Friday, May 17, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է բիոպսիան, ե՞րբ և ինչպե՞ս է իրականացվում, ի՞նչ ժամկետներում և ինչո՞ւ չպետք է վախենալ «ուռուցք» ախտորոշումից

Ի՞նչ է #բիոպսիան, ե՞րբ և ինչպե՞ս է իրականացվում, ի՞նչ ժամկետներում և ինչո՞ւ չպետք է վախենալ «ուռուցք» ախտորոշումից

🔴Մարդու հիվանդությունների ախտորոշման մեջ ուրույն տեղ է զբաղեցնում հյուսվածքների և բջիջների ուսումնասիրությունը մանրադիտակային եղանակով: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Պաթանատոմիական կլինիկայի ղեկավար, բժիշկ-ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Փառանձեմ Խաչատրյանը նշում է, որ դրա համար մեզ անհրաժեշտ է ստանալ փոքր նմուշներ՝ բիոպտատներ, որոնք որպես կանոն վերցնում են ախտահարման օջախից, ըստ հստակ ցուցումների:

👩‍⚕️Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները այս կարևոր թեմայի մասին։

❓Ե՞րբ և ինչպե՞ս է իրականացվում բիոպսիան

☑️Բիոպսիայի ցուցումները կարող են լինել տարբեր, առնչվել ինչպես ուռուցքային, այնպես էլ ոչ ուռուցքային հիվանդությունների հետ: Բիոպտատներ կարելի է ստանալ գրեթե բոլոր օրգաններից: Ախտահարված օջախի տեղակայումից կախված՝ ստացման եղանակները տարբեր են: Օրինակ, ստամոքսից կամ աղիներից նմուշառում կատարելու համար անհրաժեշտ է կատարել էնդոսկոպիկ հետազոտություն: Այլ օրգանների, օրինակ լյարդի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի ախտահարումների դեպքում ստանում ենք ասեղային բիոպտատներ, ընդ որում՝ նմուշառման ժամանակ ցանկալի է ունենալ ռադիոլոգիական ուղղորդում՝ թիրախին ճշգրիտ հասնելու համար: Շատ ավելի հեշտ է տեսանելի ծածկույթներից, օրինակ մաշկից կամ բերանի խոռոչից նմուշառումը:

❓Ի՞նչ ժամկետում է իրականացվում հետազոտությունը

☑️Բիոպտատների հետազոտությունը ժամկետային առումով ավելի կարճատև է, քան հեռացված օրգանի հետազոտումը, քանի որ բիոպտատը ծավալով ավելի փոքր է, ավելի հեշտ և արագ է ֆիքսվում: Որպես կանոն այն տևում է 1-3 օր, կախված ստանդարտ և հավելյալ ներկումներից: Այլ խնդիր է այն, որ բիոպտատի մշակումը լաբորատորիայից պահանջում է բավականաչափ հմտություն, իսկ ախտորոշող պաթոլոգից՝ պրոֆեսիանալիզմ՝ նվազագույն նյութից առավելագույն ինֆորմացիա ստանալու համար:

❓Ե՞րբ է կատարվում բիոպսիան

☑️Բիոպսիա կատարելու ցուցումները խիստ տարբեր են: Այն կարող է իրականացվել առաջնակի ախտորոշման նպատակով, օրինակ երբ ստամոքսում կա խոցային ախտահարում և պետք է հասկանալ դա պարզապես սրացման փուլում գտնվող խոց է, թե խոցոտված ուռուցք: Մեկ այլ դեպքում կարող է ռադիոլոգիական հետազոտությամբ՝ ուլտրաձայնային, համակարգչային տոմոգրաֆիայի և այլ եղանակով հայտնաբերվի գոյացություն և կարիք լինի պարզել արդյո՞ք դա ուռուցքային ախտահարում է թե ոչ, ուռուցք լինելու դեպքում՝ բարորա՞կ է այն, չարորակ թե սահմանային:

❓Ինչու չպետք է վախենալ «ուռուցք» ախտորոշումից

☑️Առհասարակ «ուռուցք» բառը հանրության կողմից ընկալվում է որպես ճակատագրական ախտորոշում, մինչդեռ ուռուցքները լինում են նաև բարորակ և կյանքին վտանգ չեն սպառնում: Սահմանային և վաղ փուլերում հայտնաբերված չարորակ ուռուցքների արմատական բուժումը ևս կարող է բերել լիարժեք լավացման: Անգամ չարորակ ուռուցք ախտորոշելու պարագայում ժամանակակից բժշկությունը մեծամասսամբ առաջարկում է բուժման տարբեր մեթոդներ և դրանց համադրություններ՝ կյանքի տևողություն և որակ ապահովելու համար: Իհարկե, շատ ավելի գրագետ մոտեցում է առողջությունը «պահպանելը» և հիվանդությունների զարգացումը կանխարգելելը: Սակայն եթե արդեն զարգացել է հիվանդությունը, բիոպսիայի կատարումը ախտահարված օջախում բջիջների և հյուսվածքների մանրադիտակային ուսումնասիրությամբ կարող է էապես ուղղորդել բուժման տակտիկայի ընտրության գործում:

x Close

Like Us On Facebook