Sunday, May 12, 2024
Նորություններ

Արցախցի բուժաշխատողներին կտրամադրվի անցումային ժամանակահատված ՇՄԶ կրեդիտներ կուտակելու համար

ՀՀ Կառավարությունը հաստատել է որոշման նախագիծ, համաձայն որի «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում նախատեսվում է անցումային դրույթ, որով կթույլատրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ եւ ստանալ ՇՄԶ հավաստագիր։

«Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որը հանդիսանում է վերջիններիս համար աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ եւ ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ, ուստի վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր», – նշված է որոշման հիմնավորման մեջ։

Մեկնաբանելով այդ որոշման նախագիծը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներին այդ որոշմամբ կտրամադրվի անցումային ժամանակահատված մինչեւ 2025 թվականի հունվարի 1–ը, որով առանց այդ պահանջը բավարարելու իրենք հնարավորություն կունենան աշխատելու, ընթացքում էլ համապատասխանություն կապահովեն այդ պահանջներին։ «Եվ 2025 թվականի հունվարի 1–ից այդ աշխատատեղերը կզբաղեցնեն այնպես, ինչպես Հայաստանի հանրապետություունում այդ ոլորտի մասնագետները զբաղեցնում էին», – ասաց նա եւ հավելեց, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամանակահատվածը կարող է եւս մի քանի ամսով երկարաձգվել, բոլորին հնարավորություն տալով  այդ համապատասխան ընթացքը սահուն ձեւով անցնելու համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook