Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գերճնշումային կրիզ

Գերճնշում կամ արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև զարկերակային գերճնշում, խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։

Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի։ Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։

Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների (օրինակ՝ աորտայի անևրիզմայի), ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։ Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կապվում է կյանքի սպասվող տևողության կրճատման հետ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։

 Գերճնշումային կրիզ

Արյան ճնշման կտրուկ բարձրացումը (սիստոլիկ ճնշումը՝ 180 և ավելի, դիաստոլիկը՝ 110 և ավելի) կոչվում է «գերճնշումային կրիզ», քանի որ այս մակարդակից բարձր արյան ճնշման դեպքում առաջանում է բարդությունների առաջացման վտանգ։ Արյան այսպիսի ճնշման դեպքում հնարավոր է ոչ մի ախտանիշեր չլինեն, սակայն որոշ դեպքերում գրանցվում են գլխացավ (22% դեպքերում) և գլխապտույտ։ Գերճնշումային կրիզի հետ կապված այլ ախտանիշերից են՝ տեսողական խանգարումները, հևոցը՝ սրտային անբավարարության պատճառով կամ ինքնազգացողության ընդհանուր վատացումը՝ երիկամային անբավարարության պատճառով։ Գերճնշումային կրիզով անձանց մեծ մասի մոտ առկա է ճնշման պարբերաբար բարձրացում, սակայն որոշակի դրդիչ գործոններ, հնարավոր է առաջացնեն ճնշման կտրուկ բարձրացում։

«Գերճնշումային անհետաձգելի վիճակ» (անգլ.՝ hypertensive emergency), նախկինում՝ «չարորակ գերճնշում», ախտորոշվում է, երբ կան մեկ կամ ավելի օրգանների՝ արյան ճնշման բարձրացման հետևանքով ուղղակիորեն վնասման նշաններ։ Մասնավորապես՝ գլխուղեղի գերճնշումային ախտահարում (հիպերտենզիվ էնցեֆալոպաթիա), որն առաջանում է ուղեղանյութի այտուցի ու ֆունկցիայի խանգարման արդյունքում և բնորոշվում է գլխացավով և գիտակցության խանգարումով (գիտակցության մթագնում կամ քնկոտություն)։  Հետկրծոսկրային ցավը կարող է վկայել սրտամկանի վնասման (ինչը կարող է հարաճել մինչև սրտամկանի ինֆարկտ), երբեմն նաև՝ աորտայի շերտազատման մասին (աորտայի ներքին շերտի պատռվածք)։ Հևոցը, հազը և արյան հետքերով խորխի առկայությունը թոքերի այտուցին բնորոշ նշաններ են, ինչը թոքերի հյուսվածքի լցվածությունն է հեղուկով՝ ձախ փորոքային անբավարարության հետևանքով, երբ սրտի ձախ փորոքը ի վիճակի չէ համարժեք քանակի արյուն արտամղել թոքերից դեպի մեծ շրջանառության զարկերակային համակարգ։ Կարող է զարգանալ նաև երիկամների ֆունկցիայի արագ խանգարում և մանր արյունատար անոթների ախտահարման հետևանքով զարգացած արյունալուծական սակավարյունություն (միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա)։ Այսպիսի իրավիճակներում պարտադիր է արագ կերպով իջեցնել արյան ճնշումը, որպեսզի օրգանների վնասումը չշարունակվի։ «Գերճնշումային շտապ վիճակ»–ների դեպքում, երբ չկան թիրախ օրգանների վնասման նշաններ, արյան ճնշման շատ արագ իջեցումը հիմնավորված չէ և կարող է վտանգավոր լինել։ «Գերճնշումային շտապ վիճակ»-ների դեպքում նախընտրելի է դեղահաբերով արյան ճնշումը աստիճանաբար կարգավորել 24–ից 48 ժամվա ընթացքում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook