Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում

Խնձորը հրաշալի միրգ է, այն հազվադեպ հատկություններ ունի ու շատ օգտակար է։ Այս միրգը հայտնի է արժեքավոր վիտամինների պարունակությամբ։ Խնձորի գրեթե 80%-ը կազմված է ջրից։ Մնացածը բջջանյութ է, օրգանիկ թթուներ ու ածխաջրեր։

Ամենաօգտակարը նոր հավաքած խնձորներն են։ Դրանք առավել հագեցած են օգտակար նյութերով։

Խնձորը հարուստ է պեկտինով, որը լավացնում է աղիների աշխատանքն ու մաքրում է դրանք, պարունակում է Е, В, А, С վիտամիններ։ Այն հարուստ է նաև միներալներով, որոնց շարքում են կալցիումը, մագնիումը, երկաթը, ցինկը, քլորը, ծծումբը, պղինձը։

Խնձորի կալորիականությունը կախված է դրա տեսակից։ Միջինում կարմիր խնձորի էներգետիկ արժեքը 47 Կկալ է, իսկ կանաչինը՝ մոտ 35 Կկալ։ Դիետաների ժամանակ հենց կանաչ խնձորն է խորհուրդ տրվում ուտել։

Երիտասարդացնող էֆեկտ

Չնայած արժեքավոր բաղադրությանը՝ խնձորի գլխավոր հարստությունը հակաօքսիդանտներն են, որոնք նպաստում են մեր օրգանիզմի երիտասարդացմանը։ Այս նյութերի պարունակությամբ խնձորն առաջատար է մրգերի շարքում։ Հենց հակաօքսիդանտների շնորհիվ է խնձորը դանդաղեցնում օրգանիզմի ծերանալը։

Իջեցնում է արյան ճնշումը

Խնձորի մեջ եղած երկաթը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։ Այն հատկապես օգտակար է մեծ քանակությամբ արյան կորստի ու սակավարյունության դեպքում։ Բացի այդ, այս միրգը խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին։ Այն իջեցնում է արյան ճնշումը, քանի որ հանում է օրգանիզմից ավելորդ աղն ու ջուրը։

Լավացնում է մարսողությունը

Խնձորի մեջ կա բորաթթու, սալիցիլաթթու ու կիտրոնաթթու։ Դրանք լավացնում են մարսողությունը՝ խթանելով լեղիի ու ստամոքսային հյութի արտադրությունը։ Խնձորի բուսական բջիջը բնական սորբենտ է, որը թույները հանում է օրգանիզմից։

Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

Խնձորի հյուսվածքները կլանում են աղիների ճարպերը, ինչը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը։ Սննդաբանները եզրահանգել են, որ երեք շաբաթ խնձորի դիետայից հետո խոլեստերինի պարունակությունը կարող է նվազել 30%-ով։

Պաշտպանում են քաղցկեղից

ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորի էքստրակտն իսկապես կանխում է քաղցկեղի բջիջների առաջացումը։

Հակացուցումներ

Թարմ խնձորը խորհուրդ չի տրվում խոց ունեցող մարդկանց` հատկապես 12-մատնյա աղիի, քանի որ դրա մեջ եղած թթուն գրգռում է հիվանդ լորձաթաղանթը։ Իսկ ահա եփած վիճակում (ընկուզեղենով ու մեղրով) կարելի է։ Այն և՛ համեղ է, և՛ օգտակար։
Read more: https://armeniasputnik.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook