Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Կարո՞ղ է ԼԳԲՏ հանրության մասին ֆիլմերի դիտումն ազդել դեռահասների սեռական կողմնորոշման վրա

Դեռահասներից ԼԳԲՏ հանրության մասին ֆիլմերը թաքցնելու կարիք չկա. նախ՝ այդ ֆիլմերը դիտելով՝ դեռահասներն ավելի լավ պատկերացում կունենան այդ հանրության մասին, եւ երկրորդ, եթե դեռահասը հետաքրքրված է ԼԳԲՏ հանրության թեմայով, նա առանց դժվարության իրեն հետաքրքրող նյութերը կգտնի համացանցում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հոգեբան Դոնարա Խանոյանը՝ մեկնաբանելով «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ ԼԳԲՏ հանրության թեմայով երկու ֆիլմերի («Ծիրանի այգին» եւ «Լսիր ինձ») ցուցադրության արգելքը:

Հոգեբանը նշեց, որ չի դիտել այդ ֆիլմերը եւ ծանոթ չէ դրանց սյուժեին: Ամեն դեպքում, մարդու մոտ սեռական կողմնորոշման զարգացումը տեղի է ունենում ոչ թե պատանեկան տարիքում, այլ ավելի վաղ՝ մանկության տարիներին, մոտ 5 տարեկանից: Հենց այդ տարիքում են երեխաները խաղերի եւ շփման միջոցով ճանաչում իրենց ու իրենց շրջապատող աշխարհը: Վաղ տարիքից երեխան իրեն որպես տղա կամ աղջիկ է ընկալում եւ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել այլ երեխաների նկատմամբ: Այդ տարիքից ճիշտ սեռական դաստիարակությունը կարող է կարեւոր դեր խաղալ երեխայի կայացման գործում:

Եվ հակառակը, ծնողների կողմից ոչ ադեկվատ վերաբերմունքը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա: Օրինակ՝ երեխան աշխարհը սկսում է ճանաչել՝ իրեն եւ այլոց հպվելով, այդ կերպ նա բավարարում է իր հետաքրքրասիրությունը: Եթե ծնողը, նման բան տեսնելով, սխալ է արձագանքում եւ բարկանում է երեխայի վրա, երեխան կարող է պարփակվել եւ ապագայում մի շարք խնդիրների ու բարդույթների բախվել:

Սեքսոլոգ Սեւադա Հակոբյանն իր հերթին նշեց, որ գիտությանն առայժմ անհայտ է, սեռական կողմնորոշումն ի ծնե՞, թե՞ ձեռքբերովի հատկություն է: Որոշ գիտնականներ պնդում են, որ շրջապատող աշխարհն ու հանրությունը կարող են ազդել մարդու կողմնորոշման վրա, մյուսներն էլ կարծում են, որ մարդը ծնվում է այս կամ այն կողմնորոշմամբ, եւ ոչ մի գործոն չի կարող ազդել դրա վրա:

Սեքսոլոգը նաեւ նշեց, որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ իրենց սեռական կողմնորոշումը: Ըստ մասնագետի՝ հնարավոր է՝ որոշ դեպքերում նույնասեռականության քարոզչությունը կարող է ազդել նման մարդկանց վրա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook