Sunday, April 28, 2024
Նորություններ

Ագրարային համալսարանի ռեկտորը միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին. բուհը աշխատանք կտրամադրի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին այստեղ բուժում ստացող զինծառայողների հետ:

Բուհի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց աշխատանքի ընդունել տղաներին:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և երիտասարդները, համապատասխան վերապատրաստումներից հետո, ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի:

Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամությունը հայտնեց իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորեց այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է: Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկեցին միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշեցին ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook