Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անմիզապահություն

Տարբերում են բացարձակ (լրիվ), հարաբեր, (մասնակի) և գիշերային անմիզապահություն։

Բացարձակ անմիզապահություն

Բացարձակ անմիզապահությունյան դեպքում մշտական միզարձակում է լինում, և մեզը միզապարկում չի պահվում։ Հաճախ այն կապված է միզածորանների, միզապարկի կամ միզուկի բնածին թերությունների, ինչպես նաև տարբեր միզային խուղակների հետ։

Հարաբերական անմիզապահություն

Հարաբերական անմիզապահության ժամանակ լինում է քիչ միզարձակում՝ հազի, արագ քայլելու կամ ֆիզիկական լարվածության դեպքերում, հաճախ կանանց մոտ առաջանում է ծննդաբերական վնասվածքներից հետո։ Այն կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հիվանդությունների հետ։ Այդ ձևի անմիզապահություն բուժելիս (այլ մեթոդների հետ միասին) մեծ է բուժական ֆիզկուլտուրայի դերը։ Վարժությունների համալիրն ընտրում է բժիշկը՝ նկատի ունենալով հիվանդի տարիքն ու ընդհանուր վիճակը։

Գիշերային անմիզապահություն

Գիշերային անմիզապահություն, երբ ակամա միզարձակում է լինում քնած ժամանակ, որպես կանոն, ունենում են երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները։

Պատճառ

Անմիզապահություն կարող է առաջանալ ալկոհոլային հարբեցման ժամանակ

Գիշերային անմիզապահություն կարող է լինել բնածին թերզարգացած միզապարկի, երեխայի ֆիզիկական ընդհանուր թերզարգացման, թլիպանեղացման, միզապարկի բորբոքման և միզասեռական համակարգի այլ հիվանդությունների հետևանքով։ Այն երբեմն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր ֆունկցիոնալ և օրգանական (ուռուցք, բորբոքում) փոփոխությունների հետևանքով։

Կանխարգելում

Գիշերային անմիզապահություն կանխելու նպատակով շատ կարևոր է վաղ մանկական տարիքում մշակել կամային միզարձակում, որի համար անհրաժեշտ է ստիպել երեխային մինչև քնելը անպայման միզել և դրա համար գիշերը ևս արթնացնել։ Տարիքի հետ (12-16 տարեկանում) գիշերային անմիզապահություն սովորաբար դադարում է։

Միզարձակումը զսպելու անկարողություն

Անմիզապահությունից տարբերվում է միզարձակումը զսպելու անկարողությունը, որը կապված է միզապարկի բորբոքման, շագանակագեղձի գեղձուռուցքի, միզաքարային և այլ հիվանդությունների հետևանքով միզապարկի ուժեղ գրգռվածության հետ։ Միզարձակումը զսպել չկարողանալը դադարում է այն առաջացնող հիվանդությունը բուժելուց հետո։

Հետևանքներ

Անմիզապահության ժամանակ մշտապես կամ պարբերաբար միզարձակումը գրգռում, խոնավացնում է սեռական օրգանների, շեքի, ազդրի մաշկը և ազդում է հիվանդի ընդհանուր վիճակի վրա։

Բուժում

Անմիզապահության որևէ ձևի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի: Բացարձակ անմիզապահության դեպքում պահանջվում է վիրահատական միջամտություն:

Անհրաժեշտ է պարզել անմիզապահություն առաջացնող հիմնական հիվանդությունը և բուժել այն: Չնայած տարիքի հետ սովորաբար գիշերային անմիզապահությունը դադարում է, սակայն քանզի հիվանդության առաջացման պատճառները շատ բազմազան են, ցանկալի է որքան հնարավոր է վաղ դիմել բժշկի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook