Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հիրսուտիզմ՝ հավելյալ մազակալում

Հիրսուտիզմ, հավելյալ մազակալում կանանց և տղամարդկանց մարմնի այն հատվածներում, որտեղ հիմնականում դրանք բացակայում են կամ աննշան են արտահայտված։ Այն բնորոշվում է մազերի աճի «տղամարդկային» տեսակով, որը կարող է որևէ լուրջ հիվանդության պատճառ լինել, հատկապես, եթե այն զարգանում է սեռական հասունացումից հետո։ Ազգային կարծրատիպերն ընդդեմ հիրսուտիզմի կարող են պատճառ հանդիսանալ հոգեբանական հյուծման և սոցիալական դժվարությունների։ Դեմքի հիրսուտիզմը հաճախ հանգեցնում է սոցիալական շփումից խուսափելուն և մղում անհանգստության և դեպրեսիայի։

Հիրսուտիզմը հիմնականում էնդոկրին հավասարակշռության խանգարման հետևանք է, որը կարող է լինել մակերիկամային, ձվարանային և կենտրոնական ծագման։ Այն կարող է նաև անդրոգենների բարձր մակարդակի հետևանք լինել։ Մազերի քանակն ու տեղակայումը գնահատվում է Ֆերրիման-Գալվեի սանդղակով։ Հիրսուտիզմը տարբերվում է հիպերտրիխոզից նրանով, որ երկրորդի դեպքում նկատվում է մազերի ակտիվացած աճ՝ մարմնի ցանկացած մասում։

Նշաններ և ախտանշաններ

Jones,_Annie

Հիրսուտիզմը հանդիպում է երկու սեռերի ներկայացուցիչների մոտ։ Անդրոգենների մակարդակի բարձրացումը կարող է կանանց մոտ հանգեցնել մարմնի հավելյալ մազակալմանը, հատկապես այն հատվածներում, որտեղ դրանք սովորաբար չեն աճում սեռահասունացման ընթացքում (կուրծք, որովայն, մեջք և դեմք)։

Պատճառներ

Հիրսուտիզմը կարող է լինել կամ անդրոգենների՝ արական սեռական հորմոնների բարձր մակարդակի, կամ էլ անդրոգենների հանդեպ մազի ֆոլիկուլների զգայունության բարձրացման հետևանք։ Արական սեռական հորմոններն, ինչպես օրինակ տեստոստերոնը, խթանում և արագացնում են մազերի աճը և նպաստում պիգմենտացիային։ Բարձրացած արական սեռական հորմոնների այլ ախտանիշներ են ակնեն, ձայնի հաստացումը և մկանային զանգվածի ավելացումը։ Այս վիճակն անվանում են հիպերանդրոգենիզմ։

Գնալով ավելի շատ տվյալներ վկայում են առ այն, որ շրջանառու ինսուլինի բարձր մակարդակը կանանց մոտ հիրսուտիզմի զարգացման պատճառներից է։ Այս վարկածը բխում է այն հետազոտությունից, որ կանայք, որոնք ունեին ճարպակալում (հետևաբար ենթադրվում է ինսուլինառեզիստենտային հիպերինսուլինեմիա) պատկանում են հիրսուտիզմի զարգացման բարձր ռիսկային խմբին։ Բացի այդ բուժումը, որն իջեցնում է ինսուլինի մակարդակը հանգեցնում է նաև հիրսուտիզմի մեղմացմանը։

Հիրսուտիզմով հիվանդ պացիենտի մոտ անդրոգեն արտադրող ուռուցքի մասին խոսում է հիվանդության հանկարծակի սկիզբը, վիրիլիզացիան և որովայնի նկատելի մեծացումը։

Մինչ լայնածավալ հետազոտությունները պետք է կատարել ամբողջական ֆիզիկալ զննում։ Հետազոտողը պետք է ճանաչի մարմնի տարածուն մազակալումը և վիրիլացման արական տիպը։ Հիրսուտիզմի գնահատման մեթոդներից մեկը Ֆերրիման-Գալվեի սանդղակն է, որը հիմնված է մազակալված հատվածի տեղակայման և քանակի վրա։ Ֆիզիկալ զննումից հետո կարելի է կատարել լաբորատոր և այլ հետազոտություններ՝ այլ պատճառները հերքելու համար։

Նույնիսկ չափավոր հիրսուտիզմով պացիենտների ախտորոշումը պետք է ներառի օվուլյացիայի գնահատումը և ձվարանների ՈՒՁՀ-ը, ձվարանի պոլիկիստոզային համախտանիշի լայնածավալ տարածման պատճառով, ինչպես նաև 17-ալֆա-հիդրօքսիպրոգեստերոնի ստուգումը (21-հիդրօքսիլազի դեֆիցիտի ատիպիկ ձևը հայտնաբերելու համար)։ Շատ կանանց արյան շիճուկում հայտնաբերվում է դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատի բարձր մակարդակ։ 700մկգ/դլ-ից ավել ցուցանիշը խոսում է մակերիկամների դիսֆունկցիայի մասին, հատկապես մակերիկամների բնածին հիպերպլազիայի՝ 21-հիդրօքսիլազի դեֆիցիտի պատճառով։ Այնուամենայնիվ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով պայմանավորված և իդիոպաթիկ հիրսուտիզմը կազմում են դեպքերի 90%-ը։

Այլ ցուցանիշներ, որոնք կարող են գնահատվել հիրսուտիզմի բուժման ժամանակ.

  • անդրոգեններ՝ անդրոստերոն, տեստոստերոն
  • վահանագեղձի ֆունկցիոնալ թեստեր՝ թիրեոտրոպ հորմոն (TSH/ԹՏՀ), տրիյոդթիրոնին (T3), թիրօքսին (T4)
  • պրոլակտին

Եթե ոչ մի հստակ պատճառ չի հայտնաբերվում, ապա հիվանդությունը համարվում է իդիոպաթիկ ծագման։

Անցանկալի մազեր ունեցող շատ կանայք եղանակներ են փնտրում դրանք վերացնելու համար։ Այնուամենայնիվ, մազերի աճի պատճառը պետք է գնահատվի բժշկի կողմից, որը կարող է արյան մի շարք անալիզներ նշանակել, հստակ պատճառը հայտնաբերելու և բուժման ճիշտ ռազմավարություն մշակելու համար։

Աղբյուրը՝ .wikipedia.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook