Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչ անել, եթե երեխայի ատամները փչանում են

Երեխաների մոտ (հատկապես 1-3 տարեկան երեխաների մոտ) ատամների կարիեսը շատ արագ է զարգանում, ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն և պարբերաբար ստուգեն երեխաների ատամների վիճակը, քանի որ հակառակ դեպքում ատամները կարող են շատ արագ քայքայվել: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Մասնագետները նշում են, որ երեխաների կաթնատամները սկսում են ներսից քայքայվել, քանի որ ստրեպտոկոկներն ախտահարում են ատամների հյուսածքները: Այս ախտածին միկրոօրգանիզմները սովորաբար երեխային են փոխանցվում ծնողներից (օրինակ՝ թքի միջոցով համբույրի ժամանակ կամ նույն սպասքից օգտվելու դեպքում): Բացի այդ, հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև հղիության վաղ փուլերում կնոջ տարած վարակիչ հիվանդություններն ու դեղորայքի երկարատև ընդունումը, փոքրիկի ատամների սխալ հիգիենան, երեխայի թքի որակը, սննդակարգում ունեցած վատ սովորությունները (օրինակ ծծակը կամ շիշը բերանում քնելը), ինչպես նաև գիշերվա ժամերին երեխային հաճախ կամ երկարատև կերակրելը:

Շատերը կարծում են, որ կաթնատամների ախտահարման դեպքում բուժման անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք մշտական ատամներ չեն, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս խնդիրը խիստ բացասաբար է ազդում երեխայի ամբողջ օրգանիզմի վրա: Բանն այն է, որ երբեմն ատամների ախտահարման դեպքում ատամների ներսում սկում է թարախային զանգված կուտակվել, որը կարող է ախտահարել նաև փափուկ հյուսվածքները: Այս դեպքում վնասակար բակտերիաները կարող են հեշտությամբ ներթափանցել արյան մեջ և դառնալ խիստ վտանգավոր խնդիրների առաջացման պատճառ (օրինակ՝ մենինգիտ, թրոմբոֆլեբիտ, սեպսիս և այլն):

Մասնագետներն առանձնացնում են մանկական կարիեսի 4 փուլ՝ կախված ախտահարման մակարդակից.

·         Սկզբնական, որի դեպքում ախտահարվում է էմալը և պատվում է տարատեսակ հետքերով:

·         Մակերեսային, որի դեպքում ատամների հյուսվածքների մեջ անցքեր ու խոռոչներ են առաջանում և անտամները դառնում են ավելի զգայուն քաղցր, աղի ու թթու մթերքի հանդեպ:

·         Միջին, որի ժամանակ քայքայվում են կաթնատամները և միաժամանակ քայքայվում է ատամնոսկրը: Այս դեպքում անտամները դառնում են ավելի զգայուն տաք ու սառը մթերքի հանդեպ, ինչպես նաև նկատվում են կտրուկ ցավի նոպաներ:

·         Խորը, որի ժամանակ ախտահարվում են անգամ ատամների փափուկ հյուսվածքները և առաջանում են ցավոտ զգացողություններ ցանկացած սնունդ ընդունելիս:

Մանկական կարիեսի բուժումը

Մանկական կարիեսի դեպքում բուժմանը հարկավոր է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Գոյություն ունեն բուժման բազմաթիվ մեթոդներ, սակայն հարկավոր է ընտրել դրանցից ամենաանվտանգը՝ վնասվածքներից ու բարդություններից ազատվելու համար: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման դիմել բժշկին և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն փորձառու մասնագետը կարող է նշանակել անհրաժեշտ բուժումը:

Բացի այդ, հարկ է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը, ուստի հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել խնդրի կանխարգելմանը:

Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

1.      Հետևել երեխայի բերանի խոռոչի հիգիենային և սովորեցնել փոքրիկին մաքրել ատամները խոզանակով: Բացի այդ, հարկավոր է անպայման ամեն անգամ մաքրել երեխայի բերանի խոռոչը սննդի մնացորդներից:

2.      Անհրաժեշտ է նաև լրջորեն մոտենալ ատամի մածուկի ընտրության հարցին, քանի որ այն պետք է համապատասխանի փոքրիկի տարիքին, որպեսզի չդառնա թունավորման պատճառ:

3.      Որպեսզի առջևի կտրիչները չախտահարվեն, հարկավոր է թույլ չտալ երեխային քնել ծծակը կամ շիշը բերանում:

4.      Շատ կարևոր է նաև ճիշտ սննդակարգը, ուստի հարկավոր է սահմանափակել կոնֆետները, հացաբուլկեղենն ու քաղցր գազավորված ըմպելիքները: Հարկ է հիշել, որ առողջ ատամնաշար ունենալու համար շատ ավելի օգտակար կլինի բարդ ածխաջրերով, սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերքը:

Սակայն, այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ կարիեսի կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար բուժզննում անցնելն է, ուստի հարկավոր է տարեկան երկու անգամ տանել երեխային ատամնաբույժի մոտ և հսկողության տալ պահել նրա բերանի խոռոչի առողջական վիճակը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook