Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ըմպելիքներում սառույցը վտանգավոր ինֆեկցիաների աղբյո՞ւր է

Ամռան շոգին շատերը ըմպելիքները չեն կարող պատկերացնել առանց սառույցի կտորների: Սակայն ըմպելիքներում սառույցը կարող է վտանգավոր ինֆեկցիաների աղբյուր լինել, հատկապես արտասահմանում հանգստանալիս, նախազգուշացնում է մաշկաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Սառույցը, որպես կանոն, պատրաստում են ջրատարի չեռացրած ջրից, որը ոչ բոլոր երկրներում է խմելու համար պիտանի: Այդ ջրում կարող են վտանգավոր ախտածիններ պարունակվել, որոնցից շատերը միանգամայն կենսունակ են՝ դրանք չեն ոչնչանում նույնիսկ սառցարանում երկար ժամանակ մնալուց հետո, իսկ մարդու օրգանիզմ ընկնելով՝ կարող են աղիքային ծանր ինֆեկցիաներ առաջացնել:

Նման խնդիրներից խուսափելու համար ճանապարհորդությունների ժամանակ խորհուրդ է տրվում խմել միայն շշալցված ջուր, իսկ սառույցից մշտապես հրաժարվել, քանի որ անհնար է վերահսկել սառեցված ջրի որակը:

Մասնագետը խորհուրդ է տալիս էկզոտիկ երկրներում ուտել միայն շատ տաք ճաշատեսակները, որոնք տառացիորեն ձեր աչքերի առջեւ են վառարանից կամ սալիկի վրայից հանել: Նման ճաշատեսակներից ինֆեկցիա ձեռք բերելու հավանականությունը ավելի ցածր է, քան այն ճաշատեսակներից, որոնք ցածր ջերմաստիճանների պայմաններում են պատրաստվել կամ հասցրել են սառել:

Դրանից բացի, մասնագետը խորհուրդ է տալիս ուրիշ երկրներում զգույշ վերաբերվել փողոցում վաճառվող սնունդին, քանի որ հայտնի չէ, թե որտեղ եւ ինչ պայմաններում է այն պատրաստվել: Հարկ է չմոռանալ նաեւ ձեռքերը լվանալու կարեւորության մասին: Եթե դա ինչ-որ պատճառով անհնար է, կարելի է գոնե խոնավ անձեռոցիկներ օգտագործել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook