Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քանի՞ անգամ է կարելի կեսարյան հատում կատարել

Հայաստանում կեսարյան հատումները ծնունդների ընդհանուր թվի 25-30 տոկոսն են կազմում: Նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ավագյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, կեսարյան հատման վիրահատությունը չի նշանակվում ելնելով կնոջ ցանկությունից: «Դրա համար կարող են լինել միայն բժշկական ցուցումներ, երբ բնական ծննդաբերությունը վտանգ է պարունակում մոր կամ պտղի առողջության համար»,- նշեց նա:

Մինչդեռ այլ պետություններում կինը կարող է պնդել կեսարյան հատում կատարել՝ բնական ծննդաբերությունից վախենալով: Օրինակ՝ Լատինական Ամերիկայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 40-50 տոկոսի:

Փորձագետը նշում է, որ երկունքի ցավերի հանդեպ վախ ունեցող կնոջը պետք է բժշկական խորհրդատվություն տրամադրվի, իսկ անհրաժեշտգության դեպքում՝ հոգեբանի օգնություն: «Հայաստանում այսօր կիրառվում են ցավազրկման բոլոր ժամանակակից միջոցները»,- շեշտեց Ավագյանը::

Կարելի՞ է արդյոք կեսարյան հատումից հետո հաջորդ երեխային ծնել բնական ճանապարհով: Մասնագետը նշում է, որ այդ դեպքում տարբեր գործոններ են հաշվի առնում՝ հետծննդաբերական շրջանում արդյոք բարդություններ չեն եղել, ծննդկանի տարիքը, քաշը, պտղի դիրքը եւ այլն:

Շատ կանանց հետաքրքրում է նաեւ հարցը, թե կեսարյան հատման միջոցով քանի անգամ է կարելի երեխա ունենալ: «Կարելի է 3-4 անգամ, սակայն այն պայմանով, որ կեսարյան հատումը ճիշտ է կատարվել: Մեզ մոտ կանայք են եղել, որոնք այս վիրահատական միջամտությանը ենթարկվել են 6-7 անգամ»,- ասաց Ավագյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այս վիրահատությունը կրկնել 3-5 տարի միջակայքով: «Մենք կանանց կոչ ենք անում պահպանել գոնե երկամյա միջակայք»,- նշեց փորձագետը:

1985 թվականից առողջապահության մասնագետների միջազգային հանրության շրջանում ընդունված էր այն կարծիքը, որ կեսարյան հատում կատարելու հաճախության կատարյալ ցուցանիշը կազմում է 10-15 տոկոս: Ինչպես տեղեկացնում է ԱՀԿ-ն, եթե պոպուլյացիայի մակարդակում այդ հաճախությունն աճում է մինչեւ 10 տոկոս, մայրական եւ նեոնատալ մահացության ցուցանիշները նվազում են: Միաժամանակ, եղած տվյալները վկայում են մահացության ցուցանիշների բարելավման մասին, եթե այս վիրահատությունների հաճախությունը 10 տոկոսից անցնում է:

https://med.news.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook