Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Սուրբ ծննդի տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում

Հիսուս Քրիստոսի ծնունդ (Հայ առաքելական եկեղեցում՝ և Աստվածահայտնութիւն, քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։‌ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Սուրբ ծննդի տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։

Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Ճրագալույցի Սուրբ պատարագ

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Սուրբ ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook