Saturday, April 27, 2024
Նորություններ

Բժիշկ-ստոմատոլոգը ներկայացնում է Հայաստանում ստոմատոլոգիայի նորամուծությունները

Հայաստանում ստոմատոլոգիան զարգացնելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ  լուրջ քայլեր են իրականացվում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-ստոմատոլոգ Իննա Գազազյանը՝ պնդելով, որ եթե ոչ հավասար, ապա գոնե բավարար չափով կիրառվում են միջազգային ձեռքբերումները նաև մեր երկրում, իսկ տարածաշրջանում ստոմատոլոգիայի ոլորտում Հայաստանը նույնիսկ առավելություններ ունի:

Բժիշկ-ստոմատոլոգը, մասնավորապես, խոսեց թվային ստոմատոլիոգիայի մասին, որը մուտք է գործել Հայաստան դեռևս 2008թ-ին և ժամանակի հետ ավելի լայն կիրառում է ստանում: Ըստ նրա՝ համակարգի միջոցով ստանում են ապագա ատամների մոդելը, որը հատուկ 3D սկաների միջոցով տեղափոխվում է համակարգիչ և երաշխավորում գերազանց արդյունք:

Ատամնաբույժի խոսքով՝ արդեն  2015թ-ից Հայաստան մուտք է գործել Տրիոս բերանի խոռոչի սկաները, ինչն արդեն նորամուծություն է: «Եթե նախկինում ստոմատոլոգիայի օրթոպեդիկ փուլը մշտապես կատարվել է չափսանյութ կիրառելով (երբ չափսը ստանալուց հետո այն ուղարկվում է տեխնիկական լաբորատորիա, որտեղ ստանում են գիպսից մոդելներ և ենթարկվում մի շարք գործողությունների), այս դեպքում մարդկային գործոնը դեր չի ունենում: Ներբերանային սկաները մեզ թույլ է տալիս անմիջապես բերանի խոռոչի պատկերը տեղափոխել դեպի համակարգիչ` առանց չափսանյութերի` միայն սկանի միջոցով: Սա մեզ թույլ է տալիս խնայել նախ հաճախորդի ժամանակը, իսկ ամենակարևորն այն է, որ ստանում ենք ավելի ճշգրիտ և գերազանց արդյունք»,- ասաց նա:

Իննա Գազազյանը նաև նշեց, որ գիտաժողովներ են կազմակերպվում արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ, ինչն արդեն ավանդական բնույթ է կրում:

Չնայած նրան, որ Հայաստանում ստոմատոլոգիան երաշխավորում է բարձր որակ, ըստ Գազազյանի, գումարային առումով էլ դեռ նկատելի զիջում է միջազգային գներին:

«Միանշանակ այստեղ ավելի էժան է. չեմ վախենա ասել, որ ոչ միայն էժան է, այլ նաև  որակով։ Եվ հետո, եթե մենք արդեն թվային ստոմատոլոգիան ենք կիրառում, դա արդեն լուրջ պատրաստվածության մասին է խոսում»,- ասաց նա:

Ի դեպ՝ բժիշկ-ստոմատոլոգը խոսեց նաև Հայաստանում առկա մշակույթի մասին, երբ ատամնաբույժի մոտ են գնում ծայրահեղ վատ վիճակում:

«Ցավալի է, որ հայավարի, մինչև դանակը չի հասնում ոսկորին՝ չեն դիմում ատամնաբույժներին: Պետք է հասկանալ, որ ատամնաբույժի մոտ գալը պետք է պարտականություն լինի 6 ամիսը մեկ՝ պրոֆիլակտիկ ստուգումների, և դա հնարավորություն կտա խուսափել լուրջ խնդիրներից»,- ասաց նա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook