Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչով կարող է պայմանավորված լինել սեռական օրգանների քորն ու ինչպես մեղմել տհաճ ախտանշանները

Սեռական օրգանների քորը կարող է բավական տհաճ խնդիր լինել յուրաքանչյուր կնոջ համար: Հաճախ այս ախտանշանից ազատվելը մեծ ջանքեր չի պահանջում, սակայն երբեմն լինում է նաև բուժզննման ու բուժման անհրաժեշտություն: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել սեռական օրգանների քորը, ինչպես նաև խորհուրդներ այդ տհաճ ախտանշանը մեղմելու համար:

1.      Հիգիենայի որոշ պարագաների օգտագործում

Սա քորի ամենատարածված պատճառն է, սակայն այս դեպքում խնդրից ազատվելը բավական հեշտ է լինում: Հարկ է հիշել, որ հոտավետ օճառներն ու գելերը կարող են դառնալ չորության ու գրգռման պատճառ, որոնք էլ հաճախ դրսևորվում են քորի տեսքով: Բացի այդ, նման տհաճ խնդիրներ կարող են առաջացնել նաև բեղմնականխիչ միջոցները, որոշ քսուքները, լվացքի փոշիներն ու կոնդիցիոներները, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և տհաճ ախտանշանների ի հայտ գալու դեպքում փորձել այլ միջոցներ:

2.      Դաշտանադադարի հետևանքով առաջացած չորություն

Դաշտանադադարից հետո կանանց օրգանիզմում նվազում է էստրոգենի արտադրությունը, ինչի հետևանքով ի հայտ են գալիս մի շարք տհաճ ախտանշաններ: Դրանց շարքին են դասվում հեշտոցի լորձաթաղանթի չորությունը, գրգռվածությունն ու քորը: Կան տարբեր միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից, սակայն մինչ դրանց կիրառումը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

3.      Սնկային վարակ

Կանդիդա սնկերը կան յուրաքանչյուր կնոջ հեշտոցում, սակայն, որպես կանոն, դրանք որևէ խնդիր չեն առաջացնում: Այնուամենայնիվ՝ երբ հեշտոցում նվազում է օգտակար բակտերիաների քանակը, կանդիդա բակտերիաները սկսում են ակտիվորեն բազմանալ, ինչը հանգեցնում է սպիտակավուն հեշտոցային արտադրության ու քորի առաջացման: Ընդ որում՝ սնկային վարակը շատ հաճախ սկսում է զարգանալ հակաբիոտիկներով բուժման կուրս անցնելուց հետո:

4.      Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

Քորը կարող է պայմանավորված լինել նաև սեռավարակներով, որոնց դեպքում ի հայտ են գալիս նաև մի շարք այլ տհաճ ախտանշաններ (օրինակ՝ արտասովոր արտադրություն): Նման հիվանդությունների շարքին են դասվում սեռական հերպեսը, տրիխոմոնիազը, գոնորեան և խլամիդիոզը:

5.      Բակտերիալ վագինոզ

Բակտերիալ վագինոզը պայմանավորված է լինում հեշտոցի միկրոֆլորայի դիսբալանսով, որի դեպքում նվազում է օգտակար բակտերիաների քանակը, իսկ վնասակար միկրոօրգանիզմները սկսում են ակտիվ կերպով բազմանալ: Այս հիվանդությունը դրսևորվում է այնպիսի տհաճ ախտանշաններով, ինչպիսին են քորը, այրոցը և շատ տհաճ հոտով հեշտոցային արտադրությունը:

6.      Մաշկային հիվանդություններ

Հազվադեպ սեռական օրգանների քորը կարող է պայմանավորված լինել անգամ որոշ մաշկային հիվանդություններով (օրինակ՝ պսորիազ, էկզեմա): Այս հիվանդությունները վարակիչ չեն և հազվադեպ են ախտահարում սեռական օրգանների հատվածը, սակայն կարող են դառնալ գրգռվածության, կարմրության ու քորի պատճառ:

7.      Ամոթույքի քաղցկեղ (рак вульвы)

Քորը խիստ հազվադեպ է պայմանավորված լինում ամոթույքի` կանանց արտաքին սեռական օրգանների քաղցկեղով, սակայն ամեն դեպքում հարկավոր է ավելի ուշադիր լինել: Քաղցկեղի այս տեսակը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, սակայն կարող է դրսևորվել քորով, ցավով ու արյունահոսութուններով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է տարեկան մեկ անգամ անպայման անցնել գինեկոլոգիական բուժզննում, ինչը կօգնի ժամանակին հայտնաբերել ախտաբանությունները և ազատվել դրանցից:

Ինչպես մեղմել քորն ու տհաճ զգացողությունները

Սեռական օրգանների քորը ոչ միշտ է վկայում լուրջ ախտաբանության մասին, ուստի անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա: Սկզբնական շրջանում կարելի է փորձել ինքնուրույն մեղմել տհաճ զգացողությունները, սակայն եթե որոշ ժամանակ անց խնդիրը չի անհետանում, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Կան մի շարք պարզ քայլեր, որոնք կօգնեն մեղմել քորն ու տհաճ զգացողությունները և կանխել խնդրի հետագա բարդացումը: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս.

·        ամեն օր լվացվել գոլ ջրով՝ օգտագործելով առանց որևէ հոտի միջոցներ,

·        խուսափել ջրի շիթերի ուժեղ հոսանքից,

·        կրել բամբակյա ներքնազգեստ և հաճախ փոխել այն,

·        չօգտագործել հոտավետ հիգիենայի պարագաներ,

·        խուսափել անկանոն սեռական կապերից ու միշտ պաշտպանվել,

·        խուսափել սեռական ակտից մինչ տհաճ ախտանշաններից ազատվելը,

·        չքորել ախտահարված հատվածը, քանի որ դա միայն էլ ավելի կվատացնի վիճակը:

Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook