թթ. Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովման վարչության պետն էր։ 1996թ. առ այսօր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ։ 200-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է հայկական, ռուսական և արտասահմանյան ամսագրերում։ 7 գյուտի հեղինակ է։ Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS), Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության (ESPRAS), Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ է:
1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ 1998-2008թթ. Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահն էր։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2010թ. պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով: 2014թ. նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում: Արժանացել է «Մխիթար Հերացի», ԼՂՀ «Արիության համար», ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալների, ՀՀ վարչապետի հուշամեդալի: Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ է, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի։

1985 թվականի մարտի 14-ին կատարվեց մարմնի մասի առաջին փոխպատվաստումը
Նախորդ դարի երկրորդ կեսին հիմնադրված Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկը՝ Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, Արտավազդ Սահակյանի հաջողությունների մեկնակետն է: 1984թ. նա վերապատրաստվում է Մոսկվայի երկու բժշկական կազմակերպություններում ԽՍՀՄ միկրոանոթային վիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Վիկտոր Կռիլովի, ինչպես նաև ծագումով հայ անվանի մասնագետ Գեորգի Ստեփանովի ղեկավարությամբ:
Առաջադեմ և պահանջկոտ Վիկտոր Կռիլովն Արտավազդ Սահակյանին առաջարկում է Հայաստանում հիմնադրել պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջին բաժանմունքը: 1985թ. երիտասարդ գիտնականների միութենական համագումարում պրոֆեսորը կրկին հիշեցնում է իր առաջարկի մասին՝ կշտաբմելով, որ Հայաստանում չկա միկրովիրաբուժական ծառայություն: ԽՍՀՄ առողջապահության նախկին նախարար, ակադեմիկոս Բորիս Պետրովսկուն դիմելուց հետո և նրա անմիջական միջամտությամբ, չնայած առկա խոչընդոտներին և այդ նախաձեռնությունը անիրական համարողներին, Արտավազդ Սահակյանը կազմակերպում է մեր երկրի պլաստիկ վիրաբուժության առաջին մասնագիտացած ծառայությունը:
«Առաջին տարին դժոխային էր, կտրում և կպցնում էին առնետների և ճագարների վերջույթները»,- պատմում է փորձառու միկրովիրաբույժը:
1985թ. Արտավազդ Սահակյանի ու իր նորաստեղծ բաժանմունքի թիմի մասնագետների կողմից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, որն այն ժամանակ կոչվում էր Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղ, կատարվում է մարմնի մասի առաջին փոխպատվաստման վիրահատությունը: 33 տարի առաջ կատարված վիրահատությունը բժիշկը հիշում է բոլոր մանրամասներով:
«Պացիենտը մասնագիտությամբ կահույքագործ Գնունի Հարությունյանն էր, ով վիրահատությունից մեկ տարի առաջ զրկվել էր աջ ձեռքի աջ դաստակի բութ մատից»,- հստակեցնում է բժիշկը: Վիրահատությունը տևել է 12 ժամ, որից առաջին 8 ժամերին Արտավազդ Սահակյանին համաձայնել էր օգնել անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը, իսկ հաջորդ 4 ժամերին նրան փոխարինել է վիրաբույժ Դերենիկ Գյուլումյանը:
Տասներկու ժամ անց «մարմնի ճարտարապետն» արդեն հերոս էր հիվանդանոցային միջավայրում, դրանից կարճ ժամանակ հետո արդեն նաև Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս: Առաջին վիրահատությունից հետո արժանացավ գործընկերների ծափահարություններին, անգամ նրանց, ովքեր իրեն առանձնապես չէին համակրում: 1985թ. կատարված վիրահատությունը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում, անգամ այս վիրահատության մասին հոդված տպագրվեց ռուսական «Իզվեստիա» թերթում: 1986թ. կատարել է քառասուն փոխպատվաստում, որոնցից հաջող է անցել երեսունինը: Սա այն դեպքում, երբ Համամիութենական մոսկովյան կենտրոնը կատարեց երեսուներեք փոխպատվաստում, որոնցից հաջողվեց միայն տասնյոթը: 1987թ. Ալեքսանդր Միքայելյանի հետ համատեղ կատարում են երիկամի առաջին փոխպատվաստումը: Ժպիտով է հիշում, որ հայ բժշկագիտության պատմության մեջ կարևոր այս վիրահատությանն այն ժամանակ որպես 15-ամյա սանիտար ներկա էր նաև ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
«Միքայելյանը հրաշալի վիրաբույժ էր, բարդ խառնվածքի տեր անձնավորություն, որպես վիրաբույժներ անսահման վստահում էինք միմյանց, իսկ ազգային ազատագրական շարժման հարցում գաղափարական հակառակ ճամբարներում էինք»,- նշում է Արտավազդ Սահակյանը:
Հաջորդիվ, ինչպես բժիշկն է բնորոշում, վիրահատությունների հիթ շքերթը մեկնարկեց: Բժշկի հետ շուրջ երկու ժամ տևած զրույցը պարբերաբար ընդհատվում էր անգամ շաբաթ օրը՝ նրա կարիքն ունեցող պացիենտների այցելություններով:
Կատարած պլաստիկ և միկրովիրաբուժական միջամտությունների վիճակագրական տվյալները հետագայում աննախադեպ աճ գրանցեցին: Թվերի հետևում, սակայն, ամենից առաջ մարդկային ճակատագրերն են, փրկված և ապաքինված հազարավոր հիվանդներ:

Երկրաշարժ և արցախյան գոյապայքար
Երկարամյա վիրաբույժի կենսագրության մեջ անջնջելի հետք է թողել նաև
1988 թվականը: Ծանր և բարդ տարի էր՝ արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, այնուհետև` աղետալի երկրաշարժ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը բարդ վիրահատություն էր կատարում: Բժիշկը հիշում է, թե վիրահատության ժամանակ ինչպես են սկսվել վիրահատարանի պատերը ցնցվել, բայց ինքը չէր կարող լքել հիվանդին ու շարունակել է վիրահատությունը:

Արտավազդ Սահակյանը երիտասարդ տարիներից հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ է զբաղվել: Արցախյան ազատագրական պայքարի տարիները բժիշկը ազգային ազատագրական վերելքի տարիներ է համարում: Արցախյան գոյապայքարի տարիներին, առհասարակ պատերազմական իրավիճակներում բժշկության առջև դրված խնդիրներն անկանխատեսելի են, ուստի մշտապես պետք է պատրաստ լինել բարդագույնին: Այդ տարիներին բժիշկն ու իր թիմը կարողացան ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, մաշկալաթեր, որպեսզի արտակարգ իրավիճակներում, Երևանից հեռու ռազմաճակատում հնարավոր լիներ վիրահատություններ իրականացնել: Արցախյան գոյապայքարի առաջին օրվանից մինչև զինադադար, բժիշկը Հայաստանում և Արցախում պայքարող իր հայրենակիցների կողքին էր: Առհասարակ պատերազմական իրավիճակները նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության սրընթաց զարգացման պատճառներից էին:
«Արցախ առաջին անգամ մեկնեցի 1990 թվականի ապրիլին սաֆոնովյան օկուպացման շրջանում: Թիմի կազմում էին Արամ Ղազարյանը, ով Լեոնում հայտնի վիրաբույժ է, Հովհաննես Էգերյանը, Վերոնիկ Ակուջյանը, և այլք»,- հիշում է վիրաբույժը: Բժշկական խմբի առաջին այցն Արցախ ուղեկցվում է խոչընդոտներով: Նրանց ձերբակալում են և միայն երկար բանակցություններից հետո թույլ տալիս այցելել Ստեփանակերտի մարզային հիվանդանոց:
«Վեց օր հիվանդանոցում գտնվելուց հետո հրաշքով դուրս պրծանք այնտեղից և վերադարձանք Երևան»,- հավելում է զրուցակիցս: Իրենց թիմի կազմում էր նաև Լիոնի ներկայիս քաղաքապետ Գևորգ Կեպենեկյանը: Նրա ղեկավարած բաժանմունքի աշխատակիցները պարբերաբար այցելում էին Մեղրի, Նոյեմբերյան, Արցախ և այլ ռազմական գոտիներ, համակարգում վիրավորների տեղաբաշխումը, կազմակերպում բուժօգնությունը: Ինչպես փաստում է վիրաբույժը՝ տուժածների մեծ մասի մոտ առկա էին դեմքի և վերջույթների վնասվածքներ: Ռազմական գործողությունների հետևանքով Արտավազդ Սահակյանը նաև անձնական կորուստ է ունեցել: Վիրավոր ազատամարտիկներին Երևան տարհանելիս ուղղաթիռի հրետակոծվելու հետևանքով 1993թ. ապրիլի 17-ին զոհվել է նրա զարմիկը՝ վիրաբույժ, ազատամարտիկ Արտակ Խաչատրյանը, ով մեկնել էր Շահումյանի շրջան: Նրա կինը` Արմինե Նալբանդյանը, փոխարինեց իրեն պարտիզանական ջոկատում և մեկ տարի շարունակ մնաց ազատամարտիկների հետ Շահումյանի լեռներում: 1992 թվականից մինչ այժմ աշխատում է Երևանի հանրապետական հիվանդանոցի 2-րդ վիրաբուժական բաժանմունքում։ 2015թ. Արտակ Խաչատրյանի ծննդավայր Տաշիրի ավագ դպրոցն անվանակոչվեց արցախյան ազատամարտի հերոսի անունով: Երկու տարի առաջ Արմինե Նալբանդյանի և Արտակ Խաչատրյանի սիրո և կյանքի հետաքրքիր ու դրամատիկ պատմությանն էր նվիրված արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» հաղորդաշարի թողարկումներից մեկը:
Հանդիպումներ ու ընկերություն անվանի մարդկանց հետ
1990թ. Արտավազդ Սահակյանը 6 ամսով մեկնում է Փարիզ՝ մասնագիտական ոլորտում կատարելագործվելու նպատակով: Փարիզի լավագույն կլինիկաներից մեկում՝ Hospital Saint Louis-ում՝ Սան Լուի հիվանդանոցում բուժվել է նաև հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Փարիզում ևս հիվանդին փրկելու առիթ ունեցավ, դարձավ հոսպիտալի այդ օրվա հերոսը: Օտար երկրում նա արտոնված չէր վիրահատել, սակայն ֆրանսիացի գործընկերները տեղյակ էին, որ նա անփորձ վիրաբույժ չէ: Սա բժշկի հերթական բարդ վիրահատություններից մեկն էր լինելու: Անմիջապես հիվանդանոցի ճաշարանից իրեն կանչում են վիրահատարան, միջին տարիքի կին պացիենտի մոտ կատարվում է կրծքագեղձի վերականգնում: Յոթ ժամ տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է ավարտվում, հիվանդի կյանքը փրկվում է:
Ֆրանսիայում գտնվելու ընթացքում Արտավազդ Սահակյանը տեղեկանում է, որ Իրանի կառավարության ներկայացուցիչները գալու են Փարիզ՝ պայմանագիր կնքելու համար: Փարիզում նա ծանոթանում է ֆրանսիահայ անվանի քաղաքական գործիչներ Քրիստիան Տեր-Ստեփանյանի և Պատրիկ Դևեջյանի հետ, ովքեր իրեն ջերմ ու բարեկամաբար են ընդունում և միջնորդում են Իրանի կառավարության հետ կապ հաստատելու համար: Արդյունքում նա 1990թ. հանդիպում է ունենում Իրանի առողջապահության նախարար Իրադի Ֆազելի հետ:
«Ընդունելությունն ավարտվեց փոխշահավետ համաձայնությամբ, որոշեցինք հաջորդ անգամ հանդիպել Թեհրանում: Երբ զանգահարեցի Վազգեն Մանուկյանին, պատմեցի եղելությունը, նրա ուրախությանը չափ ու սահման չկար: Սա, թերևս, Հայաստանի առաջին պաշտոնական հարաբերությունն էր օտար պետության հետ: Մեր նպատակն էր Մեղրիում կառուցել միջազգային հոսպիտալ իրանական պետության հաշվին և այնտեղ բուժել իրան-իրաքյան պատերազմի վիրավորներին: Դժբախտաբար թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում դեպքերն այնպես դասավորվեցին, որ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, Ֆազելը՝ առողջապահության նախարարի, և ափսոս, որ ծրագիրը չիրագործվեց»,- մանրամասնում է բժիշկը:
Արտավազդ Սահակյանի թե՛ հիվանդների, թե՛ ընկերների ու մտերիմների շրջանում քիչ չեն անվանի, համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ: Երկար տարիների պատմություն ունի նրա բարեկամության փոխակերպված ընկերությունը ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի հետ: Չի մոռանում, թե ինչպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն իր 70-ամյա հոբելյանի համերգից հետո Սանկտ Պետերբուգի Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում իրեն գիրք է նվիրում: Անձնական ծանոթություն է ունեցել նաև ԽՍՀՄ ԲԳԱ նախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Բլոխինի, ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի, այլ անվանի մարդկանց հետ:
Ուշագրավ ևս մեկ պատմություն է ներկայացնում փորձառու բժիշկը: 1988թ. հուլիսի սկզբին, երբ հայտարարվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման քվեարկության մասին Արտավազդ Սահակյանը որոշում է կայացնում հանդիպել այդ ժամանակ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր Յոզաս Օլեկասին, որպեսզի համոզի լիտվական պատգամավորական խմբին կողմ քվեարկել հայկական դիրքորոշման օգտին: Այժմ Յոզաս Օլեկասը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն է, ում հետ Արտավազդ Սահակյանն անձնական ծանոթություն է ունեցել և առայօր պահպանում է կապը:
Տարբեր տարիների ընթացքում բժիշկ-գիտնականը համահեղինակել է գրքեր, տպագրել հոդվածներ: Հիվանդանոցի իր աշխատասենյակում և տան գրադարանում բազմաթիվ ստեղծագործություններ հենց հեղինակների մակագրությամբ են: Չի բացառում, որ առաջիկայում մարդկանց ու իրադարձությունների մասին իր հետաքրքիր հուշերը կմեկտեղվեն մեկ գրքում, բայց սա առաջիկայում, քանի որ այսօր նա դառնում է 65 տարեկան, ակտիվ վիրահատում է, զբաղվում կլինիկական աշխատանքով, որը շատ ժամանակ է պահանջում:

Երկարամյա գործունեություն համալսարանական հիվանդանոցում
1996թ. առ այսօր Արտավազդ Սահակյանը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչը: Տասը տարի վիրաբույժը զբաղեցրել է նաև համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը:
Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության համալսարանական կլինիկան վերականգնողական, միկրովիրաբուժության կենտրոն է, որը մատուցում է բուժօգնություն 24 ժամ: Մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ այստեղ կատարվում են թիմային աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:
Կլինիկան դարբնոց է այս ոլորտի ուսանողների համար: Այստեղ ապագա բժիշկները ստանում նաև հետդիպլոմային կրթություն: Թիմը կարողանում է գեղագիտորեն լրացնել մարդկային հյուսվածքների անատոմիական և ֆունկցիոնալ բացերը, շտկել բնածին կամ ձեռքբերովի արատները, ինչպես նաև կատարել էսթետիկ միջամտություններ: 1984թ.–ից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:
Արտավազդ Սահակյանի ղեկավարած ամբիոնում կատարվում են կլինիկական և փորձարարական հետազոտություններ` ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտա‎ֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում:
Անգամ երբ զբաղված էր պատգամավորական աշխատանքով որևէ օր վիրաբույժի աշխատանքը չի թողել: Նա վստահ է, որ բժիշկ դառնալու համար առաջնային նախապայմանն է լինել ազնիվ, ունենալ գիտելիքներ, լինել մարդասեր, երբեք չտառապել մեծամտությամբ: Հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին, իհարկե, դժվար է այսպիսին լինել ամենօրյա կյանքում, բայց պետք է ձգտել:
«Կցանկանայի, որ մեր երկրում օրենքը գերիշխեր, որպեսզի բժիշկները լինեին պաշտպանված և ապահոված և երբեք չդավաճանեին մարդասիրության և բժշկության գրված և չգրված օրենքներին», -շեշտում է երկարամյա մասնագետը՝ խորհուրդ տալով երիտասարդներին առանց վարանելու սովորել ավելի փորձառու գործընկերներից:
Բժիշկ է նաև Արտավազդ Սահակյանի ավագ որդին՝ Արամ Սահակյանը: Նա ևս պլաստիկ վիրաբույժ է: Պարբերաբար համատեղ վիրահատություններ են կատարում: Կրտսեր որդին Ռուբենը ռեժիսոր է, բնակվում է Մոսկվայում: Կինը՝ Մարջիկը, դիզայներ է, նկարչուհի: Իր կյանքում անփոխարինելի տեղ ունի ծննդավայրը: Պատահական չէ, որ Տավուշի պատվավոր քաղաքացին հանգստյան մեկ կամ երկու օր ունենալու դեպքում անկախ եղանակից շտապում է Կողբ՝ վայելելու տեղի բնության գեղեցկությունը:
Բազմազբաղ վիրաբույժի առօրյան լցնում ու դրական լիցքեր են փոխանցում նաև թոռնիկները, որոնց հետ շփվելու առիթը նույնպես բաց չի թողնում:

download-1 download-2 download-3 download-4 download-5

Հեղինակ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆԻ անձնական արխիվից
և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ

Նյութի աղբյուրը՝ ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook