Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Գույներ, պար և ազգային գաղափար. ներկայացվեց նոր պարային բեմադրություն՝ «ՄինասԷ»

ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում փետրվարի 11-ին «ՄինասԷ» պարային բեմադրության առաջնախաղն էր, որն անդրադառնում է նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքներին և ստեղծագործական կյանքին: Բեմադրիչը Նաիրա Սեդրակյանն է, ով Magnis.News-ի հետ զրույցում նշեց, որ հիմա, ավելի քան երբևէ, ունենք Մինաս Ավետիսյան նկարչի գույների և ազգային գաղափարի կարիքը, քանի որ մենք մեր արմատից հեռացել ենք:
 
Нет описания.
 
«Արմատը հենց ինքը հայրենիքն է: Եթե մենք հեռանում ենք մեր ազգայինից և հայրենիքից, ապա մենք չենք դառնում այն, ինչը պետք է դառնանք: Մենք որքան ամուր կապված ենք մեր արմատին՝ հայրենիքին, այնքան ավելի լավ կարող ենք ծաղկել և հետաքրքիր ծիլեր տանք, և այս ամենն ի նպաստ մեզ: Մենք վերցրեցինք Տիգրան Համասյանի երաժշտությունը և Մինաս Ավետիսյանի նկարների թեման, քանի որ երկուսի հիմնական միտումն էլ եղել է ազգայինը ժամանակակից մոտիվներով ներկայացնելը: Նրանք ազգային արժեքները ժամանակակից մոտեցմամբ են ներկայացնում և հանդիսատեսը կարողանում է իր հետ մի մասնիկ վերցնի և դառնա դրա կրողը»,-նշում է Նաիրա Սեդրակյանը:
 
Нет описания.
 
 
 
«Մեծ մայրս», «Խնոցի», «Սարերում». ներկայացման մեջ ներառված են Մինասի նկարները, ինչպես նաև՝ նրա կնոջը՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանին, նվիրված մի շարք գրաֆիկական պատկերներ: Շեշտը դրել են Մինասի կնոջ կերպարի վրա, քանի որ թե՛ իրական կյանքում, թե՛ ներկայացման մեջ Մինասի մոտիվացիան կինն էր:
 
«Բեմականացումը սկսվում է արվեստանոցի հրդեհի տեսարանով, այրվում է նկարչի 300-ից ավել նկար, որից հետո նրա կինը՝ նկարչուհի Գայանեն, մոտիվացիա է հանդիսանում նրա համար: Ներկայացման մեջ ևս նա բերում է իր ներկերը, որոնցով Մինասը նոր շունչ է ստանում և վերադառնում իր արմատների գաղափարին: Ներկայացման մեջ նաև մորը նվիրված նկարների մասին կա հատված: Մենք օգտագործել ենք շատ գույներ՝ հաղորդելու համար հայրենիքի տրամադրությունը»,- ասաց բեմադրիչը:
 
 
Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)
 
Է-ն խորհրդանշում է գոյություն: Հեղինակներն անվանելով «ՄինասԷ» ՝ ևս մեկ անգամ ներկայացման միջոցով փաստեցին, որ Մինաս Ավետիսյան նկարիչը գոյություն ունի մեր մեջ և մենք պետք է անդրադառնանք նրա գոյությանն ու գույներին:
 
ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի խոսքով՝ ուսանողական թատրոնը հանդես է գալիս տարբեր ժանրի ներկայացումներով՝ պարային, դրամա, կատակերգություն և այլն:
 
«Այս անգամ ներկայացրեցինք պարային ներկայացում, որը այս թատերաշրջանի պրեմիերաներից մեկն է: «ՄինասԷ» պարային բեմադրությունը տևողությամբ երկար չէ, բայց բովանդակությունը հագեցած է:Հանդիսատեսի շարքում ճանաչված թատերագետներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ էին նստած, հատուկ հյուրն էր Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանն, ով ևս նկարիչ է, և բոլորը հիացական կարծիքներ հայտնեցին: Մեզ համար կարևոր է նրանց կարծիքը: Առաջիկայում մենք էլի ունենք պրեմիերաներ, որոնց թվում է «Տանգո Միամոր» ներկայացումը: Նախատեսում ենք մարզային այցեր կազմակերպել հենց այս ներկայացմամբ»,-հավելեց Էրիկ Բարսեղյանը:
 
 
Нет описания.
 
Նշենք, որ «ՄինասԷ» պարային բեմադրության գլխավոր դերակատարներն են Գարբրիել Խուդեդան, Նինա Հայրապետյանը, Լենա Մուրադյանը։
Դերակատարներ՝ Ինեսսա Գրիգորյան, Արփինե Տավարածյան, Լիանա Հարությունյան, Անուշիկ Մուրադյան, Ծովինար Մովսիսյան, Էմմա Բաղդասարյան, Նինա Խաչատրյան, Սուսիկ Հակոբյան, Մարիամ Թորոսյան։ Խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ՝ Աննա Կարապետյան: Կուրսի ղեկավար՝ Մարիամ Ասլանյան:
 
Առաջնախաղի ժամանակ թատրոնի ճեմասրահում տեղադրված էր դրամական հանգանակության արկղ, որի ողջ հասույթը տրամադրվելու է պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին։
Նյութը՝  magnis.news

Leave a Reply

x Close

Like Us On Facebook