Tuesday, March 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Մանկական նևրոզ. ինչպե՞ս օգնել երեխային

Նևրոզը մեծապես ազդում է կյանքի որակի վրա, խանգարում ապրել և կյանքից լիարժեք հաճույք ստանալ: Ավելի հասուն տարիքում հնարավոր է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, պահպանել հոգեկան առողջությունը, սակայն երեխան այս առումով անպաշտպան է:: Հոգեպես առողջ երեխա ունենալը մեծապես կախված է ծնողներից:
Մանկական նևրոզի նախանշանների, պատճառների և դրանց հաղթահարման ուղիների մասին խոսել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան  Լիլիթ Խաչատրյանի հետ:

Որո՞նք են մանկական նևրոզի ֆիզիկական և հոգեկան ախտանշանները: Ե՞րբ է պետք անհանգստանալ:

Մանկական նևրոզների ժամանակ  երեխաների մոտ առկա հոգեբանական ախտանշաններից կարող են դիտվել վատ տրամադրությունը, հուզական լարվածությունը և անկայունությունը, անհանգստության զգացողությունը, տագնապայնությունը, կպչուն մտքերի և վախերի առկայությունը, ցածր ինքնագնահատականը: Հաճախ երեխան մեկուսանում է շրջապատից, հրաժարվում շփումներից, կարող է ունենալ մտավոր գործունեության դժվարություններ, հիշողության և ուշադրության կենտրոնացման դժվարություններ նույնպես կարող են նկատվել: Ֆիզիկական գանգատներից կարող են դիտվել ակտիվ քրտնարտադրությունը, սրտխփոցը, գունատվածությունը: Կարող է լինել նաև անքնություն և ախորժակի բացակայություն: Երեխան կարող է ունենալ գլխացավեր, փորացավեր, ինչպես նաև փսխումներ:
Օրինակ` գիտենք, որ որոշ դեպքերում  երեխաները առավոտյան դպրոց գնալուց հաճախ բողոքում են, թե գլուխն է ցավում կամ փորը: Սա նույնպես պետք է  ազդանշան լինի հասկանալու համար, որ երեխայի մոտ գուցե մի բան այն չէ: Հնարավոր է, որ երեխան  դպրոցից խուսափում է, ու սա իր հոգեկան վիճակը ծանրացրել է, և արդեն ֆիզիկական մակարդակում գանգատներ ունի, եթե իհարկե դրանք  մանիպուլացիաներ չեն: Որպես կանոն` մասնագետներն են կարողանում հասկանալ՝ մանիպուլացիաներ են  գանգատները, թե նևրոզի դրսևորումներ:

Ի՞նչը կարող է  երեխայի մոտ նևրոզի առաջացման պատճառ լինել, և ինչպե՞ս կանխարգելել:

Նևրոզի առաջացման պատճառները շատ են, այնուամենայնիվ, նշենք առավել հաճախ հանդիպողները: Պատճառ կարող են լինել մշտական կայուն ընտանեկան կոնֆլիկտները, գերիշխող ծնողի առկայությունը, ծնողական պահանջկոտությունը և սահմանափակումները, ինչպես նաև պատժելիության ոճը, տագնապային և դժվարություններից խուսափող ծնողական ազդեցությունները, հարազատի կորուստը, տեղից տեղ տեղափոխվելը, դպրոցում հարմարվողականության և ուսումնական ծանրաբեռնվածության դժվարությունները, ծնողական գերխնամքը,  երեխայի անձի հանդեպ խիստ, կոպիտ, նվաստացնող  վերաբերմունքը և այլն: Ցանկանում եմ առանձնացնել մեր օրերում հաճախ հանդիպող և երեխայի նևրոզի պատճառ հանդիսացող տարածված իրավիճակ:

Լավ սովորող երեխայի ֆենոմեն

Շատ տարածված և արդիական խնդիր է լավ սովորող երեխայի ֆենոմենը:
Մենք բոլորս երեխաների վրա դնում ենք պարտականություններ, որոնք հնարավոր է, որ չեն համապատասխանում երեխայի կարողություններին և հոգեբանական ռեսուրսներին: Ի՞նչ է տեղի ունենում. երեխան իր վրա բեռ է վերցնում, որպեսզի բավարարի ծնողի, ուսուցչի կամ ընդհանուր միջավայրի ցանկությունը:

Ձևավորվում է լավը լինելու ներքին մեխանիզմ, այսինքն` երեխան մտածում է, որ ինքը պետք  է լավը լինի, որպեսզի իրեն շատ սիրեն, չհիասթափվեն իրենից: Երեխան ընկնում է այս ծանրաբեռնվածության տակ, և ձևավորվում է գերպարտաճանաչ, գերպատասխանատու երեխա, որը չի ուզում խախտել որևէ կանոն: Սա արդեն պատրաստի նևրոզ ունեցող երեխայի առանձնահատկություն է, իսկ ախտանշաններից կարող են լինել վախը  գնահատականի նկատմամբ, նևրոտիկ կպչուն շարժումները և այլն:

Ուզում եմ ասել, որ ծնողները  չպետք է լավ սովորող երեխան դարձնեն լավ մարդ կերտելու չափանիշ: Պետք է առաջնորդվենք հոգեկան առողջության չափանիշներով, այսինքն՝ երեխան ինչքանով է կարողանում հաճույք ստանալ, լիցքաթափվել, կարողանում է արդյոք բավարարել իր ցանկությունները, հետաքրքրությունները:

Չարտահայտված և արգելափակված հույզեր

Նևրոզի կարևոր նախապայմաններից է, երբ երեխան չի կարողանում իր հույզերը ճանաչել, այսինքն՝ երեխան հուզական ապրումը ունենում է, բայց դրան ելք չի տրվում կամ մերժվում է: Օրինակ, կոնֆլիկտի ժամանակ երեխան վիրավորանք և զայրույթ է զգում համադասարանցու նկատմամբ, բայց անմիջապես վախի առկայությունը, որ հնարավոր է իր հետ այլևս ընկերություն չանեն, չի կարողանում լիարժեք զգալ և արտահայտել իր վիրավորանքն ու զայրույթը:

Երբեմն այդ հույզն այնքան սարսափելի ու ցավոտ է լինում երեխայի համար, որ նա սկսում է մոռանալ, փակել, մերժել այլն: Ինչպես գիտենք, այդ մերժված, փակված զգացումները տեղաափոխվում են անգիտակցական մակարդակ և կառավարում են մեզ:

Այդ պատճառով էլ շատ կարևոր է հոգեթերապիան. միայն հոգեբանը ապահով և անվտանգ հարաբերություններով  կարող է անձի հետ ճանապարհորդել իր կյանքի բոլոր փակ դռներով և վեր հանել ցավոտ կողմերը, աֆեկտի փակված մասերը:
Երեխայի հետ անկեղծ, ընդունող, վերլուծող հարաբերության մեջ գտնվող ծնողը նույնպես կարող է հասկանալ երեխայի հուզական ապրումները անհանգստությունները, տրավմատիկ ազդեցությունները:
Ծնողները պետք է հուզական կապի մեջ գտնվեն իրեց երեխայի հետ, ճանաչել տան իր ապրումը, որպեսզի երեխան կարողանա այդ պահին ճիշտ լուծում տալ դրան՝ հետագա հոգեբանական խնդիրներից խուսափելու համար:

Իսկ մանկական նևրոզի ո՞ր տեսակներն են առավել տարածված:

Իմ գործունեության մեջ ավելի հաճախ հանդիպողներից է կպչուն մտքերի նևրոզները:
Դրանք ուղեկցվում են  մշտապես կպչուն մտքերով ու վախերով: Օրինակ, երեխային անընդհատ անհանգստացնում է, որ մայրիկին կամ հայրիկին մի բան կպատահի, կմահանան: Սա անընդհատ է օրվա բոլոր ժամերին, երեխան չի կարողանում ազատվել այս մտքից, դասի վրա չի կարողանում կենտրոնանալ, հեռախոսով զանգահարում է կպչուն ձևով ստուգելու համար ապրում են ծնողները, թե՞ վատ բան է պատահել: Սա կարող է արտահայտվել նաև սեփական կյանքի անհանգստության ձևով, մահվան վախերով և տագնապներով: Սա նևրոզի տիպիկ ախտանշան է, բայց իհարկե սրա հիմքում հոգեբանական չգիտակցված պատմություն է թաքնված, որը բացահայտվում է հոգեթերապիայի ընթացքում: Երեխան չի կարողանում կենտրոնանալ սկսում է տանջվել, տառապել:
Կպչուն մտքերի այլ օրինակ կարող եմ բերել, պատժվելու վախի անգիտակցական մեխանիզմով ձևավորված, երբ օրինակ ծնողը շատ խիստ է,  երեխային մշտապես պատժի համակարգում է պահում, երեխան կորցնում է սեփական ցանկությունների տարածքը,  անընդհատ փորձում  է արդարության ու գծված կանոնակարգի մեջ մնալ: Եթե մի բան հանկարծ անում է կամ նույնիսկ մտածում է, երազում է  սեփական մղումներից ելնելով՝ միանգամից տագնապայնություն է  առաջանում  և սա արդեն  ձևափոխված մտքի տեսքով՝ Աստված պապիկը ինձ կպատժի: Պատժվելու կպչուն միտքերը  սկսում են խանգարել երեխային ապրել և այս դեպքում արդեն լուրջ հոգեթերապիա է անհրաժեշտ: Պետք է և՛ ծնողի հետ աշխատել, և՛ երեխայի։
Տարածված են նաև հիստերիկ նևրոզները և նևրասթենյաները, որոնք ավելի սոմատիկ հյուծվածություններով են արտահայտվում:

Կա կարծիք, որ առկա է որոշակի կապ ծնողի՝ հղիության ընթացքում ունեցած ծանր ապրումների և երեխայի՝ նևրոզին հակված լինելու միջև: ի՞նչ կասեք այս մասին:

Նյարդային համակարգի նախադրյալները, այո, կարող են կապ ունենալ, բայց նևրոզը հոգեծին դրսևորում է՝ արտաքին գործոններվ պայմանավորված: Նյարդային համակարգի նախադրյալները կարող են ուղղակի անձին ավելի ընկալունակ դարձնել արտաքին հանգամանքների և հոգեկան տրավմաների նկատամբ: Մոր վիճակն  ունի փոխանցելիության բնույթ, բայց ոչ թե գենետիկական նախադրյալներով պայմանավորված, այլ՝ ավելի շատ տեսնելով և սովորելով: Այսինքն, երբ նևրոտիկ մայրն անընդհատ վատ է զգում, շտապօգնություն են կանչում, երեխան տեսնում  է վատ, անօգնական վիճակի մեջ գտնվող մորը և ունենում է կորցնելու վախեր: Ձևավորվում է ոչ ապահով միջավայր երեխայի համար: Երեխան չի կարող լիարժեք գիտակցել և հասկանալ կատարվածը և շհավանական է, որ կդառնա նևրոտիկ, տագնապային:

Ինչպե՞ս հոգեպես առողջ երեխա մեծացնել: Ի՞նչ կարևոր խորհուրդ կտաք ծնողներին:

Առաջինը՝ պետք է իրենք հոգեպես առողջ լինեն: Երեխային պետք է սովորեցնեն ապրել, ապրել իրենց կյանքի պատմությունը յուրովի: Երբ արգելքները, պատիժները, պահանջները շատ են, երեխան կորցնում է իր ինքնությունը: Երեխային պետք է սովորեցնել ուրախանալ, հաճույք ստանալ, վստահություն ձեռք բերել իր սեփական ուժերի և այն աշխարհի նկատմամբ, որտեղ ինքն ապրում է:

Նյութը` doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook