Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՆ-ն մշակել է ծրագիր, որի շնորհիվ կկրճատվի բուժման ընթացքում առաջացած բարդությունների թիվը

Առողջապահական նախարարությունը մշակել է ծառայությունների որակը բարելավող ռազմավարական նախագիծ, որով կկրճատվի բուժման ընթացքում առաջացած պատահարների թիվը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը։

Նման վնասումներից են օրինակ՝ հետվիրահատական խնդիրները, բուժվելու ընթացքում առաջացած ներհիվանդանոցային վարակները, դեղորայքից առաջացած ռեակցիաները, ուշացած կամ սխալ ախտորոշումները։

«Այս խնդիրը գրեթե բոլոր երկրներում էլ առկա է։ Եվրոպական փորձը վկայում է, որ յուրաքանչյուր տասը հիվանդից մեկի մոտ բուժման ընթացքում գրանցվում է բարդություն։ Մեկ այլ ուսումնասիրություն էլ փաստում է, որ այդ վնասումներից հինգից չորսը կանխարգելելի են։ Այս երեւույթները շտկելու համար ֆինանսական ռեսուրսներ են պետք։ Խուսափելու համար անհրաժեշտ է շարունակական կերպով աշխատել առողջապահական ոլորտի որակի վրա»,- նշեց Գաբրիելյանը։

Ծրագիրն ունի վեց հիմնական ուղղություն՝ բուժօգնության որակի կառավարում, կազմակերպությունների կարողությունների հզորացումը, տեղեկատվական համակարգի զարգացում, մոնիտորինգը, պացիենտների ու բնակչության ներգրավումը եւ մոդելի ընտրություն։

«Մենք ընտրել ենք ինտեգրված բժշկական ծառայությունների մոդելը։ Կանխարգելումից մինչեւ վերականգնողական շրջանում բազմաթիվ օղակներ են ընկած։ Օրինակ՝ լինում են շատ հաջող վիրահատություններ, բայց հետագա հետվիրահատական ընթացքում այդ օղակը կտրվում է։ Մեր խնդիրն է, որ համակարգը գործի բոլոր օղակների համար։ Շատ կարեւոր է նաեւ բնակչության մասնակցությունը, ինչի համար պետք է, որ բուժհաստատությունը տվյալները հրապարակի, եւ մարդիկ տեսնեն՝ ինչ գործընթացներ են կատարվում որակի ապահովման մասով»,- ընգծեց Կարինե Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ նախագիծը նախատեսված է 2022-2026 թվականների համար։ Առաջին մեկ տարում կլինեն նախապատրաստական աշխատանքներին, հետո վերապատրաստում եւ մեկնարկ։ Նախապատրաստական նախարարության կազմում կստեղծվի բուժօգնության որակով զբաղվող ստորաբաժանում։

«Ծրագիրը շատ բազմաոլորտ է, եւ այդ ամեն ինչը միանգամից ընդգրկելը շատ անիրատեսական կլինի, դրա համար առաջիկա երկու տարիների համար անհրաժեշտ կլինի պիլոտային ծրագիր։ Պիլոտային ծրագրից հետո մենք նախատեսում ենք միջանկյալ գնահատում, ինչը մեզ հնարավորություն կտա դասեր քաղել շտկումների վերաբերյալ»,- հավելեց Գաբրիելյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook