Sunday, April 28, 2024
Նորություններ

Ալերգիաներից նախօրոք խուսափել հնարավոր չէ, ախտանշանների սկսվելուն պես պետք է դիմել բժշկի

Գարնանային ծաղկման շրջանը  շատերիս սիրելի սեզոնն է: Գրեթե ամենուր մեզ ուղեկցում են ծաղկած ծառեր՝ իրենց անուշ բույրով, սակայն որոշ մարդկանց համար այդ գեղեցիկ շրջանը կարող է դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառով: Այն  հիվանդություն է, որը զարգանում է ծաղկափոշու և տարբեր տեսակի բորբոսասնկերի նկատմամբ մարդու իմուն համակարգի զգայունությամբ: Այսինքն, ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդիսանում է ալերգեն:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանի հետ զրուցել ենք ալերգիաներից՝ ինչո՞ւ են  գլուխ բարձրացնում գարնանը, ինչպե՞ս կանխել այն և մեղմել իրավիճակը:

Մասնագետը նշեց, որ ալերգիան օրգանիզմի գերզգայուն վիճակն է ինչպես օտարածին, այնպես էլ սեփական անտիգենների նկատմամբ, որն առաջանում է տվյալ օրգանիզմի ռեակտիվականության փոփոխության պատճառով: Ալերգիկ ռեակցիաներ առաջացնող անտիգեններն անվանում են ալերգեններ: Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում վերջին տարիներին գրանցվել է ալերգիկ հիվանդությունների կտրուկ աճ:

Անդրադառնալով սննդային ալերգիաներին՝ մասնագետը նշեց, որ «սննդային ալերգիա» տերմինը ավելի շատ օգտագործվում է, քան իրականում իրենք հանդիպում են գրանցվող դեպքերի: Սննդամթերքի հանդեպ ռեակցիաներն իրենց բոլոր դրսևորումներով կարող են զարգանալ մի քանի մեխանիզմով և դրանցից մեկը հենց սննդային ալերգիան է, որը Հայաստանում ամենափոքր տոկոսն է կազմում: Իսկ հստակ որոշել, որ բուժառուն որևէ սննդամթերքից ունի ալերգիա, կարելի է  ճշտել միայն հետազոտությունների արդյունքում:

Անդրադառնալով հարցին, թե փոշոտման շրջանում Դենդրոպարկ այցելությունն արդյո՞ք նպաստում է ալերգիայի թեթևացմանը կամ վերացմանը, ալերգոլոգը պատասխանեց, որ այն անձինք, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ, պետք է խուսափեն Դենդրոպարկ այցելելուց:

«Ցավոք, մեզ մոտ շատ հաճախ կոչ են անում ալերգիաների ժամանակ այցելել Դենդրոպարկ, սակայն ալերգիկ անձանց դեպքում գրեթե 90 տոկոսն այցելությունից հետո ավելի սուր վիճակում դիմում են բժշկի: Պատկերացրեք, իրենք գնում, մտնում են հենց ծաղկափոշու կուտակման մեջ ու արդյունքում  հիվանդությունն ավելի է  սրանում»,-նշում է Սոնա Հարությունյանը:

Մասնագետը շեշտեց, որ ժամանակները փոխվել են և այն ձևավորված կարծիքը, որ միևնույն է՝ ալերգիաները չեն բուժվում և բուժառուն ամբողջ կյանքում տառապելու է իր ալերգիայի պատճառով, արդեն մնացել է անցյալում, պարզապես պետք է յուրաքանչյուր ոք, ով ունի նման խնդիր, հնարավորինս չզբաղվի ինքնաբուժությամբ, դիմի բժիշկներին, քանի որ Հայաստանում այժմ ձևավորվել է ալերգոլոգիական հրաշալի  դպրոց:

Մասնագետի հավաստմամբ՝  հիվանդությունից նախօրոք խուսափել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով ախտանշանների սկսվելուն պես պետք է դիմել բժշկի:

Շատեր մոտ միջատների խայթոցներից կարող է  ալերգիաներ առաջանալ, ինչպե՞ս կարելի է կանխել կամ մեղմել դա: Ինչպե՞ս հասկանալ, որ որևէ դեղորայքից ունեք ալերգիա և այս դեպքում ի՞նչ է առաջարկում բժշկությունը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Leave a Reply

x Close

Like Us On Facebook