Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Սաթի Սպիվակովա․ «Կինը պետք է ունենա իր անկրկնելի բույրը»

Մի քանի օրվա լավ քունը՝ ծովափին, լավ սեքսը եւ մեկ ժամ ծուլությունը՝ երբ պարզապես պառկում ես, կարդում, երաժշտություն լսում եւ երազում, կարող են գեղեցկուհի դարձնել ցանկացած կնոջ։ Մոտավորապես այսպիսին է գեղեցկության բաղադրատոմսը՝ ըստ ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովայի։

Նա խոստովանում է, որ միայն երրորդ դստեր ծնվելուց հետո է սկսել հոգ տանել իր մասին, երբ արդեն 30 տարեկան էր։

«Բայց հիմա ես վստահ եմ, որ 20 տարեկանից սկսած պետք է ժամանակ գտնես ինքդ քեզ համար․ դա նման է բանկային հաշվիդ փոխանցված առաջին ներդրումներիդ»,- իր հարցազրույցներից մեկում նշել է 61-ամյա հայուհին։

Նրա խոսքով՝ միայն 30 տարեկանում է սկսել կանոնավոր կերպով այցելել վարսավիրի եւ կոսմետոլոգի մոտ, ամեն օր ժամանակ տրամադրել մաշկի՝ առավոտյան եւ երեկոյան խնամքին, նաեւ սկսել է այցելել մարզասրահ եւ մերսման կենտրոններ:

«Քառասուն տարեկանում ես եկա հստակ համոզման, թե ինչն է կնոջը գեղեցկացնում, եւ հասկացա, որ այլեւս երբեք չէի ցանկանա դառնալ 20 տարեկան… Եվս մեկ բան՝ ես հասկացա, որ մի քանի օր ծովի ափին տասժամյա քունը, լավ սեքսը եւ մեկ ժամ ծուլությունը՝ երբ դու, ուղղակի, պառկում ես, կարդում, լսում երաժշտություն եւ երազում, կարող են ցանկացած աղջկա վերածել գեղեցկուհու»:

Սպիվակովան գեղեցկության իր բաղադրատոմսն ունի՝ աշխույժ տեսք, խնամված մազեր, առողջ ատամներ, երիտասարդ ձայն, հեշտ քայլվածք, ուղիղ մեջք։

«Ոչնչացրեք բոլոր անհաջող լուսանկարները»,-խորհուրդ է տալիս Սաթին,-«Ես դեն կնետեի, գրեթե, բոլորը, որտեղ ես քսանհինգից երեսուներկու տարեկան եմ։ Ես այդ ժամանակ թափառում էի՝ փնտրելով ինքս ինձ եւ իմ ոճը:

«Սովորեք սիրել ձեր մարմինը, նույնիսկ, եթե այն ունի բազմաթիվ թերություններ։ Այն եզակի է, քանի որ այն ձերն է: Կրկին դիտեք «Կնոջ բույրը» ֆիլմը՝ ոչ միայն հանճարեղ Ալ Պաչինոյի համար. կինը պետք է ունենա իր անկրկնելի բույրը:

Եվ, վերջապես,սիրահարվեք․ թեկուզ՝ պլատոնական, անպատասխան, թեկուզ՝ մի քանի րոպեով։ Սերը հակատարիքային ամենակախարդական էլիքսիրն է»,-կարծում է նա։

Աղբյուրը՝ ռուսական Vogue

Leave a Reply

x Close

Like Us On Facebook