Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ամեն ինչ լեղաքարային հիվանդության մասին: Ի՞նչ հետևանքների կարող է բերել: Ե՞րբ է պետք դիմել բժշկին. Հայկ Հարությունյան

-Ի՞նչ է իրենից  ներկայացնում լեղաքարային հիվանդությունը: Ի՞նչ կլինիկական դրսևորումներ ունի:

– Լեղաքարային հիվանդությունը քարերի առաջացումն է լեղապարկում և/կամ լեղուղիներում: Այն բավականին տարածված հիվանդություն է, հաճախ հանդիպում է աշխատունակ տարիքում գտնվող մեծահասակների՝ հատկապես կանանց մոտ: Եվրոպայում և Ամերիկայում լեղաքարային հիվանդությամբ տառապում է կանանց 1/3-ը, իսկ տղամարդկանց 1/4-ը: Քարերի առաջացմանը հիմնականում նպաստում են լեղապարկում լեղու կանգը և նյութափոխանակության խանգարումները:

Լեղաքարային հիվանդության կլինիկական դրսևորումներն են.

  • աջ թուլակողի շրջանում ցավը ՝ հատկապես ճարպոտ, տապակած, կծու կամ  թթու սնունդ օգտագործելուց հետո
  • աջ թիակը, ուսագոտին ճառագայթող ցավը
  • սրտխառնոցը
  • փսխումը
  • այրոցը
  • վքնածությունը
  • բերանում դառնության զգացումը՝ հատկապես առավոտյան ժամերին
  • լեղուղիների խցանման ժամանակ մեխանիկական դեղնուկը, որն արտահայտվում է մեզի մգացումով, կղանքի գունազրկումով, մաշկի և լորձաթաղանթների դեղնությամբ, արյան մեջ բիլիռուբինի, խոլեսթերինի, լեղաթթուների կուտակումով:
    Hayk

-Ձեր նշած ախտանշանները  միայն  լեղաքարային հիվանդությանն է բնորոշ: Անձը՝ ով ունի նույն ախտանշանները, ի՞նչ պետք է անի, ո՞րն է նրա առաջին քայլը:

-Վերոնշյալ ախտանիշները կարող են հանդիպել նաև մի շարք այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդությունը և այլն: ՈՒստի, ախտանիշներից անգամ մեկն ի հայտ գալուն պես, խորհուրդ է տրվում սկզբում անցնել որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն, որը թույլ կտա արագ և մատչելի եղանակով պարզել լեղապարկում քարերի առկայությունը, քանակն ու չափսը:

     -Կենսակերպի փոփոխությամբ, սննդի ռացիոնի փոփոխմամբ  հնարավոր է կանխել լեղաքարային հվանդության առաջացումը :
  –  Անշուշտ կենսակերպը և սննդի ռացիոնը շատ կարևոր են, որոնց միջոցով հնարավոր է լինում կանխել լեղաքարային հիվանդության առաջացումը: Մեխանիզմը բավականին պարզ է. լյարդն արտադրում է լեղի, այն կուտակվում է լեղապարկում, և երբ մենք սնունդ ենք օգտագործում, լեղապարկը կրճատվում է և լեղին արտամղվում է 12 մատնյա աղի, որպեսզի մասնակցի մարսողական պրոցեսներին: Սակայն, երբ մարդը սնվում է անկանոն, հատկապես օրական 1 կամ լավագույն դեպքում 2 անգամ, ապա դա նպաստում է լեղապարկում երկարատև լեղու կանգին, լեղապարկում թանձր փաթիլների կուտակմանը, ինչն էլ անմիջական լեղապարկում քարերի գոյացման նախապայմաններից մեկն է:

– Շատ մարդիկ գիտենալով իրենց խնդրի մասին, որ ունեն լեղաքարային հիվանդություն երկար ժամանակ չեն դիմում  բժշկին, արդյոք վտանգավոր չէ և ի՞նչ հետևանքների կարող է բերել:
-Միանշանակ վտանգավոր է, քանի որ երկարատև բորբոքված լեղապարկին զուգահեռ բորբոքման պրոցեսների մեջ է ընդգրկվում նաև ենթաստամոքսային գեղձը, զարգանում  է խոլեցիստոպանկրեատիտ, որի թե ընթացքը, և թե բուժման եղանակները բավականին երկարատև են, թանկարժեք, ինչպես նաև կարող են առաջանալ մի շարք բարդություններ (պանկրեոնեկրոզ, սեպսիս, բազմաօրգանային անբավարարություն) որոնք անգամ կարող են հանգեցնել մահվան: Բացի այդ, կցանկանայի ավելացնել, որ այն հիվանդները ում մոտ լեղապարկի քարերը մանր են, այսինքն փոքր են 1 սմ-ից, ապա կա մեծ վտանգ, որ նման փոքր քարերը կարող են անցնել լեղածորան, խցանել լեղածորանը, առաջացնել մեխանիկական դեղնուկ, լեղածորանի թարախային բորբոքում, լյարդային անբավարարություն և այլն:

 -Ե՞րբ  է պետք  դիմել բժշկի:  Արդյոք կա՞ն ժողովրդական կամ այլ մեթոդներ հիվանդության բուժման հարցում:
-Կարծում եմ լեղապարկում քարեր հայտնաբերելուց անմիջապես հետո անհրաժեշտ է դիմել վիրաբույժի, քանի որ չկա աշխարհում դեռևս մի դեղամիջոց, խոտաբույս կամ ժողովրդական մի այլ մեթոդ քարերից ազատվելու համար: Ի դեպ նշեմ, որ երբեմն այլընտրանքային այդ մեթոդները, նպաստում են լեղապարկի կրճատմանը, լեղարտադրության շատացմանը, դրանով իսկ նպաստելով մանր քարերի տեղաշարժին դեպի լեղածորան:

  -Մի՞թե վիրահատությունն է միակ լուծումը: Ներկայիս  բժշկությունը  թույլ է տալիս իրականացնել ավելի քիչ տրավմատիկ  վիրահատություններ:

-Այո, լեղաքարային հիվանդության վերջնական բուժման եղանակը վիրահատական եղանակն է, և որքան շուտ է հիվանդը դիմում վիրաբույժին, այնքան ավելի հեշտ կարելի է հեռացնել լեղապարկը լապարասկոպիկ, քիչ տրավմատիկ վիրահատական եղանակով, և հիվանդն արդեն հետվիրահատական 2-րդ օրը կարող է դուրս գրվել հիվանդանոցից առողջացումով:

Ո՞ր  դեպքերում  է կարելի  կիրառելի  լապարասկոպիկ  եղանակով վիրահատություն
-Լապարասկոպիկ եղանակով կարելի է հեռացնել, երբ դեռևս չեն առաջացել լեղաքարային հիվանդության բարդությունները, երբ դեռևս քարերը չեն հայտնվել լեղածորանում, կամ բորբոքման գործընթացին չի միացել ենթաստամոքսային գեղձը (դեղնուկ, խոլեցիստոպանկրեատիտ, խոլանգիտ և այլն):

– Լեղապարկի  հեռացումը  թողնո՞ւմ է  որևէ բացասական հետևանք, որը անվերահսկելի է: Կա՞ն կանոններ, որոնց պետք է հետևի  հիվանդը:

– Լեղապարկի  հեռացումից հետո անվերահսկելի բացասական հետևանքներ չկան, սակայն հաշվի առնելով, որ վիրահատությունից հետո հիվանդի մոտ անընդհատ արտադրվող լեղին անմիջապես հայտնվում է 12 մատնյա աղիքում, վիրաբույժները խորհուրդ են տալիս հատկապես առաջիկա 6 ամիսների ընթացքում, սնվել շուտ-շուտ, քիչ-քիչ, և այդ ժամանակահատվածում խուսափել գրգռող, ճարպոտ, տապակած սննդի ընդունումից: Իսկ վիրահատությունից արդեն մոտ մեկ տարի անց օրգանիզմը հարմարվում է նոր պայմաններին, և խիստ դիետաների կարիք այլևս չի լինում:

   -Հետվիրահատական շրջանը ինչպե՞ս է ընթանում:

– Լապարասկոպիկ եղանակով վիրահատված հիվանդների հետվիրահատական շրջանը բավականին թեթև է ընթանում, գրեթե ցավեր չեն ունենում, և շատ կարճ ժամանակահատված անց կարող են անցնել իրենց բնականոն հունին, իսկ ավանդական բաց եղանակով վիրահատված հիվանդների հոսպիտալիզացիան ավելի երկար է, հետվիրահատական շրջանում ցավերը պահպանվում են համեմատաբար ավելի երկար, իսկ այն հիվանդները ովքեր վիրահատվում են լեղածորանի քարերի կապակցությամբ, մոտ 20-28 օր ստիպված են լինում մնալ լեղածորանում տեղադրված դրենաժով:

Վերջում կցանկանայի պատասխանել շատ հաճախ հիվանդների և հարազատների կողմից հնչող հետևյալ հարցին, հիշեք հնարավոր չէ հիվանդին վիրահատելիս հեռացնել միայն լեղապարկում առկա քարերը, այլապես, արդեն բորբոքված լեղապարկում նոր քարեր կառաջանան:
   Այսպիսով, խորհուրդ մեր ազգաբնակչությանը, լեղաքարային հիվանդություն ախտորոշվելուց անմիջապես հետո անհրաժեշտ է վիրահատական եղանակով ազատվել լեղապարկից և նրանում առկա քարերից, հետագա բարդություններից և հետվիրահատական երկարատև ընթացքից խուսափելու, և օր առաջ կյանքի որակը լավացնելու նպատակով:

Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին: Տարածելիս ակտիվ հղումը պարտադիր է:
Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարեք մեզ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook