Եվրամիության մի շարք երկրներ արդեն բացել են սահմանները զբոսաշրջիկների համար
Նիդեռլանդների կառավարությունը հունիսի 15-ից սկսած իր երկրի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով 16 եվրոպական երկիր մեկնելու թույլտվություն է տվել, հայտնում է Reuters գործակալությունը։
Աղբյուրը փոխանցում է, որ Գերմանիան երկուշաբթի օրվանից չեղարկել է սահմանային հսկողությունը․ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու բացատրություն ներկայացնել, թե որն է այդ երկիր մեկնելու իրենց նպատակը։
Ֆրանսիան բացել է սահմանները Եվրամիությունից և Շենգեն գոտուց ճանապարհորդների համար։ Նշվում է, որ կորոնավիրուսի վարակակիրների մեծ թիվ ունեցող Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից բացի, այլ երկրներից Ֆրանսիա ժամանածներն այլևս ստիպված չեն լինելու կարանտինային ռեժիմում մնալ։
Ֆինլանդիան չեղարկել է Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից ժամանումների սահմանափակումները, քանի որ այս երկրներում վարակման մակարդակը նվազել է՝ հասնելով Ֆինլանդիային։
Իսպանիան, բացառությամբ իսպանական որոշ կղզիների, մինչև հունիսի 21-ը չի պատրաստվում օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել։
Դանիան Իսլանդիայից, Գերմանիայից և Նորվեգիայից զբոսաշրջիկներին կթողնի երկիր մտնել պայմանով, որ վերջիններս նախօրոք 6 գիշերվա համար ամրագրում անեն։
Հունաստանը Եվրամիության 8 երկրից ժամանածների համար պարտադիր կարանտինային գոտի է սահմանել։
Չեխիայում գործող համակարգն արգելում է «նարնջագույն» կամ «կարմիր» գոտում գտնվող երկրներից, ինչպես, օրինակ, Պորտուգալիայից և Շվեդիայից զբոսաշրջիկների մուտքը երկիր։
Նյութը `tert.am