Sunday, April 28, 2024
Նորություններ

Հայկական արտադրության նոր սարքը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց վիրատուալ աշխարհ տեղափոխվել և այնտեղ քայլել

Վերականգնողական հատուկ սարքեր ստեղծող առաջին հայկական  «ՔայլՏեք» ընկերությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրտուալ իրականությամբ նորարարական «քայլաբեր» սարք է մշակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը պատրաստվում է զինհաշմանդամներին այդ սարքերից հատկացնել։

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ կինեզիոլոգներ թիմ են կազմում ու սկսում կամավոր կերպով աշխատել հաշմանդամություն ձեռք բերած տղաների հետ: Տարիների աշխատանքի արդյունքում մասնագետները հասականում են, որ Հայաստանը վերականգնողական սարքերի բավարար քանակ չունի և անձամբ նախաձեռնում են դրանց արտադրությունը: Այսպես է ստեղծվում վերականգնողական հատուկ սարքեր ստեղծող առաջին հայկական ընկերությունը՝ «ՔայլՏեք»-ը, որի հիմնադիրն է Դավիթ Արսենյանը։

Վերջիս խոսքով՝ սարքերից յուրաքանչյուրը ստեղծվել է ըստ անհրաժեշտության: Դավիթ Արսենյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող այն անձանց մոտ, ովքեր չեն կարողանում քայլել,  զարգանում են 30-ից ավելի հիվանդություններ, որոնց կանխարգելումն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան բուժումը:

Արսենյանը պատմում է, որ քառօրյա պատերազմից հետո իր թիմի հետ միասին հոսպիտալում բազմաթիվ դրական արդյունքներ է գրանցել, բայց հետո խնդրի առաջ կանգնել։ Նա ընդգծում է, որ գալիս է մի պահ, երբ բուժառուն պետք է գնա տուն, բայց նստակյաց կյանքի պատճառով  խնդիրները նորից գլուխ են բարձրանում։ Մտածել են՝ ինչ անել, որպեսզի իրենց աշխատանքը ջուրը չընկնի և նման սարքեր ստեղծելու գաղափարին են հանգել։ Նվիրված աշխատանքի շնորհիվ անգամ անհույս թվացող դեպքերում մասնագետները կարողանում են նորից քայլեցնել զինվորներին:

«Մի պացիենտ ունեինք։ Պատերազմի ժամանակ դիպուկահարով կրակել էին, ինչի հետևանքով գլխի վնասվածք էր ստացել։ Ուղեղի 45 տոկոսը հեռացված էր, այդ թվում նաև խոսակցական կենտրոնը։ Բոլորը վստահ էին, որ Հովոն երբեք չի խոսելու։ Միջանցքով քայլում էի, գնում էի նրա պալատ, քթիս տակ երգում էի․ «Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված, երկնքում սև ու մութ ամպեր կուտակված․․․»։ Ու այդպես մտա իր սենյակ, միանգամից լռեցի, մեկ էլ Հովոն մանկանան ձայնով շարունակեց «․․․դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն․․․»։ Մի պահ բոլորս սառած մնացինք։ Հետագայում պարզեցի, որ Գետաշենը նրանց վաշտի երգն է եղել։  Ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ, ուղեղի պլաստիկության հաշվին է դա եղել։ Վնասված կենտրոնի ֆունկցիան իր վրա է վերցնում հարևան առողջ նյարդային կենտրոնի գործառույթը։ Կարծես, դա առիթ եղավ, որ սկսեմ իմ գործունեությունը արդեն որպես «ՔայլՏեք»-ի համահիմնադիր»,- պատմեց Արսենյանը։

Համահիմնադրի խոսքով՝ ընդհուպ մինչև գլխուղեղի ծանր վնասվածքներ ունեցող տղաների հետ են աշխատել: Երբ նրանց հետազոտությունների արդյունքներն ուղարկում էին աշխարհի տարբեր հիվանդանոցներ, իրենց ասում էին՝ պացիենտը չի ապրի, իսկ եթե անգամ ապրի, կունենա «վեգետատիվ ստատուս»: Արսենյանը վստահեցնում է՝ Հայաստանում հասել են նրան, որ պացիենտները ոչ միայն հիմա ապրում են, այլև քայլում են, խոսում են: Հասկացել են, որ վերականգնողական կենտրոններն ու հիվանդանոցները չունեն տեխնոլոգիա, մինչդեռ աշխարհի տարբեր զարգացած երկրներում դրանք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Որոշակի ուսումնասիրություններից հետո որոշեցինք Հայաստանում արտադրել նման սարքավորումներ։

Դեռևս 2018 թվականին էկզոկմախք սարքի առաջին մոդելն են ունեցել, տարիների ընթացքում այն էլի ավելի են կատարելագործել: Քանի որ սարքի ստեղծումը բարդ ու ժամանակատար էր, դրա պատրաստմանը զուգահեռ ընկերությունը սկսում է մի շարք այլ սարքավորումներ նախագծել ու արտադրել. քայլաբեր, կանգնակ, կանգնակ-մահճակալ, կանգնակ-սայլակ, սայլակի էլեկտրական կցորդիչ, որը մինչև 30 կմ/ժ արագություն կարող է հավաքել:

Արսենյանը նշեց, որ հիմա թիմը աշխատում է «Քայլաբեր» սարքի վրա։

«Չքայլող մարդը կանգնում է սարքի վրա, ձեռքերով ու ոտքերով աշխատեցնում այն։ Սարքը սենսորներ ունի, որի հեղինակները ևս մենք ենք, այն միանում է վիրտուալ իրականության ակնոցներին։ Սենսորների ու ակնոցի միջոցով պացիենտը հայտնվում է վիրտուալ իրականության մեջ, որտեղ և կարող է իր առօրյա գործողությունները անել և քայլել։ Վիրտուալ իրականության շնորհիվ պացիենտը կկարողանա խաղալ օրինակ ֆուտբոլ, դահուկ խաղերը»,- նշեց նա։

«Դահուկ վիառ» խաղով նպատակ ունեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխարհով մեկ կիբերսպորտի մրցույթներ անցկացնել։ Այսինքն` հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան մտնել ծրագիր, ինչպես օրինակ՝ ZOOM-ը, Skype-ն ու Viber-ն են, իրար տեսնել արդեն վիրտուալ իրականության միջավայրում։ Սարքն ու գաղափարը չունի նմանօրինակը։ Արսենյանը վստահեցնում է, որ սարքը կնպաստի նաև կանխարգելել այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ նստակյաց կյանք վարելիս։ Նա նշեց, որ պատրաստվում են այդ սարքից նաև զինհաշմանդամներին տրամադրել։

Ընկերության ստեղծած այս սարքերն արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են հիվանդանոցներում ու վերականգնողական կենտրոններում: Զուգահեռաբար արտադրամասում դրանց կատարելագործումը շարունակվում է:«Վիրտուալ խաղերով մարզասարքերի ինքնարժեքը կարող է բավականին բարձր լինել, բայց ես փորձում եմ ամեն տեղից միջոցներ գտնել դրանց համար»,-ավելացրեց Դավիթը։

«ՔայլՏեք»-ի թիմը սարքերը զինհաշմանդամներին և այլ կարիքավորներին հասցնելու համար համագործակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Գտնում են բարեգործներին, ներկայացնում իրենց անցած ճանապարհն ու այն, թե ինչպես են սարքերը բարձրացնում մարդկանց կյանքի որակը: Դրանք նաև կրճատում են պետության առողջապահական ծախսերը՝ առաջացող հիվանդությունների կանխարգելման շնորհիվ:

Արսենյանը վստահեցնում է, որ 4-5 տարի է պահանջվում մինչև ստարտափը դառնում է փող բերող կազմակերպություն։ Խոսելով գումարներից՝ Արսենյանը շեշտեց առաջին ներդրման մասին։ Հիշում է՝ 6 միլիոն դրամ ԲՏԱ նախարարությունն էր փոխանցել:

«Գուցե, գտնվեն մարդիկ, որ կասեն, թե Դավիթը, զինվորներին օգտագործելով, բիզնես է անում: Այդ թեմային անդրադառնալ չեմ սիրում, պարզապես կասեմ, որ որևէ զինվորից գումար չեմ վերցրել ու չեմ վերցնի: Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ եթե այս ամենը բիզնես չլինի, պարզապես կմահանա: Այսպես են մեր սարքերը հասնում հիվանդանոցներ ու վերականգնողական կենտրոններ, իսկ ընկերության շահույթը մշտապես ներդնում ենք տեխնոլոգիաների զարգացման մեջ»,- վստահեցնում է Արսենյանը:

«ՔայլՏեք»-ի համահիմնադրի խոսքով՝ իրենց նպատակը Հայաստանի երբեմնի արտադրական ներուժը վերականգնելն ու զարգացնելն է:

Արսենյանի խոսքով՝ նման արտադրության համար Հայաստանը շուկա լինել չի կարող: Ընկերությունը ձգտում է միջազգային ասպարեզ դուրս գալ, որի նախադրյալներն արդեն իսկ կան՝ միջազգային հավաստագիր ստացած, որակյալ ու մրցունակ արժեքով սարքավորումներ:

Հաջորդ տարի նա ուզում է նաև դրամահավաք–արշավ (քրաուդֆանդինգ) սկսել։

«ՔայլՏեք»-ը «Քայլաբեր» սարքով ներկայացել է նաև Dubai Expo 2020-ին։

 

Կարինե Տերտերյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook