Ի՞նչ է արտաքին և ներքին թութքը
1. Ո՞վ է կոլոպրոկտոլոգը:
2. Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով:
3. Որքա՞ն հաճախ դիմել պրոկտոլոգի:
4. Երբ կան գանգատներ, պետք է պարտադիր դիմել կոլոպրոկտոլոգին: Հիվանդությունների կանխարգելման, վաղ շրջանում ախտորոշման համար ցանկալի է դիմել 1-2 տարին անգամ:
Վերջին տարիներին մարսողական համակարգի հիվանդությունների`թութքի, քաղցկեղի, խոցային կոլիտի, պարապրոկտիտների աճ է դիտվում: Պատճառներն են` էկոլոգիան, սննդակարգը, ապրելակերպը: Շատ կարևոր է աղիների նորմալ գործունեությունը, հարկ է ժամանակին կանխել լուծն ու փորկապությունը, քանի որ կղանքային զանգվածները` կուտակվելով աղու կորություններում, նպաստում են բորբոքումների, տարբեր ախտաբանական փոփոխությունների զարգանալուն:
5. Ինպե՞ս նախապատրաստվել պրոկտոլոգի հետ հանդիպմանը:
Կիրառվում են լուծողականներ և մաքրող հոգնաներ:
6. Ի՞նչ է թութքը:
Թութքը խորշիկավոր մարմնիկների, թութքային հանգույցների գերաճն է, որն ուղեկցվում է արյունահոսությամբ, թրոմբոզով կամ արտանկմամբ:
7. Ի՞նչ է արտաքին և ներքին թութքը և մի՞շտ է այն առաջանում հետանցքի շուրջ:
Եթե հանգույցները գտնվում են ուղիղ աղու և հետանցքային ուղու վերին բևեռում, դա ներքին թութքն է, իսկ եթե առաջանում են հետանցքային ուղու ստորին բևեռի և շրջակա մաշկի հատվածում`արտաքին թութքն է:
8. Ինչու՞ է առաջանում թութքը և ինչպե՞ս կանխել նրա զարգացումը:
Սաղմի զարգացման ընթացքում հետանցքային ուղում առաջանում են խորշիկավոր մամնիկներ, որոնք անհրաժեշտ են հետագայում ներքին սեղմանի գործունեության համար: Եթե ներքին սեղմանի մկանային հատվածը լիարժեք չի կարողանում ապահովել իր ֆունկցիան, դրան օժանդակում են խորշիկավոր մարմնիկները, որոնց գերաճը բերում է հանգույցերի մեծացման:
Թութքն առաջանում է մի շարք նպաստավոր պայմանների առկայության արդյունքում. սնունդը (կծու, թթու կերակուրները), աղիների գործունեության վիճակը (փորկապություն), ապրելակերպը (նստակյաց), ֆիզիկական գործոնները (տաքը, սառը), հղիությունը և ծննդաբերությունը կանանց մոտ: Նշանակություն ունի նաև անատոմիական դիրքը, կապանային համակարգը, բնածին արատները (երկար աղի, բարձր անկյուններ) և այլն, որոնք նպաստում են փորկապությանը:
9. Ինչպե՞ս է արտահայտվում թութքը:
Թութքն արտահատվում է թութքային հանգույցների` խորշիկավոր մարմնիկների գերաճով: Սովորաբար, սկսվում է ներքին թութքի ձևավորմամբ, որի ժամանակ, պացիենտը գանգատվում է հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունից և ոչ լիարժեք կղազատումից: 1,5-2 տարի անց ի հայտ են գալիս . արյունահոսություն, թրոմբոզ, ցավային համախտանիշ, թութքային հանգույցների արտանկում:
10. Որո՞նք են թութքի զարգացման հիմնական պատճառները:
Բոլոր գործոնները էական և հավասարաչափ նշանակություն ունեն:
11. Կարո՞ղ է ինքնուրույն անցնել թութքը:
Սրացման փուլը կարող է անցնել, քանի որ բորբոքային գործընթաց է, որը կարող է նվազել կամ վերանալ: Դա հնարավոր է, եթե նպաստող պայմանները վերացվեն, թեև խորշիկները լիովին վերանալ չեն կարող: Պացիենտն ընտելանում է այդ վիճակին և կարծում է, թե ապաքինվել է:
12. Որքանո՞վ է անհրաժեշտ ռեկտոսկոպիան, ցավո՞տ է, արդյոք, միջամտությունը:
Ոչ թե ռեկտոսկոպիան, այլ` կոլոնոսկոպիան: Դա պարտադիր է հատկապես 45-46 տարեկանն անց անձանց մոտ: Հետազոտության անհրաժեշտությունը բխում է նրանից, որ թութքն առանձին հազվադեպ է հանդիպում` զուգակցվում է հաստ աղու այլ հիվանդությունների հետ, որոնց առկայությունը հարկ է ժխտել կամ հաստատել:
Միջամտությունն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:
13. Ինչպե՞ս նախապատրաստվել կոլոնոսկոպիայի:
Նախապես մաքրվում է հաստ աղիքը՝ կատարվում է հոգնա կամ պացիենտը ստանում է լուծողական` ընդունված է մովիպրեպ դեղամիջոցը, ինչն ուժեղացնում և խթանում է աղեստամոքսային տրակտի պերիստալտիկան և լիարժեք կղազատման շնորհիվ մաքրում ամբողջ ուղին:
14. Ե՞րբ և ինչպե՞ս բուժել թութքը:
Ավելի լավ է կանխարգելել, քան` բուժել: Եթե հիվանդությունը ձևավորվել է, պետք է դիմել կոլոպրոկտոլոգի: Բուժումը պահպանողական է՝ քսուկների, մոմիկների, լոգանքների օգնությամբ: Եթե դրական ընթացք չի նկատվում և գործընթացը համառորեն շարունակվում է, ուղեկկցվում նոր բարդություններով, պետք է դիմել վիրահատական միջամտության
15. Ո՞ր քսուկներն են առավել արդյունավետ թութքի ժամանակ:
Դժվար է ասել և ճիշտ չէ հույսը դնել միայն քսուկների վրա, անհրաժեշտ է համալիր բուժում ստանալ, միաժամանակ, կարգավորել սննդակարգը, ապրելակերպը, վերացնել հիվանդությանը նպաստող այլ պատճառները:
16. Կարո՞ղ է թութքը վերածվել չարորակ ուռուցքի:
Կարող է` ինչպես բոլոր քրոնիկ բորբոքմամբ ախտահարված հյուսվածքների դեպքում: Կա հատուկ տեսություն՝ Վիրխովի տեսությունը, որը վերաբերվում է նաև թութքային հանգույցներին:
17. Հնարավո՞ր է ազատվել թութքից` առանց վիրահատության, բուժել կոնսերվատիվ եղանակով կամ ժողովրդական միջոցներով:
Հնարավոր է: Եթե պահպանողական բուժումն անց է կացվում վաղ փուլերում, այն կարող է արդյունավետ լինել: Օգտագործվում են նաև ժողովրդական տարբեր միջոցներ, թեև լիարժեք արդյունավետ չեն կարող լինել:
18. Թութքը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:
Կարող են լինել արյունահոսություններ, թրոմբոզներ, պարապրոկտիտ, արտանկում և, եթե դա երկար ժամանակ չբուժված թութք է, արտանկման արդյունքում զարգանում է սեղմանի անբավարարություն (հիվանդը լիարժեք չի կարողանում պահել հեղուկ կղանքը և գազերը): Քրոնիկ փորկապությունը կարող է զարգացնել կանգային վիճակ, որի դեպքում կղանքը երկար ժամանակ առնչվելով լորձաթաղանթի հետ, իր պարունակությամբ նպաստում է կանցերոգեն նյութերի առաջացմանը, սպիտակուցների քայքայման շնորհիվ: Արդյունքում առաջանում են կանցերոգեն նյութեր` բերելով լորձաթաղանթում փոփոխությունների և նորագոյացությունների առաջացման:
19. Թութքի բուժման ի՞նչ մեթոդներ կան ներկայում:
Դասական եղանակը վիրահատությունն է: Ներկայում լայն կիրառվում են քիչ ինվազիվ եղանակները: Դրանց թվում են ինֆրակարմիր ֆոտոկոագուլացիան, լատեքսային օղակների կիրառումը, լազերային եղանակը, սկլերոթերապիան, որոնք վաղ փուլերում տալիս են դրական արդյունք, կամ որոշ ժամանակ արդյունավետ են համարվում: Բարդացած ձևերի դեպքում, միանշանակ, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:
20. Խոսենք թութքի բուժման ժամանակ կիրառվող լատեքսային օղակների մասին: Ի՞նչ հավանական բարդություններ կարող են լինել դրա կիրառումից հետո:
Յուրաքանչյուր եղանակ ունի իր բարդությունը: Լատեքսային եղանակը լայն կիրառվող տարբերակներից է: Բարդություններից է արյունահոսությունը: Լատեքսային օղակը ռետինե ժապավեն է, որը` սեղմելով, կասեցնում է արյան շրջանառությունը և մեռուկացնում թութքային հանգույցը: Արդյունքում նեկրոզի ենթարկված հանգույցը պոկվում է:
21. Արտաքին հանգույցների դեպքում կարելի՞ է կիրառել օղակման մեթոդը:
Ոչ: Շատ ցավոտ է և դա հնարավոր չէ կիրառել:
22. Սուր թրոմբոզի ժամանակ անհրաժե՞շտ է, արդյոք, հեռացնել թութքային հանգույցները:
Ցանկալի է սուր գործընթացը բուժել, հետո միայն` վիրահատել: Բայց, քանի որ թրոմբոզն ուղեկցվում է ուժեղ ցավերով, նախընտրելի է անմիջապես կատարել վիրահատական բուժում միայն մասնագիտացված կլինիկաներում:
23. Ի՞նչ արժե թութքի վիրահատությունը:
Վիրահատությունն արժե 220.000 ՀՀ դրամ: Պետ պատվերի շրջանակում անվճար է:
24. Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի թութքի ժամանակ:
Առաջինը սննդակարգի հարցն է, պետք է բացառվեն սուր, գրգռիչ կերակուրները: Երկրորդը՝ խնամքը, քանի դեռ թութքը որպես հիվանդություն չի ձևավորվել, հարկ է սառը ջրով լվացումներ կատարել: Եթե կա ձևավորված թութք, լվացումները պետք է կատարել գոլ ջրով: Անհրաժեշտ է կարգավորել կղազատման ընթացքը, որքան հնարավոր է քչացնել դրա ժամանակ ֆիզիկական գործոնը: Երրորդը՝ ապրելակերպը, պետք է լինի ակտիվ: Այդ ամենին զուգահեռ հարկ է կիրառել նաև բուժական միջամտություններ՝ օգտագործել մոմիկներ և այլն :
25. Ի՞նչ անել թութքի ժամանակ ծննդաբերությունից հետո:
Մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին մինչև ծննդաբերությունը: Ծննդաբերությունից հետո կոլոպրոկտոլոգը նշանակում է բուժում` համաձայնեցնելով այն մանկաբարձ-գինեկոլոգի հետ:
26. Ինչպե՞ս բուժել թութքը տնային պայմաններում:
Տնային պայմաններում նշանակվում է ամբուլատոր բուժում` կոլոպրոկտոլոգի զննումից հետո, որպեսզի բացառվեն մյուս հիվանդությունները: Օգտագործվում են քսուկներ, մոմիկներ, լոգանքներ` կալիումի պերմանգանատի լուծույթով:
http://izmirlianmedicalcenter.com