Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

5 խորհուրդ՝ ինչպես կանխել երիկամի քարերի առաջացումը

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է NEWS.am Medicine

Երիկամներում քարերը տարածված խնդիր են Հայաստանում եւ աշխարհի մյուս երկրներում։ Վիճակագրության համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչության առնվազն 15 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ բախվել է այդ խնդրին։ Կարելի՞ է արդյոք կանխել միզաքարային հիվանդությունը։

  1. Շատ ջուր խմեք

Ջրազրկումը միզաքարային հիվանդության զարգացման ռիսկի գործոններից մեկն է։ Այդ պատճառով այս հիվանդության կանխարգելման առաջին խորհուրդը շատ ջուր խմելն է։ Կանանց խորհուրդ են տալիս օրական առնվազն 9 բաժակ հեղուկ խմել, իսկ տղամարդկանց՝ առնվազն 13։ Նախընտրելի է մաքուր ջուրը, քանի որ սուրճը, գազավորված ու քաղցր ըմպելիքները, ի տարբերություն ջրի, մեծացնում են քարագոյացման ռիսկը։

  1. Ավելի քիչ աղ օգտագործեք

Սննդակարգում աղի մեծ քանակությունը հանգեցնում է ջրազրկման, այդ պատճառով խորհուրդ է տրվում օրական 5 գրամից շատ աղ չուտել։ Մի՛ մոռացեք, որ պահածոյացված եւ վերամշակված մթերքները՝ երշիկը, ապխտած միսը, կիսաֆաբրիկատները, կարտոֆիլի չիփսերը մեծ քանակությամբ աղ են պարունակում։

  1. Ավելի քիչ սուրճ ու քաղցր ըմպելիքներ խմեք

Կոֆեինն արագացնում է նյութափոխանակությունը եւ կարող է ջրազրկման հանգեցնել: Մեծահասակների համար խորհուրդ տրվող վերին սահմանը կազմում է կոֆեինի օրական 400 միլիգրամը, որը համարժեք է սուրճի մոտ 4 գավաթին: Կարեւոր է հիշել, որ որոշ գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներ, շոկոլադը եւ թեյը նույնպես կոֆեին են պարունակում, այդ պատճառով սրանք նունպես մեծացնում են երիկամներում քարագոյացման հավանականությունը:

Ինչ վերաբերում է քաղցր ըմպելիքներին, դրանք նույնպես կապված են քարագոյացման մեծ վտանգի հետ, ուստի խորհուրդ է տրվում դրանց օգտագործումը եւս սահմանափակել:

  1. Առողջ քաշ պահպանեք

Վտանգի եւս մեկ գործոն է ավելորդ քաշը: Ցանկալի է ավելորդ քաշից աստիճանաբար ազատվել եւ անվտանգ եղանակներով: Ածխաջրերի փոքր եւ կենդանական սպիտակուցների մեծ պարունակությամբ սննդակարգերը նիհարելու համար արդյունավետ են, սակայն երիկամների վրա մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում եւ կարող են մեծացնել քարագոյացման վտանգը:

  1. Ավելացրեք ցիտրատների օգտագործումը

Երիկամներում քարեր ունեցող մարդկանց գրեթե 60 տոկոսի մոտ ցածր է նաեւ ցիտրատների՝ կիտրոնաթթվային աղերի մակարդակը: Ցիտրատների մեծ պարունակությունը խոչընդոտում է երիկամներում քարագոյացմանը: Ցիտրատների լավ աղբյուր է համարվում կիտրոնի կամ լայմայի, նարինջի հյութը, դդումը, մանգոյի հյութը, կարմիր պղպեղի որոշ տեսակներ, հատապտուղները, ծիրանը, արքայախնձորը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook