Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես ախտորոշել և բուժել լյարդի էխինոկոկոզը

Պարզաբանում է ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ,
Աստղիկ ԲԿ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Վաչագանի Հարությունյանը

Էխինոկոկը պարազիտար հիվանդություն է, որն առաջացնում է տափակ որդը: Հայաստանը (ինչես նաև ամբողջ Կովկասյան տարածաշրջանը) համարվում է էխինոկոկի համար էնդեմիկ օջախ: Էխինոկոկով կարող են վարակվել բոլոր կաթնասուն կենդանիները: Հասուն որդը գտնվում է վերջնական տիրոջ /շներ, գայլեր, այլ գիշատիչներ/ աղիներում, որտեղից որդի ձվերը կղանքի հետ դուրս են գալիս և տարածվում են արտաքին միջավայր: Էխինոկոկի միջանկյալ տերեր են համարվում մարդը, խոշոր և մանր եղջերավոր անասունները, խոզերը, ձիերը: Վերջնական տերերի վարակումը տեղի է ունենում էխինոկոկով վարակված միջանկյալ տերերի օրգանները ուտելուց:

Մարդը կարող է վարակվել.

  • վարակված կենդանիների հետ շփվելուց,
  • հիգիենայի կանոնները խախտելուց,
  • անլվա մրգեր և բանջարեղեններ ուտելուց,
  • որոշ սանիտարահիգիենիկ պայմանները խախտող սննդի սպասարկման կետերում ուտելիքներ, աղցաններ ուտելուց։

Որդի ձվիկները ընկնելով օրգանիզմ, բարակ աղու պատով թափանցում են երակներ կամ ավշային անոթներ և դրանցով հասնում լյարդ: Եթե էխինոկոկի ձվիկը /սկոլեքսը/ չափսերով մեծ է, այն լյարդի ֆիլտրացիոն համակարգով անցնելից ֆիքսվում է լյարդում և այնտեղ առաջացնում էխինոկոկային բուշտ, իսկ եթե չափսերով փոքր է` անցնելով լյարդի պաշտպանական մեխանիզմներով կարող են ընկնել արյան շրջանառություն և տեղակայվել ցանկացած օրգաններում /առավել հաճախ թոքերում/: Միաժամանակ կարող են հանդիպել մի քանի էխինոկոկային բշտեր, տարբեր օրգաններում:

Էխինոկոկի բուշտն իրենից ներկայացնում է սպիտակ կամ սպիտակադեղնավուն գույնի կլոր գոյացություն, որը լցված է հեղուկով: Կիստաները լինում են եզակի և բազմակի: Կիստայի պատն ունի 2 շերտ արտաքին`խիտինային թաղանթ և ներքին` հերմինատիվ թաղանթ, վերջինս կազմված է բջիջներից, որոնցից ձևավորվում են դուստր բշտեր: Օրգանիզմի կողմից էխինոկոկային բշտի շուրջ առաջանում է ֆիբրոզ պատյան: Բշտի պատռման դեպքում դուստր բշտերը սերմնացրվում են և աճում են նոր բշտեր:

Սկզբնական շրջանում էխինոկոկի ձվիկները հայտնվելով մարդու օրգանիզմում երկար ժամանակ /ամիսներ, տարիներ/  կարող են մնալ թաքնված, չունենալ որևէ կլինիկական դրսևորում: Կլինիկական պատկերն ի հայտ է գալիս այն ժամանակ երբ բուշտը չափերով մեծանում է, սկսում է ճնշել հարևան օրգաններին և հյուսվածքներին:

2222

Հիվանդները կարող են  ունենալ հետևյալ գանգատները.

  • ծանրության զգացում որովայնում,
  • բութ ցավեր աջ թուլակողում,
  • լյարդի չափսերի մեծացում,
  • սրտխառնոց /ստամոքսի վրա ճնշման դեպքում/,
  • որովայնի առաջային պատի փքում /լյարդի առաջային ստորին հատվածում տեղակայվելու դեպքում/,
  • ստոծանու աջ գմբեթի ձևախախտում /լյարդի ենթաստոծանիական հատվածում տեղակայվելու դեպքում/,
  • պորտալ հիպերտենզիա /դռներակի ճյուղերի ճնշման դեպքում/,
  • աղիքային անանցանելիություն /12 մատնյա աղու ճնշման դեպքում/,
  • մեխանիկական դեղնուկ /լեղուղիների ճնշման դեպքում/,
  • խոլանգիտ /դեպի լեղուղիներ բշտի պատռման դեպքում/,
  • բշտի պարունակության թունավոր ազդեցություն /անեմիա, էոզինոֆիլի, նևրիտներ, էպիլեպտանման նոպաներ, ալերգիկ ցանավորումներ/ և այլն։

ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Լյարդի էխինոկոկոզի ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել․

  • ինֆորմատիվ և առավել մատչելի որովայնի խոռոչի սոնոգրաֆիա,
  • տարբերակիչ ախտորոշման համար ԿՏ և ՄՌՏ հետազոտություններ,
  • էխինոկոկի նկատմամբ հակամարմինների /IgG/ որոշում, սակայն այն էխինոկոկոզով պացիենտի մոտ կարող նաև չհայտնաբերվել։

Screenshot 2023-11-29 004559

ԲՈՒԺՈՒՄԸ

Շատ հազվադեպ փոքր բուշտը կարող է կրակալվել, և նման ելքը կարող է գնահատվել ինքնալավացում:

Բոլոր մյուս դեպքերում, հաշվի առնելով հնարավոր բարդությունների բարձր հավանականությունը, ցուցված է վիրահատական բուժում:

33333

Վիրահատությունները հնարավոր է իրականացնել ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով՝ վերջինիս ընտրության հարցում վճռորոշը բշտի չափսն ու տեղակայումն են։

Screenshot 2023-11-29 004718

Տարբերում են էխինոկոկէկտոմիայի երկու տեսակ`բաց և փակ:

Բաց էխինոկոկէկտոմիայի դեպքում կատարվում է բշտի պունկցիա, հատվում է բշտի խոռոչը, հեռացվում է մակաբույծի խիտինային թաղանթն ամբողջությամբ, խոռոչը մշակվում է սկոլիցիդային հատկություն ունեցող դեղամիջոցով /ֆորմալին, հիպերտոնիկ լուծույթ, գլիցերին, գլյուկոզա/: Թարախակալված բշտի պատճառով վիրահատության ժամանակ մնացած խոռոչը դրենավորում են, իսկ մնացած դեպքերում ձգտում խոռոչի վերացման /պատերի կարում, ոտիկի վրա ճարպոնի տամպոնադա, ֆիբրոզ թաղանթի խորասուզում/:

89

Փակ էխինոկոկէկտոմիան իրականացվում է առանց խիտինային թաղանթի ամբողջականության խախտման: Վիրահատական այս տեսակը համարվում է իդեալական էխինոկոկէկտոմիա: Այն ընդգրկում է նաև մակաբույծի հեռացումը ֆիբրոզ թաղանթի հետ, որը կարելի  է կատարել լյարդում էխինոկոկային բշտի եզրային տեղակայման դեպքում, ինչպես նաև լյարդի մի մասի մասնահատում՝ մակաբույծի հետ մեկտեղ:

Փակ էխինոկոկէկտոմիայի առավելություններն են.

  • Մնացորդային խոռոչի բացակայությունը, հետևաբար մնացորդային խոռոչին բնորոշ բարդությունների /մնացորդային խոռոչի թարախակալում, խոռոչից հետվիրահատական շրջանում լեղահոսություն և այլն/ կանխում։
  • Դիսիմինացիայի վտանգի բացակայությունը։
  • Հետվիրահատական շրջանում հակապարազիտար դեղորայքային բազմափուլային բուժման բացակայությունը։

Այսպիսով, պետք է հիշել, որ լյարդի էխինոկոկոզը երկար ժամանակ կարող է լինել անախտանիշ, և այն մեծամասամբ հայտնաբերվում է կամ բարդությունների ի հայտ գալուց հետո, կամ պատահական հետազոտությունների ընթացքում։ Հետևաբար կանոնավոր տարեկան մեկ անգամ առնվազն որովայնի խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտություն իրականացնելով կարելի է վաղ հայտնաբերել և հնարավորության դեպքում իրականացնել լապարասկոպիկ էխինոկոկէկտոմիա:

Հայկ Վաչագանի Հարությունյան
բժշկական գիտությունների թեկնածու,
ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ,
Աստղիկ ԲԿ վիրաբույժ
Հեռ 094881870
email:doctorhayk@yahoo.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook