Wednesday, May 1, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

COVID-19-ն ինքնին նպաստում է թրոմբոզի զարգացմանը. սրտաբան

Կորոնավիրուսային վարակն ինքնին կարող է նպաստել թրոմբագոյացմանն ու թրոմբոզի զարգացմանը։ Այս մասին Tert.am Medicine-ի հետ զրույցում ասաց սրտաբան Արման Դանոյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է COVID-19-ը անդրադառնում սրտանոթային համակարգի վրա և նկատվում է արդյոք հիվանդների թվի աճի միտում։

Մասնագետի խոսքով՝ վերջին մեկ տարում կորոնավիրուսի համավարակի ֆոնին սրտանոթային համակարգի հետ կապված գանգատներով մասնագետներին դիմող հիվանդների թիվը զգալի աճել է, ինչը պայմանավորված է COVID-19-ի՝ թրոմբագոյացմանը նպաստող հատկություններով։

«COVID-19 ինֆեկցիան ենթադրում է թրոմբագոյացման բարձր ռիսկ, իսկ սրտանոթային հիվանդությունները թրոմբագոյացման հետ ուղիղ համեմատական կապ ունեն», – նշեց մասնագետը՝ ընդծելով, որ որոշ փուլերում կորոնավիրուսային վարակն ինքնին արդեն նպաստում է թրոմբոզի զարգացանը։

Անդրադառնալով վերջին շրջանում լուրջ քննարկումների պատճառ դարձած AstraZeneca պատվաստանյութի՝ անոթների վրա հավանական բացասական ազդեցության ու արդեն իսկ առկա խնդիրների դեպքում այդ հավանականության մեծացման հնարավորությանը՝ մասնագետը շեշտեց, որ հնարավոր չէ որևէ ենթադրություն անել, քանի որ դրանք հստակ տվյալներ են, որոնք դեռ ուսումնասիրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

«Թվերն այնքան չեն, որպեսզի հստակ կորելյացիա տեսնենք թրոմբագոյացման և AstraZeneca-ի միջև, պարզապես որոշ երկրներ ապահովության տեսանկյունից ժամանակավորապես դադարեցրել են դրանով պատվաստումները», – շեշտեց բժիշկը։

Ինչ վերաբերում է հնարավոր բացասական հետևանքների հավանականության նվազեցմանն ուղղված միջոցներին, ապա մասնագետն առաջին հերթին խորհուրդ տվեց անպայման դիմել մասնագետին՝ նախ առաջնակի օղակին, իսկ հետագայում արդեն ավելի նեղ մասնագիտացված բժշկին, որն էլ կվարի բուժման ընթացքը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook