Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս և ինչո՞վ մերսել փոքրիկին․ մանկաբույժի խորհուրդները

Նորածիններն առանձնահատուկ խնամքի և ջերմության կարիք ունեն: Մանկիկի մասին հոգ տանելը ծնողների համար ինքնատիպ փորձառություն է, որի ընթացքում նրանք արտահայտում են նաև իրենց քնքշանքը, ինչպես, օրինակ, մերսման դեպքում։  Մերսումը գուցե պարտադիր չէ, սակայն խրախուսելի է: Նորածնի մերսման տարբերակների և արդյունավետության վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ:

Մերսման առավելությունները

Ընդհանրապես կիրառվում են բուժական և պրոֆիլակտիկ մերսումներ: Մասնագետն իրականացնում է բուժիչ տարբերակը, իսկ երեխայի մայրիկը՝ սովորական, ռելաքս մերսումը: Ռելաքս տիպի առավելությունն այն է, որ  մերսումների ժամանակ մայրն ավելի կենտրոնացած է բալիկի վրա, հպումներից փոքրիկը ստանում է մեծագույն հաճույք, զգում իրեն ապահով: Բուժական մերսման որոշ էլեմենտներ կարող է իրականացնել նաև մայրը, բայց միայն բժշկի ցուցումներով: Օրինակ՝ երեխան ունի լարվածություն պարանոցի հատվածում, և գլուխը միշտ մի կողմի վրա է թեքում: Թե ինչ անել, կասի ու կսովորեցնի մասնագետը:

Փոքրիկներից շատերի մոտ նաև առկա են լինում աղիքային խիթեր (կոլիկաներ), ուստի օգտակար է որովայնի մերսումը նորածնային շրջանում: Այն կատարվում է միայն պորտալարի մնացորդի ընկնելուց և վերքի ամբողջական ապաքինումից հետո: Տվյալ դեպքում մերսումներն անհրաժեշտ է կատարել նրբորեն, ժամացույցի սլաքի ուղղությամբ, երբեմն էլ՝ աննշան սեղմումներով:

Մարմնի ո՞ր հատվածները մերսել, ե՞րբ և ի՞նչ տևողությամբ 

Թույլատրելի է մերսել մարմնի բոլոր հատվածները: Շարժումները պետք է շոյող բնույթ կրեն, կարելի է թեթև կմճտել: Մերսման ժամանակահատվածը կախված է երեխայի ռեժիմից: Ուտելուց հետո անմիջապես մերսելը ճիշտ չէ, սակայն փոքրիկը քաղցած էլ չպետք է լինի: Լավ կլինի՝ ուտելուց մեկ ժամ անց իրականացնել:

Մերսում կատարելիս մայրիկը պետք է ուշադրություն դարձնի երեխայի արձագանքին: Եթե փոքրիկը հանգիստ պառկել ու ժպտում է, բերանը մի փոքր բաց է, հայացքով հետևում է մայրիկին, նշանակում է՝ բավականություն է ստանում և ամեն ինչ արվում է ճիշտ: Հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև երեխան արտահայտի իր դժգոհությունը, հասկացնի՝ բավարար է, հոգնել է:

Պարզ կանոններ

. Սառը ձեռքերով չի կարելի հպվել նորածնին:

. Մերսումից առաջ մայրիկը պետք է լվանա ձեռքերը:

. Մայրիկի եղունգները պետք է լինեն կարճ, խնամքով կտրված:

. Չի կարելի կրել զարդեր, որոնք կվնասեն փոքրիկի փափուկ, նուրբ մաշկը:

Ի՞նչ յուղեր օգտագործել նորածնին մերսելիս

Անհրաժեշտ է կիրառել մանկական յուղեր: Դրանք կօգնեն նվազեցնել անմիջական շփումը և անհարմարություն չպատճառել երեխային: Մանկական յուղերը պետք է լինեն հիպոալերգեն, որպեսզի մաշկը չգրգռվի: Օգտագործելիս հարկավոր է պահպանել զգուշություն: 0-1 տարեկանի դեպքում կարող եք ընտրել զեյթունի ձեթ, այսինքն՝ այնպիսի յուղ, որը սննդի մեջ օգտագործվում է ու մերսման ժամանակ երեխայի բերանը ներթափանցելու պարագայում չի վնասի: Շոգ եղանակային պայմաններում հնարավոր է մերսումն իրականացնել հիպոալերգեն ցանափոշու օգնությամբ:

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Նյութը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook