Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞ՆՉ Է ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՏՐԱԿՏԻ ԴԱՋՎԱԾՔԸ (astghikmc.am)

Աղեստամոքսային տրակտի դաջվածքը էնդոսկոպիկ հետազոտության լրացուցիչ մեթոդ է, որը թույլ է տալիս աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը ներկել էնդոսկոպիկ թանաքով: Հնդկական թանաքով աղեստամոքսային տրակտի դաջվածքներ կատարվել են դեռևս սկսած 1950-ական թվականներից, երբ այն առաջին անգամ նկարագրել է Սաունթրը: Հետագայում Պոնսկին և համահեղինակները 1975 թ. լրացուցիչ հստակեցրել են դաջվածքների դերը հաստ աղու ախտահարումների տեղակայման հարցում: Ներկայումս առավել տարածված է Spot® Endoscopic Marker-ը, որը, ի տարբերություն հնդկական թանաքի, առավել անվտանգ է և գրեթե զուրկ կողմնակի ազդեցություններից:

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ էնդոսկոպիկ թանաքի միջոցով էնդոսկոպիստները կարող են կլինիկական հսկողություն իրականացնել, իսկ վիրաբույժները վիրահատության ընթացքում առավել արագ կարող են հայտնաբերել ախտահարված աղու տեղամասը:

Կոլոնոսկոպիկ դաջվածքները կատարվում են կոլոնոսկոպիայի կամ վիրահատական միջամտությունների ժամանակ չարորակ ախտահարումները (բիոպսիայով հաստատված կամ կասկածելի), դժվար նշմարվող պոլիպները կամ դիսպլաստիկ հատվածները իդենտիֆիկացնելու նպատակով: Ըստ Colorectal Polypectomy and Endoscopic Mucosal Resection (EMR)  ESGE 2017 Clinical Guideline-ի՝ հաստ աղու վերոնշյալ ախտահարումների դեպքում (բացառությամբ երբ այն տեղակայված է կույր աղու  գմբեթի, իլեոցեկալ սֆինկտերի կամ ուղիղ աղու ստորին հատվածի մոտ) անհրաժեշտ է կատարել դաջվածքներ:

Դաջվածքի թանաքը ներարկվում է ենթալորձային շերտ: Դաջվածքներն ունեն կարևորագույն դեր ախտահարված տեղամասի ներվիրահատական տեղակայումը հստակեցնելու հարցում, հատկապես երբ վիրահատությունը պետք է կատարվի լապարասկոպիկ եղանակով:          Բացի այդ, նախավիրահատական դաջվածքներ անհրաժեշտ է կատարել, երբ աղեստամոքսային տրակտի ուռուցքները փոքր չափսի են, ինչպես նաև երբ առկա են լայն ոտիկի վրա տեղակայված պոլիպներ: Աղեստամոքսային դաջվածքներով վիրահատություններ կատարած արտասահմանցի վիրաբույժների 92%-ը էնդոսկոպիկ դաջվածքը համարում են ոսկյա ստանդարտ: Բացի այդ, նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ առանց դաջվածքների կատարված վիրահատությունների 86%-ի տևողությունը առավել երկար է, իսկ 76% դեպքերում ավելի երկար աղեգալար է ռեզեկցվել:

Ասպիսով՝ էնդոսկոպիկ դաջվածքը անվտանգ և արդյունավետ մեթոդ է, որը հստակեցնում է աղեստամոքսային տրակտի ախտահարված տեղամասը: Աղեստամոքսային տրակտի ախտահարված տեղամասի դաջվածքը թույլ է տալիս իրականացնել առավել հստակ վիրաբուժական ռեզեկցիաներ, ինչպես նաև հիվանդների դինամիկ կոլոնոսկոպիկ հսկողություն կազմակերպել:          Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբուժական թիմի ռազմավարության համաձայն՝ շարունակական վերապատրաստումները, արդի բժշկության նորագույն եղանակների և մեթոդների յուրացումը և ներդրումը նոր հորիզոններ են բացում ԲԿ-ի զարգացման գործընթացում: Աղեստամոքսային տրակտի դաջվածքները կարող են մեծ դեր ունենալ «Աստղիկ» ԲԿ-ում ներդրվող լապարոսկոպիկ կոլոռեկտալ վիրաբուժության զարգացման գործընթացում, քանի որ նախավիրահատական շրջանում կոլոռեկտալ գոյացությունները նշելու միջոցով կարելի է առավել արագ և արդյունավետ վիրահատություններ իրականացնել:

     Նյութի աղբյուր՝ astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook