Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Էլեկտրոնային ծխախոտը կարող է վտանգավոր իմունային ռեակցիաներ առաջացնել․ գիտնականներ

Այս մասին գրում է NEWS.am Medicine

Էլեկտրոնային ծխախոտն ամենեւին էլ անվտանգ չէ, հակառակ առայսօր տարածված տեսակետին ու University of North Carolina Chapel Hill-ի պրոֆեսոր Մեհմետ Քեսիմերն ու նրա գործընկերները հերթական անգամ համոզվել են դրանում։ Նրանք պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է օրգանիզմում առաջացնել մի շարք եզակի իմունային ռեակցիաներ, որոնք էլ իրենց հերթին կարող են թոքերի ծանր հիվանդությունների պատճառ դառնալ։

Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են բիոմարկերներ, որոնք վկայում են թոքերի առողջության համար էլեկտրոնային ծխախոտի վնասակարության մասին։ Նրանք համեմատել են էլեկտրոնային ծխախոտ ծխող 15 մարդկանց, սովորական ծխախոտ 14 մարդու ու 15 չծխող մարդու խորխի նմուշները։ Պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ, սովորական ծխախոտ օգտագործողների համեմատ, զգալիորեն բարձր էին որոշ ցուցանիշներ։ Օրինակ, շնչառական ուղիներում բարձր էր նեյտրոֆիլային գրանուլոցիտների ու նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների հետ կապակցված սպիտակուցների քանակը։ Նեյտրոֆիլները կարեւոր են պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ պայքարի համար, բայց մնալով «առանց հսկողության» դրանք կարող են նպաստել թոքերի բորբոքային հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը ու ֆիբրոզը։

Բացի դրանից, նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների քանակն ավելի բարձր էր նաեւ թոքերից դուրս։ Այդ համալիր սպիտակուցային կոնստրուկցիաները սովորական պայմաններում ոչնչացնում են պաթոգեն միկրոօրգանիզմները, սակայն պաթոլոգիական աուտոիմունային վիճակներում դրանք առաջացնում են անոթային բջիջների վնասվածքներ ու ուժեղացնում են բորբոքումը։ Հեղինակները նշում են , որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի որոշվի, արդյոք դրանց քանակի ավելացումն առաջացնում է համակարգային բորբոքային հիվանդություններ, օրինակ գայլախտ, վասկուլիտ կամ պսորիազ։

Գիտնականները նաեւ պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտն առաջացնում է մի շարք բացասական հետեւանքներ, որոնք բնորոշ են սովորական ծխախոտներին։ Վեյփերների, ինչպես եւ սովորական ծխողների մոտ , բարձր էին թթվային սթրեսի ու թոքերի հիվանդության հետ կապված պաշտպանական մեխանիզմների ակտիվացման բիոմարկերները։ Բացի դրանից, էլեկտրոնային ծխախոտի սիրահարների մոտ հայտնաբերվել է լորձի՝ մասնավորապես 5AC մուցինի բարձրացած սեկրեցիա, որի արտադրության ավելացումը կապակցված է թոքային պաթոլոգիաների՝ այդ թվում քրոնիկ բրոնխիտի, բրոնխոէկտազի ու ասթմայի հետ։

Հարկ է նշել, որ հետազոտության արդյունքների միանշանակ մեկնաբանությունը բարդացնում է մեկ հանգամանք՝ 15 վայփերներից 12-ը նախկինում սովորական ծխախոտ է ծխել։

«Այն մոլորությունը, որ էլեկտրոնային ծխախոտն ավելի անվտանգ է, քան սովորականը, առայսօր գոյություն ունի միայն որովհետեւ էլեկտրոնային ծխախոտի կողմնակի էֆեկտները նոր են սկսել ուսումնասիրել։ Մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ էլեկտրոնային ծխախոտները կարող են նույնքան վնասել առողջությանը, որքան սովորական ծխախոտը»,- նշել է բժիշկ Քեսիմերը։

Նյութի աղբյուրը՝   https://med.news.am/arm/news/15946/elektronayin-tskhakhoty-karox-e-vtangavor-imunayin-reakcianer-arajacnel%E2%80%A4-gitnakanner.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook