Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերն ավելացվել են, ուսումնառությունից հետո արդեն 50 բժիշկ կուղեգրվի մարզեր. Ս. Սողոմոնյան (տեսանյութ).tert.am

Առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերի կտրուկ ավելացման ծրագրից մանրամասներ է ներկայացնում: Ըստ վարչության պետի՝ այս տարի ուսումնառությունից հետո արդեն նախկին 35 բժշկի փոխարեն 50 բժիշկ կուղեգրվի մարզեր: Ըստ Սողոմոնյանի՝ մրցույթով լավագույն արդյունքները  ցույց տված դիմորդներն ընդունվում են նպատակային կլինիկական օրդինատուրա: «Մենք վճարում ենք նրանց ուսման  վարձը և ուսումնառության ամբողջ ընթացքում նրանց կրթաթոշակ ենք տալիս ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով:  Իսկ ապագա բժիշկների պարտավորությունը մեկն է՝ ուսումնառության ավարտից  հետո մեկնել և 5 տարի աշխատել այն մարզային առողջապահական կազմակերպությունում, որտեղ նրանց կարիքը կա»,- ասաց նա: Այս մասին գրում է tert.am-ը:

-Պարո՛ն Սողոմոնյան, նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերը կտրուկ ավելացվել են՝ նախկին 35-ի փոխարեն հատկացվել է 50 տեղ: Կներկայացնե՞ք՝ ընդհանուր ինչ խնդիր է ծրագրի միջոցով լուծվում:

-Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի առողջապահության նախարարի և ԿԳ նախարարի պայմանավորվածության շրջանակներում մեզ  հատկացվող նպատակային օրդինատուրայի նախկին 35-ի փոխարեն այս տարի առաջին անգամ 50 տեղ ենք ստացել, ինչը նշանակում է, որ մենք լրացուցիչ 15 բժիշկ կունենանք, և նրանց ուսումնառության ավարտին ևս 15 բժիշկ մարզերում  աշխատանքի կնշանակվեն: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի գաղափարը հետևյալն է՝ պետությունը մարզային առողջապահական համակարգում ամենապահանջված  մասնագիտություններով հետբուհական կրթություն է ապահովում բժիշկ մասնագետների համար՝ բյուջեի միջոցների  հաշվին, և այդ ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: Այսինքն՝ մենք բաց մրցույթ ենք հայտարարում  Երևանի պետական բժշկական  համալսարանում. դիմորդները դիմում են, և մրցույթի արդյունքում լավագույն արդյունքները  ցույց տված դիմորդներն ընդունվում են նպատակային կլինօրդինատուրա: Մենք վճարում ենք ուսման  վարձը և ուսումնառության ամբողջ ընթացքում նրանց կրթաթոշակ ենք  տալիս այդ պահին ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով:

-Իսկ ի՞նչ պարտավորություններ են ստանում ապագա մասնագետները:

-Պարտավորությունը մեկն է՝ ուսումնառության ավարտից  հետո  մեկնել և 5 տարի աշխատել այն մարզային առողջապահական կազմակերպությունում, որտեղ այդ պահին այդ մասնագետի առավելագույն կարիք կա: Այսինքն՝ երբ որ ավարտում են, գալիս են Առողջապահության  նախարարություն, մենք միասին թափուր աշխատատեղերից ընտրում ենք իրենց համար ամենանպատակահարմար բժշկական կենտրոնը, որտեղ նրանք պետք է աշխատեն, և նշանակում ենք կատարում. Նրանք մեկնում և 5 տարի մարզում աշխատում են: Ինչպես նաև մարզային իշխանությունների հետ մեկտեղ որոշակի խրախուսման փաթեթներ ենք առաջարկում, մասնավորապես՝ մարզերի մեծամասնությունը պատրաստակամություն է հայտնել, որ եթե այդ ուսանողները ոչ տեղաբնակ են, նրանց  բնակարանային վարձի որոշակի փոխհատուցում անել, նույնիսկ կումունալ  ծախսերի, ճանապարհային ծախսի որոշակի փոխհատուցում անել, այսինքն՝ որոշակի սոցիալական աջակցության  փաթեթներ են տրամադրվում մարզային իշխանությունների կողմից, ինչն ավելի շահեկան է դարձնում այս  ծրագրին անդամագրվելը:  Նաև մեր ծրագիրը մի շատ էական առավելություն ունի՝ մենք  երաշխավորված աշխատատեղ ենք ապահովում: Այսօր Բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ ուսումնառության ավարտին բախվում են աշխատանք ունենալու և աշխատանքի անցնելու խնդրին, և պարզվում է՝ իրենց  մասնագիտությունը կա՛մ այդքան էլ պահանջարկ չունի, կա՛մ դժվար է գտնել այդ մասնագիտությամբ աշխատանք, և ստացվում է իրավիճակ, որ  նրանք ունեն մասնագիտություն, դիպլոմ, սակայն տևական  ժամանակ չեն կարողանում աշխատատեղ գտնել: Մեր ծրագիրը երաշխավորում է աշխատատեղ, և մեր յուրաքանչյուր  շրջանավարտ պետական  քննություններից 10 օր անց արդեն նշանակված է լինում աշխատանքի:

-Մշտապես մարզերում բժշկի պակաս կա. կարծում եք՝ այս ծրագրով հնարավո՞ր է լրացնել այդ բացը, և ընդհանրապես ունե՞ք վիճակագրություն, թե ինչքան բժշկի պակաս կա, և տեղաբաշխվածությունն ինչպիսի՞ն է Երևանում և մարզերում:

-Մենք առողջապահական մարդկային ներուժի խիստ անհավասարաչափ բաշխում ունենք Հայաստանի տարածքով, փոխարենը գերհագեցած աշխատաշուկա ունենք Երևանում, որտեղ ամեն 10 000 բնակչին ընկնող բժիշկների քանակը 55 է: Իսկ մարզային բուժհաստատություններում այդ ցուցանիշը 13-ից 18-ի միջակայքում է տատանվում:   Փաստացի մոտ 3 անգամ ավելի շատ բժիշկներ կան Երևանում, քան մարզերում: Այս անհավասարաչափ  բաշխման արդյունքում մարզերում թափուր բժշկական աշխատատեղեր ունենք: Նպատակային  կլինօրդինատուրայի ծրագիրը երբ սկսեցինք 2012 թ-ին, մենք ունեինք շուրջ 500 թափուր աշխատատեղ մարզերում, այս պահի դրությամբ ուրախությամբ պետք է  նշեմ, որ վերջին տվյալներով՝ մոտ 250 թափուր աշխատատեղ ունենք: Այսինքն՝ մեզ հաջողվել է տարբեր միջոցառումների արդյունքում, այդ թվում նաև նպատակային կլինօրդինատուրայի ծրագրով էականորեն նվազեցնել մարզային կադրային պահանջարկը: Սակայն, իհարկե,  մենք դեռ զգալի անելիք ունենք, որովհետև  250 բժշկի պահանջարկը բավական մեծ թիվ է ՀՀ-ի համար: Նպատակային կլինօրդինատուրայի էֆեկտիվությունն ապացուցված է ոչ միայն ՀՀ-ի տվյալներով. այս ծրագիրն աշխարհի ավելի քան 70 երկիր կիրառում է, նպատակային  կրթական ծրագրերը համարվում են հեռավոր գյուղական բնակավայրերում կադրային ապահովման խնդրի լուծման ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, և բոլոր այն երկրները, որոնք կարողացել են այս ծրագիրը կիրառել, էականորեն կարողացել են խնդրի վիճակի դրական բարելավման հասնել:

-Ասացիք՝ 5 տարի պարտադրվում է գնալ, մարզերում որպես բժիշկ աշխատել: Իսկ ունե՞ք տվյալներ՝ 5 տարին լրանալուն պես վերադառնո՞ւմ են, թե՞ շարունակում են աշխատել:

-Մենք շատ լավ ցուցանիշ ունենք, որի մասին ես հպարտությամբ բարձրաձայնում եմ ամեն  առիթով: Այս տարի ուսումնասիրությունները հետևյալն են՝ մեր ծրագրի այն շրջանավարտները, որոնք արդեն իսկ ավարտել են  իրենց պայմանագրային պարտավորությունները, նրանց մոտ 85 տոկոսը պայմանագրային պարտավորությունների ավարտից հետո չի լքել աշխատատեղը մարզում և շարունակում է աշխատել նույն աշխատավայրում: Սա նշանակում է, որ նրանք  այդ 5 տարիների ընթացքում ինտեգրվել են այդ համայնքին, ինտեգրվել են այդ բուժհաստատության կոլեկտիվին, տարածաշրջանն իրենց համար հարազատ է դարձել, որոշներն այնտեղ ընտանիք են կազմել, տուն- տեղ են դրել: 85 տոկոսը նպատակային կրթական ծրագրերի մեջ ՀՀ-ում աննախադեպ բարձր ցուցանիշ է:

-Իսկ հաշվի առնելով, որ բժիշկները նորավարտ են, անմիջապես անցնելով մարզում աշխատանքի՝ փորձի պակասը խնդիր չի՞ առաջացնի:

-Նորավարտ բժիշկ՝ չի նշանակում «անգրագետ բժիշկ», նորավարտ բժիշկներ կան, որոնք կլինիկական օրդինատուրայի ավարտից հետո արդեն իսկ բավականին հմուտ մասնագետներ են լինում: Շատ անհատական է՝ կապված, թե կլինիկական օրդինատուրան ինչպիսի պայմաններում է անցել, ինչպիսի բազային գիտելիքների պաշար է ունեցել ուսանողն ավարտելիս: Քանի որ մեր ծրագրի մուտքը մրցութային է, ապա մենք փորձում ենք  մրցույթի արդյունքում ամենաբարձր ավարտական բալեր  ունեցող երեխաներին ներգրավել  ծրագրում, այսինքն՝ մենք  շատ ունենք մեր ծրագրում կարմիր դիպլոմով ավարտած երեխաներ, բարձր առաջադիմությամբ երեխաներ, և նրանց կլինիկական  օրդինատուրայի ամբողջ ընթացքում Առողջապահության  նախարարությունը հետևում է նրանց ուսմանը, առաջադիմությանը,  նրանց պատրաստվածության մակարդակին, այսինքն՝ փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք հնարավորինս պատրաստված մեկնեն մարզեր:

– Ասացիք, որ մարզերում բժշկի 250 աշխատատեղեր կան, իսկ կա՞ն հաշվարկներ, թե ինչքան  ժամանակում նման ծրագրերով հնարավոր կլինի լրացնել ընդհանուր բացը:

-Եթե մեզ տարեկան հատկացվեր 100 տեղ նպատակային կլինօրդինատուրայի համար՝ մենք 7 տարվա մեջ ՀՀ բժիշկների ամբողջ կադրային պահանջարկը կբարելավեինք: Հույս ունենք, որ այս տարվա 50-ը չի մնա 50, մյուս տարի քանակը կավելացնենք, և մոտավորապես 7-8 տարվա մեջ ոչ միայն նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով, այլ նաև խրախուսման  այլ միջոցների օգնությամբ մենք կկարողանանք այդ 250 բժշկի թափուր կադրային պահանջարկի խնդիրը մարզերում լուծել:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook