Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Միֆեր և փաստեր տենդի մասին

«Սովորեցնել» ծնողներին չվախենալ տենդից և այն ընկալել որպես «ընկեր» բժիշկների ամենադժվար գործերից մեկն է: Խնդիրը նրանում է, որ տենդի մասին ոչ բոլոր պատկերացումներն են ճիշտ. եկեք քննարկենք դրանցից մի քանիսը:

Միֆ 1. Տենդի դեմ պետք է պայքարել, քանի որ այն հաղթելով մենք կհաղթենք հիվանդությունը (ինֆեկցիան):
Փաստ 1. Երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև կապը միանշանակ ուղիղ չէ: Երբեմն բարձր ջերմություն ունեցող երեխան ունի ընդամենը վիրուսային ինֆեկցիա, իսկ պնևմոնիա ունեցող երեխան կարող է ունենալ ընդամենը ենթատենդ՝ 37-38օC: Տենդն ախտանիշ է, այլ ոչ թե հիվանդություն: Նույնիսկ եթե տենդ հարուցող հիվանդությունը վտանգավոր հիվանդություն է, բժշկությունը չունի տենդի առողջության համար վտանգավոր լինելու մասին փաստեր:
Միֆ 2. Տենդը վնասում է ուղեղը, իսկ 40 օC-ից բարձր ջերմության դեպքում արյունը սկսում է եռալ:
Փաստ 2. Ինֆեկցիաների մեծ մասի դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կանգնում է և կայունանում է 39,5-40,0 օC սահմաններում առանց ջերմիջեցնող ընդունելու: Այս ջերմաստիճանը վտանգավոր չէ առողջության համար: Գերտենդը (41 օC-ից բարձր) հազվադեպ երևույթ է և առավել կարևոր է դրա պատճառի բացահայտումը, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր լինել, քանի ինքը գերտենդը:
Միֆ 3. Տենդը վնասում է օրգանիզմին:
Փաստ 3. Տենդը ինֆեկցիայի դեմ հինավուրց ֆիլոգենետիկ պատասխան է: Ջերմությունը պաշտպանիչ բնույթ ունի. շատ բակտերիաներ և վիրուսներ մահանում են բարձր ջերմության դեպքում, իսկ 38,0օC ից բարձր ջերմության դեպքում օրգանիզմի կողմից հիվանդության նկատմամբ հակամարմիններ արտադրող գամմա-ինտերֆերոնի արտադրությունն ուժգնանում է: Եթե ինֆեկցիոն հիվանդության ժամանակ երեխան ունի բարձր ջերմություն, ուրեմն երեխայի առողջության մակարդակը բարձր է:
Միֆ 4. Ցանկացած տենդ պետք է պարտադիր բուժել ջերմիջեցնող միջոցներով և հակաբիոտիկներով:
Փաստ 4. Գոյություն ունեն հստակ չափանիշներ, որոնց մասին կխոսենք ավելի ուշ, թե երբ է պետք իջեցնել ջերմությունը: Մնացած բոլոր դեպքերում այն կնվազի ինքնուրույն՝ առանց միջամտության: Կայուն կարծիք կա, որ երեք օր բարձր ջերմելու դեպքում պետք է ընդունել հակաբիոտիկ: Ո՞վ է որոշել այդ երեք օրը, պարզ չէ: Շատ վիրուսային ինֆեկցիաների դեպքում ջերմությունը կարող է բարձր մնալ երեք օրից ավելի երկար, իսկ հակաբիոտիկների ընդունումը վիրուսային ինֆեկցիաների դեպքում ռացիոնալ չէ, քանի որ դրանք չեն օգնում պայքարել և կարող են ավելորդ ինտոքսիկացիայի հանգեցնել: Գոյություն ունեն հակաբիոտիկային բուժման նշանակման հատուկ չափանիշներ, որոնք հիմնված են ԱՀԿ խորհուրդների վրա, և որոշումը պետք է ընդունվի բժշկի հետ համատեղ:
Միֆ 4. Մարմնի ջերմաստիճանը գնալով կբարձրանա, եթե չմիջամտել:
Փաստ 4. Ոչ, հիվանդությունների մեծ մասի դեպքում ջերմությունը, հասնելով 39,7 – 40,0օC, այլևս չի բարձրանում:

.

Ե՞րբ դիմել բժշկի 

  • Եթե ձեր երեխան երեք ամսականից փոքր է և նրա ջերմությունը 38,0օC-ից բարձր է, անմիջապես դիմեք բժշկի: Այդքան փոքր երեխայի դեպքում հիվանդության ծանրությունը պետք է գնահատի բժիշկը:
  • Եթե երեխան երեք ամսականից մեծ է, ապա կարևոր է գնահատել նրա արտաքին տեսքը և վարքը: Եթե նա իրեն լավ է զգում և նորմալ հեղուկ է խմում, եթե ջերմությունը շատ բարձր չէ և սկսում է իջնել 24 ժամ հետո, բժշկի դիմելու կարիք չկա: Սակայն որոշ մանկաբույժներ կարող են պահանջել, որ անկախ սիմպտոմներից կամ երեխայի ինքնազգացողությունից, երեխայի մոտ 40օC և ավելի ջերմության դեպքում մայրը կապվի իրենց հետ:
  • Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան առաջարկում է, որ ծնողները դիմեն բժշկի, եթե երեքից վեց ամսական երեխայի մոտ 38.3 օC կամ ավելի բարձր ջերմություն է, վեց ամսական երեխայի մոտ 39.4 օC ջերմություն է, և երեխան ունի ախորժակի կորուստ, հազ, ականջացավի նշաններ, անսովոր անհանգստություն կամ քնկոտություն, փսխում կամ լուծ:

.

Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը, անմիջապես դիմեք բժշկի՝ անկախ օրվա ժամից և այլ պայմաններից՝

  • Մաշկի գունատություն, որն ուղեկցվում է երկարատև դողով:
  • Կղանքի մեջ արյուն:
  • Արցունքների կամ լացի բացակայություն:
  • Անսովոր թուլություն՝ երեխային դժվար է արթնացնել, իսկ արթնանալուն պես, նա քնում է:
  • Գիտակցության շփոթմունք:
  • Տենդ, որն ուղեկցվում է հեղուկի զգալի կորստով՝ փսխումներով, լուծով և այլն, և որի արդյունքում երեխան ջրազրկվում է (ջրազրկման նշանների մասին կարդացեք այստեղ)
  • Երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձր է 41,0օC-ից:
  • Ցանկացած տենդի դեպքում, եթե երեխան երեք ամսականից փոքր է:
  • Եթե տենդին զուգահեռ ցավում է նաև երեխայի փորը:
  • Եթե հիմքեր կան կասկածելու, որ տենդի պատճառը ինֆեկցիան չէ, այլ գերտաքացումը, վնասվածքը կամ թունավորումը, երեխային անմիջապես տարեք հիվանդանոց:
  • Թույլ կամ չընդհատվող լաց:
  • Երեք օր անընդմեջ բարձր տենդ:
  • Դժվար (ձայնով) կամ հաճախացած շնչառություն (մինչև 2 ամսական` 60 և ավելի շնչառական շարժում մեկ րոպեում, 2-12 ամսականում՝ 50 և ավելի, 1-5 տարեկան՝ 40 և ավելի:)

37օC ջերմությունը «նորմալ» ջերմություն չէ բոլորի համար: «Նորման» շատ պայմանական է, քանի որ 37 օC միջին վիճակագրական ջերմությունն է: Շատ մարդկանց մոտ նորման ավելի բարձր է կամ ավելի ցածր: Սա հատկապես ճիշտ է երեխաների համար:

Հետազոտությունները պարզել են, որ բացարձակ առողջ երեխաների մեծ մասի մարմնի ջերմությունը տատանվում է 35,9–37,5օC սահմաններում և ընդամենը մի փոքր մասի մոտ է լինում ուղիղ 37օC:

Օրվա ընթացքում երեխայի մոտ կարող է մարմնի ջերմաստիճանի զգալի տատանում լինել. սովորաբար, երեկոյան այն մի ամբողջ աստիճան բարձր է, քան առավոտյան: Ջերմության պատճառը կարող է հիվանդությունը չլինել, այլ, օրինակ՝ շատ և դժվարամարս ուտելիք մարսելը, դեռահաս աղջիկների մոտ օվուլյացիան, բժշկի կողմից նշանակված հակահիստամինի և այլ դեղերի կողմնակի ազդեցությունը և այլն:

Նյութը ՝ kksenyak.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook