Friday, April 26, 2024
Նորություններ

Ստենտավորումից հետո բուժումն ընդհատելու դեպքում ինֆարկտը կարող է կրկնվել․ մասնագետ

Եթե կորոնար զարկերակների ստենտավորումից հետո հիվանդը չի կատարում բժշկի հանձնարարություններն ու չի ընդունում նշանակված բոլոր դեղամիջոցները, մեծ հավանականություն կա, որ նրա մոտ կարող են կրկնվել սրտի հետ կապված խնդիրներ՝ ընդհուպ մինչեւ կրկնակի ինֆարկտ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Նա հիշեցրել է, որ Stent For Life ծրագրի շրջանակում ամեն տարի անվճար ստենտավորում է կատարվում սուր ինֆարկտով մոտ 1300-1500 հիվանդների։ Հետագա 6 ամիսներին ստենտավորումը կատարած հիվանդանոցի բժիշկներն անվճար հսկում են նրանց։ Սակայն պետպատվերի շրջանակում այդ հիվանդներին դեղամիջոցներ չի հատկացվում, ու նրանցից ոչ բոլորն են պարտաճանաչ ձեւով գնում դեղամիջոցներն ու կատարում բժշկի բոլոր հանձնարարությունները։ Այդ իսկ պատճառով նրանցից մի քանիսի մոտ խնդիրները շուտով կրկնվում են։

Սրտաբանի խոսքով՝ մոտ 25-30 տոկոս դեպքերում, եթե հիվանդները ընդհատում են դեղորայքային բուժումը, ստենտավորված զարկերակը նորից է փակվում՝ թրոմբով կամ խոլեստիրինի վահանիկներով։ Որոշ հիվանդներ ստենտի ու ստենտավորված զարկերակների հետ խնդիրներ չեն ունենում, բայց եթե նրանք չեն ընդունում նշանակված դեղամիջոցները, նրանց մոտ սրտային անբավարարություն է զարգանում։

Համլետ Հայրապետյանը հիշեցրել է, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է տարբեր աստիճանի ծանրության 5000-10 000 ինֆարկտ։ Սակայն այդ թիվը հնարավոր կլիներ զգալիորեն կրճատել, եթե մարդիկ ավելի առողջ կենսակերպ վարեին ու ժամանակին դիմեին բժիշկներին։

Նյութի աղբյուր՝news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook